Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ինձ հոգեհարազատ է հանքարդյունաբերության մասին վարչապետի՝ նախկինում արված մեկ այլ հայտարարություն»

Օգոստոս 25,2019 00:00

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնող խմբի կազմակերպած քայլերթին մասնակցում էր նաեւ ԲՀԿ պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նա քայլերթի ընթացքում ասաց. «Մենք այստեղ լիազորված ենք ջերմուկցիների կողմից եւ ներկայացնում ենք ջերմուկցիների շահը: Երկու կարծիք լինել չի կարող, չի կարող հանքը շահագործվել, եթե ժողովուրդը դեմ է, եթե անցկացված փորձագիտական եզրակացությունը հավատ չի ներշնչում: Ինձ համար բացարձակ  անհասկանալի է, թե ինչո՞ւ է $ 400 հազար վճարվել մի կազմակերպության, որն ընդամենը վերցրել է նախորդ իշխանության ժամանակ արված տարատեսակ վերլուծությունները եւ դրանց հիման վրա տվել իր եզրակացությունները»:

Հարցին, թե վարչապետը խոստացավ, որ սկայփ-կոնֆերանս կունենա եւ հարցը նորից կքննարկեն, հետեւաբար իմաստ ունե՞ր երթ կազմակերպել, առավել եւս, որ վարչապետը լսեց ջերմուկցիներին, տիկին Զոհրաբյանը հակադարձեց. «Այս երթը վարչապետի դեմ չէ, որեւէ մեկի դեմ չէ: Մարդիկ մտահոգ են: Ես որպես լրագրող երկար տարիներ զբաղվել եմ բնապահպանական խնդիրներով եւ շատ լավ հասկանում եմ, թե այսօր Հայաստանը բնապահպանական առումով ինչ ռիսկային վիճակում է: Եթե մենք այսօր ունեենք քաղցկեղի եւ տարատեսակ հիվանդությունների կտրուկ աճ արդեն իսկ շահագործվող բազմաթիվ հանքերի եւ ֆորսմաժորների պատճառով, ես կարծում եմ, որ սա հերթական ակցիան է Ջերմուկի բնակիչների, բնապահպանների, մեր բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիների: Ես այս պահին այստեղ եմ նաեւ առաջին հերթին որպես Հայաստանի բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացի: Այնպես որ, մեկը մյուսին չի հակասում»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Նաիրա Զոհրաբյանն ի՞նչ կարծիք ունի, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ Ջերմուկ գնալը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որտեղ հանքարդյունաբերությունը եւ առողջարանային քաղաքը համատեղելի են: «Ես դա չեմ լսել, բայց հիշում եմ վարչապետի մեկ այլ ելույթ ԱԺ ամբիոնից, երբ ներկայացնում էր կառավարության ծրագիրը, թե մենք ռադիկալ պետք է վերափոխենք հանքարդյունաբերության հանդեպ մեր մոտեցումը եւ բյուջեի հիմնական մուտքերը չպիտի ձեւավորվեն մեր հանքերն անխնա շահագործելով: Ինձ հոգեհարազատ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկինում արած այս հայտարարությունը»,-պատասխանեց ԲՀԿ պատգամավորը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Բլա-բլա-բլա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031