Անկեղծ և առանց ենթատեքստի խնդրանք, խորհուրդ և նկատառումներ մեր երկրի նախ և առաջ քաղաքական պատասխանատուին․
1. Խորհուրդ եմ տալիս, որպես քաղաքացի և որպես քաղաքական ռեժիմների և համակարգերի մասնագետ: Որքան էլ Ամուլսարի թեման կամ մի շարք այլ թեմաներ, որոնք ապագայում նյարդային և հասարակական լայն հնչեղության կամ մեկնաբանման առիթ կամ լրահոսի թոփ թեմա դառնան և Ձեզ ստիպեն անդրադառնալ և մեկնաբանել այդ թեմաները, մի պահ կանգ առեք, պաուզա վերցրեք, եղեք բացարձակապես ոչ էմոցիոնալ, սպասեք հասարակական նյարդային կրքերի հանդարտմանը, թույլ մի տվեք, որ ինֆորմացիոն «լավան» կամ stream-ը Ձեզ ուղղորդող դառնան: Հենց հիմա զգացվում է Ձեր նյարդային, անինքնավստահ գործելաոճը, չափից դուրս ֆեյսբուքա-ակտիվ քաղաքական հոգնեցնող վարքը: Հասկանում եմ, որ Ձեր մասնագիտական կախվածությունը կամ ժողովրդահաճ և ժողովրդամետ լինելու քաղաքական ֆորմուլաները շատ գայթակղիչ են, սակայն հավատացեք, որ դա այլևս Ձեր լեգիտիմության բազան սնուցող մեթոդ չէ:
2.Այլևս Դուք գտնվում եք քաղաքական որոշումների և դիլեմաների հանգուցալուծման պատասխանատվության ժամանակահատվածում, երբ պետք է մի կողմ թողնեք ժողովրդահաճությունը: Դա ժամանակի ընթացքում յուրաքանչյուր քաղաքական լիդերի առջև ծառացող խնդիր է և ընտրություն, որից որևէ լիդեր դեռ չի կարողացել խուսանավել: Դարձեք վերջապես սպասված, հետաքրքիր և վերջնականապես վստահելի` խոսքի, գործի և լուծումների մեջ, այլ ոչ թե բացարձակ կանխատեսելի Ձեր մեթոդաբանությամբ, ինչի առումով վերապահումները բազմաթիվ են: Այնպես փորձեք անել, որ Ձեր կողմից ստեղծված և գեներացված քաղաքական բովանդակությանը և արդյունքին սկսեն քիչ թե շատ հավատալ ձեր օպոնենտները: Առհասարակ վերջ տվեք միայն Ձեր ընտրազանգվածի հետ աշխատելու գործելաոճին, փորձեք համոզիչ և հիմնավոր արգումենտներով առաջ գնալ, որպեսզի պոպուլիստի տխրահռչակ պիտակավորումը քիչ թե շատ կարողանաք թոթափել:
3.Աշխատե՛ք, չափից շատ աշխատեք և շփվեք բացառապես պրոֆեսիոնալ և ոլորտային փորձագետ-մասնագետների և տեխնոկրատների հետ: Այնպես արեք, որ նրանք տարբեր տեսակետներ ունենան և Ձեր ներկայությամբ տեսլականների և լուծումների բախում տեղի ունենա: Այդ դեպքում Դուք կունենաք քիչ թե շատ հիմնավոր որոշումների ընտրության հնարավորություն: Հավատացեք, այդ մասնագիտական ռեսուրսի անտեսումը շատ մեծ շռայլություն կլինի թե՛ մեր երկրի և թե՛ Ձեզ համար: Վերջ տվեք անիմաստ և իրեն այլևս սպառած «սևսպիտակիզմին», այն արդեն սկսել է աշխատել Ձեր դեմ: Մեր երկրում կա լրջագույն մասնագիտական հանրույթ, որը շոկի մեջ է Ձեր ոլորտային քաղաքականության և այն իրականացնողների ոչ միայն ոչ պրոֆեսիոնալիզմից, այլ մասնագիտական անգրագիտությունից: Դրա վկան են Ձեր ձախողված քաղաքական օրակարգերը:
Կարդացեք նաև
4.Որոշ ժամանակահատվածով մեկուսացեք Ձեր քաղաքական թիմից և լսեք այլ կարծիքներ և գնահատականներ: Դա Ձեզ կօգնի նախ որոշակի ժամանակահատվածով քաղաքականապես «օյաղանալ», ինչպես նաև գնահատել և հետևել Ձեր թիմի ունակություններին և սթափ գնահատել նրա պոտենցիալը և խոտանները: Միևնույն ժամանակ կատեգորիկ վերահսկելի պահեք հենց այդ «թիմի անդամներին»․ մարդկային վատ բնույթը, քաղաքական շահամոլությունը և հատկապես Ձեր կողմից թույլ տրվող փոքր չկողմնորոշվածության կամ թուլության նշույլները կարող են շատ արագ թիմի առումով Ձեզ լուրջ անակնկալներ մատուցել: Հատկապես, եթե հաշվի առնենք թիմի անօրգանական կազմը և քաղաքական, մասնագիտական «բոբիկությունը»: Միշտ հիշեք, որ նրանք օրգանական միասնության մեջ են եղել Ձեզ հետ միայն մերժելու և հեղափոխելու օրակարգով, այլ ոչ թե նորի ստեղծման վերաբերյալ միասնական, մշակված և գաղափարական հիմքով: Այստեղից է նաև Ձեր գաղափարախոսական պատկանելիության մերժման հիմքը և վախը առ այն, որ դրանով Դուք ևս մեկ առիթ կստեղծեք Ձեր անօրգանական հեղափոխական պլատֆորմի ճեղքման համար: Ձեր լեգիտիմության բնականոն անկումը սկսվել է դեռևս ընտրությունների հաջորդ օրվանից, իսկ այն քիչ թե շատ կոմպենսացնող քաղաքական թիմի օգտակար գործողության գործակիցը զրո է, իսկ քաղաքական պատասխանատուն Դուք եք և միայն Դուք, այլ ոչ թե նրանք:
