Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին․ ՀԲՃ

Օգոստոս 24,2019 16:10

Ամուլսարում ռադիոակտիվ տարրերի առկայության մասին խոսվել է շատ վաղուց։ Համաձայն դեռ 2007 թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 %: Ամուլսարի երևակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում՝ ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա:

Նշենք, որ «Գեոթիմ» (ներկայումս «Լիդիան Արմենիա») ընկերության ղեկավարները՝ մասնավորապես նաև գիտնականի որդի Հայկ Ալոյանը, ամբողջությամբ հերքում են Գ. Պ. Ալոյանի այդ հոդվածի գիտական արժեքը (տես 2011թ-ի այս հոդվածը):

ՀԲՃ-ի ձեռքի տակ կա «Ամուլսարի որոնողահետախուզական խմբի» կողմից 1952-1954թթ․ կատարված ուրան-թորիումի երևակման գնահատման աշխատանքների 126 էջից կազմված համապարփակ հաշվետվությունը (ռուսերեն), որտեղ կան հստակ փաստեր Ամուլսարի տարածքում ուրանի և թորիումի հանքայնացումների մասին։

Իսկ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանի 2018թ․ օգոստոսի 10-ի եզրակացության մեջ նշված է, որ Ամուլսարում պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքը մասամբ համընկնում է 1952-1954թթ․ կատարված ուսումնասիրությունների տարածքի հետ՝ ինչը լիարժեք գնահատված չէ Լիդիան ընկերության հաշվետվությունների մեջ։

Դմիտրի Առաքելյանի եզրակացության մեջ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի վերաբերյալ մասնավորապես գրված է հետևյալը․

«1) «Գեոթիմ»-ի կողմից ներկայացված ինժեներաերկրաբանական հորատանցքերի և խուզահորերի տեղադիրքերի և քանակների  տվյալները բավարար հիմնավորում չեն կարող հանդիսանալ դատարկ ապարների լցակույտի պահեստավորման համար։ Մասնավորապես 5 հատ փորված հորատանցքերը (GRE-B8, GRE-B6, GRE-B10, GRE-W1, GRE-B6A) տվյալ տարածքի (մոտ. 2-2.5կմ2 տարածքում) վերաբերյալ չեն կարող տալ ամբողջական պատկեր ինժեներաերկրաբանական պայմանների մասին ըստ  ինժեներաերկրաբանական 1։500մ, 1։1000մ, 1։2000մ կոնդիցիաների (նկ.1)։

2) Բացակայում են  ինժեներաերկրաբանական երկայնական և լայնական կտրվածքներ ըստ հորատանցքերից ստացված գրունտների ֆիզիկոմեխանիկական հատկությունների տվյալների, որոնք անհրաժեշտ է ներկայացնեն  ինժեներաերկրաբանական էլեմենտները, գրունտային ջրերի մակարդակը և այլ պարամետրեր ըստ պահանջվող նորմատիվների։ Փորված հորատանցքերը (TP-774, TP-775, DDAG-392, BH-606, DDAG-387 և այլն) և կատարված աշխատանքները հիմնականում ընդգրկում են և հիմնավորում են քարաջարդման, ավտոպարկի և այլ հանքշահագործման ինֆրակառույցների տարածքների կառուցումը և շահագործումը։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները իրականացված են ոչ լիարժեք և չեն ապահովում անհրաժեշտ տեղեկատվություն ներկայիս  իրավիճակի գնահատման համար։

Ընկերության ներկայացրած հաշվետվություններում շատ մակերեսորեն ներկայացված են նախկին տարիների կատարված աշխատանքները։ Այդ հաշվետվություններից մեկում ուսումնասիրման պատմությունը սկսվում է Կոտլյառի կողմից և անմիջապես անցում է կատարվում 1955թ.-ի հաշվետվություն։ 2008-2016թթ. ներկայացված են միայն «Գոլդերի» փորձագետների աշխատանքները և ընկերության հաշվետվությունները, սակայն 1952-1954թթ. պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի վրա  «Ամուլսարի որոնողահետախուզական խմբի, 1955թ.» կողմից կատարվել են ուրան-թորիումի երևակման գնահատման աշխատանքներ վերջնական հաշվետվությամբ՝ 1955թ.-ին։

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՃԱԿԱՏ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031