Լրահոս
Օրվա լրահոսը

Բարթլեթի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը», գումարած 70-ականների հագուստներով մարդիկ ու կապույտ Սեւանը

Օգոստոս 24,2019 14:21

«Պետք է մի կողմ թողնել այն ամենը, ինչ սահմանափակում է մեզ», «Դու ազատ ես այստեղ և այժմ լինելու ես այնպիսին, ինչպիսին քո ես-ն է, քո իսկական ես-ը, և ոչինչ չի կարող խանգարել քեզ», «Աչքերիդ մի հավատա, նրանք տեսնում են միայն խոչընդոտները, դու մտքով նայիր, ըմբռնիր այն ամենն, ինչ արդեն գիտես, և կտեսնես թռիչքի տանող ճանապարհը»: Այս ուղերձ-մեջբերումները ամերիկացի գրող, փիլիսոփա եւ օդաչու Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» բեսթսելլեր համարվող նովելից են, որ յուրատեսակ  դաս է՝ երջանկության հասնելու ճանապարհին:

Խորհրդային մոդեռնիզմի լավագույն նմուշներից մեկում՝  Գեւորգ  Քոչարի եւ Միքայել Մազմանյանի կողմից 1932 թ. նախագծված Սեւանի գրողների ստեղծագործական տանը օգոստոսի 23-ին տեղի ունեցավ Բախի նովելի հիման վրա 1973 թ. ստեղծված ֆիլմի դիտում-քննարկումը:  Մտահղացման հեղինակ եւ միջոցառման կազմակերպիչ Դիանա Մարտիրոսյանը նշեց, որ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ֆիլմի դիտում-քննարկման նպատակն էր վերաարժևորել գրքում առաջ քաշված գաղափարների դերը յուրաքանչուրի կյանքում, ներկայացնել մեծ երազանքներին հասնելու բարդ ուղին և այդ ճանապարհին առկա խոչընդոտները:

Նա հավելեց, որ Երեւանյան «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի նախապատրաստական աշխատանքների ժամանակ էին Սեւանի գրողների տան տարածքը դիտարկել՝ որպես օրիգինալ միջոցառումներ կազմակերպելու վայր և ափսոսանք  հայտնել, որ բոլոր միջոցառումները տեղի են ունենում հիմնականում Երևանի կենտրոնում, մինչդեռ Հայաստանն ունի  մեծ նախադրյալներ մարզերում մշակութային կյանքն ակտիվացնելու համար:

Ռեժիսոր Հոլլ Բարթլեթի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ֆիլմն Ամերիկյան կինոյի ինստիտուտի կողմից ընդգրկվել է «Հարյուր ամենամոտիվացնող ֆիլմերի» ցանկում: Ֆիլմի երաժշտության (soundtrack) ալբոմը, որը թողարկվել է հայտնի երաժիշտ Նեյլ Դայմոնդի կողմից, արժանացել է «Գրեմմիի» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների:

Գեղեցիկ այս միջոցառումը, որ հնարավորություն դարձավ իրականացնել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության աջակցությամբ, յուրահատուկ էր նաեւ նրանով, որ ֆիլմի հանդիսատեսը կրում էր 70-ականներին բնորոշ կապույտ ու սպիտակ գույներով հագուստ: Միջոցառման PR-գործընկեր SPRING PR ընկերության PR պատասխանատու Մարիամ Սաֆարյանն «առանց փակագծեր» բացելու նշեց առաջիկայում կայանալիք եւս մեկ խենթ նախագծի մասին, որի  համատեքստում էր նաեւ այս ցուցադրությունը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031