5.Վերջ տվեք այս դեստրուկտիվ, այլասերող ֆեյքակրատիային: Դուք նախ և առաջ հաղթել եք վիրտուալ իրականությունում և կարծում եմ հենց այնտեղ էլ պարտվելու եք: Սակայն այլևս որպես պետական գործիչ և առաջնորդ կարող եք և պետք է այս սոցիալական ուղղորդող և կարծես ազդեցության լոբբիստ հանդիսացող թմրադեղի համակարգվող գործունեությանը վերջ տալ: Այն մեծագույն վնասը, որը այս ֆեյքակրատիան հասցնում մեր սոցիումին, տեսակին, ընկալումներին և քաղաքական մշակույթին, այլևս կարող է անվերականգնելի լինել: Ասում եմ շատ ուղիղ, բոլորը խոսում են և տեսնում են Ձեզ անբնական աջակցող և անմարդկային անտոգոնիզմ սերմանող «ֆեյքերի» և դրանք կառավարող «ֆեյքֆաբրիկաների» մասին: Սրան պետք է վերջ տալ, որքան էլ դա Ձեր համար անցանկալի լինի և քաղաքական շահի և ժամանակակից քաղտեխնոլոգիաների ազդեցության առումով չբխի Ձեր շահերից: Այս անհանդուրժողականության, չարության, մաղձի և հոգեբանական բռնության լաբորատորիաներին պետք է վերջ տալ: Անմարդկային երկուստեք ատելությունը և պրոպագանդան այլևս դարձել են անտանելի և չափազանց վտանգավոր և դրա վերջը պետք է տաք հենց Դուք:
6.Վերջապես սովորեք Ձեզանից առաջ այս երկիրը կառավարած լիդերներից և պետական գործիչներից: Քիչ թե շատ վերցնելով նրանցից լավը և օրինակելին: Հավատացեք, դա Ձեզ օգտակար կլինի: Մի կողմ դրեք կույր և անհեռատես քաղաքական անբարտավանությունը, դա Ձեզ շուտով կսկսի խանգարել, եթե ոչ կործանել: Դուք մեր պետության նախկին առաջնորդներից ոչ լավն եք, ոչ վատը և ոչ էլ դեռ մտել եք կառավարման բազմաշերտ քաղաքական պատասխանատվության և որոշումների ընդունման ծանրության տակ, ինչպես նրանք: Ձեր պարագայում ամեն ինչ դեռ առջևում է: Նրանք ևս լուծել են խնդիրներ և դիլեմաներ, թերևս շատ ավելի բարդ և զգայուն, քան Դուք հիմա եք փորձում լուծել, սակայն հասկացել և գնահատել են հասարակության առջև իրենց պատասխանատվության, հանդարտության կարևորությունը, այլ ոչ թե քիչ թե շատ հնարավորության դեպքում հասարակությանը դարձրել են ինչ -որ իրողության և խնդրի online դիտորդ: Այս ընկալումները որևէ առնչություն չունեն թափանցիկ աշխատելոճի կամ հաշվետվողականության հետ: Հավատացեք, որ ոչ միշտ և ոչ բոլոր պարագաներում է անհրաժեշտ, որ պետության առաջնորդը լինի այդքան թափանցիկ՝ ինչպես Դուք: Արդյունքում ոմանք Ձեր թափանցիկության մեջ տեսնում են անվստահություն, ոմանք կեղծավորություն, ոմանք Ձեր անձնական քաղաքական շահը և ոմանք նաև թուլությունը և անպատրաստվածությունը: Մինչդեռ պետք է հանդես գալ շատ ինքնավստահ և վերջնական լուծման բանալին արդեն գտած, համոզիչ դիրքերից և հիմնավորումներով:
P.S. Կետերս, հորդորներս և վերապահումներս շատ են և երկար: Ունեն բացառապես սրտացավ և տագնապային հիմքեր: Գիտեմ՝ շատերը կգնահատեն այս նկատառումներս անիմաստ և անտեղի, իսկ մյուսները թերևս կհամաձայնվեն, սակայն բոլոր ազնիվ և անշահախնդիր հորդորներիս հիմքում ոչ թե Ձեր անձնական քաղաքական հաջողության ցանկությունն է, այլ Իմ երկրի քիչ թե շատ չձախողվելու և անդառնելի սխալներից խուսափելու ցանկությունը: Ձեր սրընթաց ձախողումը ևս Իմ երկրի, այսինքն Իմ շահերից չի բխում:
Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ, «ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ
Նույնիսկ ընդունելով Ձեր կոչի ողջամիտ ակնարկները չեմ հավատում Ձեղ և Ձեր կուսակցությանը երկու պատճառով՝ Արթուր Ղազինյանը, լինելով այդ կուսակցության հիմնադիր ինձ համար վարկաբեկիչ փաստ է, երկրորդը՝ կուսակցությունների վերաբերյալ օրենքի բացակայության պայմաններում, երբ պապաներից մեծ փողեր ժառանգած ամեն տեսակի, կներեք, ավանտյուրիստների ճանապարհը բաց է դեպի կառավարություն, շատ վտանգավոր է վստահել նորաստեղծ կուսակցություններին։ Մի “Ադեկվատն” էլ դուք եք։ Նրանք Սարգսյանի փոխերով, դուք էլ Ղազինյանի։
ճանապարհը դեպի իշխանություն բաց է