Այսօր քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Չինաստանի Սիան քաղաքի ժողովրդական կառավարության գլխավոր քարտուղարության տեղակալ Յանգ Գոշիենգին։ Ի դեպ, 2015 թվականից Սիանն ու Գյումրին դարձել են քույր քաղաքներ։
Քաղաքապետ Բալասանյանը, որն ամուր կապեր ունի չինական այս քաղաքում, իր խոսքերով ասած՝ մեծ թվով ընկերներ կան և մոտ 10 անգամ եղել է այնտեղ ու բավական մանրակրկիտ ուսումնասիրել այս քաղաքի արդյունաբերական հնարավորությունները, Յանգ Գոշիենգիին խնդրեց օգնել վերափոխելու Գյումրու տրանսպորտային միջոցները։ Սեպտեմբերին Սիան է մեկնելու Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի գլխավորած պատվիրակությունը, Սամվել Բալասանյանը պարոն Գոշիենգիին խնդրեց փոխքաղաքապետին տանել Սիանի մեքենաշինական գործարան, որտեղ տարբեր չափերի ավտոբուսներ են արտադրվում։
«Մեզ անհրաժեշտ են տրանսպորտային միջոցներ, էլեկտրական, առանց աղմուկի աշխատող ավտոբուսները, որոնք արտադրվում են հենց ձեր մոտ՝ Սիանում ու արտահանվում են ամենուր։ Ես կուզենամ, երբ մեր պատվիրակությունը լինի Սիանում, դուք նրանց ուղեկցեք այդ գործարան, նրանք կծանոթանան ղեկավարության հետ, կբանակցեն ու գործարանից այդ ավտոբուսները կուղարկվեն Գյումրի։ Իհարկե, կբանակցենք, ինչ տարբերակով գնենք, միգուցե բանկի միջոցով, բայց որ մեզ անհրաժեշտ են ավտոբուսներ, դա միանշանակ։
Կարդացեք նաև
Մեր պատմական քաղաքը վերածվում է տուրիստական քաղաքի և մեզ այդ էլեկտրոնային ավտոբուսները շատ անհրաժեշտ են։ Ուզում եմ փոխել Գյումրու բոլոր տրանսպորտային միջոցները»,-ասաց Սամվել Բալասանյանը։
Գյումրու քաղաքապետը նաև ասաց, որ չինական ավտոբուսներ 5-6 տարի առաջ Գյումրի բերել են, քաղաքը գնել է, հիմա էլ դրանք աշխատում են, բայց արդեն հին են, անհույս։
Չինական կողմը նշեց, որ իրենց մոտ տարբեր չափերի ավտոբուսներ են արտադրվում, Սամվել Բալասանյանն ասաց, որ 25 տեղանոցը Գյումրու համար նորմալ կլինի։
Նա չինացիներն առաջարկեց նաև երկուստեք ֆիրմային խանութներ հիմնել․ Գյումրիում հիմնել չինական խանութ, իսկ Սիանում՝ հայկական, որտեղ կվաճառվեն Հայաստանում արտադրված տարբեր ապրանքներ։
Ի դեպ, չինական կողմը Գյումրու քաղաքապետին տեղեկացրեց, որ տրանսպորտային միջոցներ արտադրող ընկերությունը կոչվում է BYD:
Մենք համացանցում տեղադրված նյութերից տեղեկացանք, որ չինական մասնավոր այս ընկերության ավտոբուսները մեծ պահանջարկ ունեն աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական շատ ու շատ երկրներում՝ Հունգարիայում, Շվեդիայում, Նիդեռլանդներում և այլուր։ Այն երկրներում, որոնք մտահոգ են շրջակա միջավայրի պահպանությամբ․ այս ավտոբուսները, այսպես ասած, զրոյական արտանետումներով տրանսպորտային միջոցներ են․ ստեղծված են օդը մաքուր պահելու։
Պատահական չէ, որ BYD-ը մոտ 250 միլիոն դոլարի ներդրում է կատարել Հյուսիսային Ամերիկայում՝ ապահովելով տրանսպորտային միջոցներ ԱՄՆ-ի 14 նահանգներում ու Կանադայի 4 շրջաններում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