Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ-ի տվյալները՝ Ամուլսարի գործով նախաքննության մասին. «Գեոթիմ»-ը ոչ լրիվ ծավալով է հաշվի առել շրջակա միջավայրի քիմիական աղտոտման ռիսկերը»

Օգոստոս 24,2019 14:46

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ ՀՀ քննչական կոմիտեն օգոստոսի 23-ին ամփոփ տեղեկանքով հրապարակել է որոշակի տվյալներ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ ՔԿ վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ: ՔԿ-ն հիշեցնում է, որ դեռեւս 2018թ. հուլիսին ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ:

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ «Գեոթիմ» ՓԲ ընկերությունը դեռևս 2009 թ.-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանն է ներկայացրել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի երկրաբանա-հետախուզական աշխատանքների արդյունքները՝ պաշարների վերաբերյալ, որոնք հաստատվել են լիազոր մարմնի կողմից: Պարզվել է նաև, որ 2009, 2012, 2014 և 2016 թվականներին «Գեոթիմ» («Լիդիան Արմենիա») ՓԲ ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի նախագծի ՇՄԱԳ (շրջակա միջավայրի ազդեցության գնահատման) հաշվետվություններ և ստացել է դրական եզրակացություններ:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են էկոլոգիական ոլորտի մասնագետներ, բնապահպաններ, հ/կ-ների ներկայացուցիչներ, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներ, առգրավվել են ոլորտի վերաբերյալ մեծածավալ նյութեր և փաստաթղթեր: Քննության ընթացքում էկոլոգիական բնագավառի մի շարք մասնագետներ ցուցմունքներ են տվել, որ «Գեոթիմ» ՓԲ ընկերությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվությունում ոչ լրիվ ծավալով է հաշվի առել շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վերաբերյալ վտանգավոր ռիսկերը, քանի որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետևանքով հանքավայրի ողջ մակերեսով տեղի կունենան երկրաբանական և երկրաքիմիական փոփոխություններ, որոնց արդյունքում կփոխվեն ոչ միայն վերգետնյա, այլև ստորգետնյա ջրերի քիմիական բաղադրությունը, ինչն էլ անվերականգնելի վնաս կհասցնի էկոհամակարգին: Մինչդեռ, վերը նշված հաշվետվություններում վտանգավոր ռիսկերը չեզոքացնելու վերաբերյալ մշակված մեխանիզմները հուսալի և հիմնավոր չեն:

Քրեական գործի մասին այլ մանրամասները՝ առաջիկայում

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031