Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին բացակայում են որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու հիմքերը». ՔԿ-ն՝ Ամուլսարի գործի մասին

Օգոստոս 24,2019 17:26

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ ՀՀ քննչական կոմիտեն օգոստոսի 23-ի ամփոփ տեղեկանքով հրապարակել է որոշակի տվյալներ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ ՔԿ վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ: Հիշեցնենք, որ դեռեւս 2018թ. հուլիսին հարուցվել է քրեական գործ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ:

Տեղեկանքում ասվում է, որ 2019թ. մարտի 18-ին քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Վերջիններս ձեռնամուխ են եղել փորձաքննության իրականացմանը:

Համալիր փորձաքննության շրջանակներում միջազգային փորձագիտական խմբի կողմից իրականացվել է՝

1.Ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատում (Սևանա լիճը, Սպանդարյան-Կեչուտ թունելը և ջրամբարը, Արփա, Դարբ և Որոտան, Ջերմուկի աղբյուրները, ստորգետնյա ջրային ավազանները),

2.Երկրաբանության վրա ազդեցության գնահատում, 3.Կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատում, 4.Օդի որակի վրա ազդեցության գնահատում,

5.Համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջ քաշված թվով 15 հարցերի օբյեկտիվ պարզաբանում:

2019 թ. մարտի 28-ին ՀՀ քննչական կոմիտեում, համաձայն նախապես կազմված օրակարգի, վարույթն իրականացնող մարմնի գլխավորությամբ տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ փորձագիտական խմբի և տեղական փորձագետների, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչների, ոլորտի այլ մասնագետների և կառույցների ներկայացուցիչների հետ: Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը փորձագետներին ներկայացրել է Ամուլսարի նախագծի երկրաբանության և ջրային ռեսուրսների վերաբերյալ պրեզենտացիա: Փորձագիտական խումբը մարտի 29-ին, վարույթն իրականացնող մարմնի գլխավորությամբ, այցելել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայր, այնուհետև՝ հանքի ապարների ստուգման, երկրաբանական փորձանմուշների նախապատրաստման և մշակման լաբորատորիա:

Քրեական գործի հարուցումից հետո վարույթն իրականացնող մարմինը իրականացրել է մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, կատարվել են առգրավումներ, հարցաքննություններ, այլ դատավարական գործողություններ: Քննության ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից առգրավվել էն «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից կազմված և լիազոր մարմնին ներկայացրած ողջ փաստաթղթերը, այդ թվում նաև՝ ՇՄԱԳ, ԲՍԱԳ հաշվետվությունները, դրանց կից հավելվածները, պետական այլ մարմիններից ուսումնասիրման համար պահանջվել և ստացվել են մեծածավալ նյութեր և փաստաթղթեր: Նախաքննության ընթացքում ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ստացվել և փորձագետներին են տրամադրվել.

  • «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից կազմված և լիազոր մարմնին ներկայացված ՇՄԱԳ հաշվետվությունը՝ կից հավելվածներով, որը ՀՀ քննչական կոմիտեի միջոցով թարգմանվել է անգլերեն,
  • «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից կազմված և լիազոր մարմնին ներկայացված ԲՍԱԳ հաշվետվությունը՝ կից հավելվածներով,
  • «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարույթն իրականացնող մարմնի միջոցով փորձագետներին տրամադրվել է փորձագետների կողմից պահանջված շուրջ 300 անուն փաստաթղթեր և ելակետային տվյալներ, որոնցից միայն փաստաթղթերը՝ շուրջ 20.000 թերթ:…

Հունիսի 19-ին փորձագետների խումբը ժամանել է Երևան, որտեղ 20-ին և 21- ին փորձաքննության արդյունքները ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին: Հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել վարույթն իրականացնող մարմնի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների հետ: Նախնական եզրակացության ուսումնասիրման արդյունքում վարույթ իրականացվող մարմնի կողմից հունիսի 24-ին որոշում է կայացվել «Լիդիան Արմենիա» ընկերությանը ներգրավել որպես փորձաքննության կողմ, տրամադրվել է հունիսի 14-ին ստացված ամբողջական նախնական եզրակացությունը: Հունիսի 27-ին փորձագետների խմբի և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների միջև ՀՀ քննչական կոմիտեում վարույթն իրականացնող մարմնի մասնակցությամբ տեղի է ունեցել Սկայպ կոնֆերանս զանգ: Նույնօրինակ կոնֆերանս զանգ օդի որակի և կենսաբազմազանության թեմայով տեղի է ունեցել 2019 թ. հուլիսի 1-ին:

Հունիսի 28-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է երկրաբանության և ջրային ռեսուրսների վերաբերյալ նախնական եզրակացության՝ իր մեկնաբանություններն ու պարզաբանումները: Նույն օրը փորձագետները «Լիդիան Արմենիա» ընկերության պարզաբանմանն են ուղարկել 12 լրացուցիչ հարցեր, որոնք պատասխանվել են հուլիսի 3-ին: Իսկ հուլիսի 4-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է կենսաբազմազանության և օդի որակի վերաբերյալ նախնական եզրակացության՝ իր մեկնաբանություններն ու պարզաբանումները:

Համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը՝ վերջնական սրբագրված, 2019 թվականի օգոստոսի 7-ին փորձագետների կողմից ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին: Վարույթն իրականացնող մարմինը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում, նախաքննության ընթացքում սույն քրեական գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով՝ հավաքել, ստուգել և գնահատել է գործով ձեռք բերված ապացույցները: Սույն քրեական գործով համալիր փորձաքննության եզրակացությունը հանդիսանում է ապացույց, ինչը գնահատվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաքննության ընթացքում ձեռք բերված այլ փաստական տվյալների համակցության մեջ: Քննության ընթացքում համալիր փորձաքննության եզրակացությունը չի հերքվել քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցներով, հետևաբար՝ վարույթն իրականացնող մարմնի հետևությունները բխում են վերը նշված փորձաքննության և գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների՝ իրենց համակցության մեջ գնահատման արդյունքներից:

Այսպիսով, վերլուծելով և գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ նախաքննության ներկա փուլում՝ այս պահին, բացակայում են «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու համար որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու հիմքերը:

 

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031