Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջին անգամ է, որ ՀԿ-ները ՀՀ կառավարությունից գումար են ստանում Արցախում դիտորդական առաքելության համար․ «Հրապարակ»

Օգոստոս 24,2019 11:43

Կառավարությունն իր վերջին նիստում ուշագրավ որոշում կայացրեց՝ իր պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացնել 33,68 մլն դրամ: Այդ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է ուղիղ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին (16,2 մլն դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին» (17,4 մլն դրամ): Այս գումարով 2 ՀԿ-ները պետք է դիտորդական առաքելություն իրականացնեն Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգողը Դանիել Իոաննիսյանն է, ով վերջերս սկսել է ակտիվորեն պաշտպանել Նիկոլ Փաշինյանի տեսակետն Ամուլսարի հարցում։ Եվ սա կասկածի տեղիք է տվել, որ կառավարությունը հենց սրա համար է այս ՀԿ-ին գումար հատկացրել։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում» էլ ժամանակին աշխատում էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ ուրիշներ։ Ու նրանց հետ առնչվող ՀԿ-ներն այսօր կառավարությունից ֆինանսավորում են ստանում։ Նախկինում երբեւէ չի եղել նման բան։

Արցախի ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը մեզ հետ զրույցում ասաց, թե չի հիշում, որ նախկինում Հայաստանից որեւէ կազմակերպություն մասնակցած լինի Արցախում որեւէ ընտրության, այդ թվում՝ ՏԻՄ ընտրություններին` որպես միջազգային դիտորդ։ Նա նշեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հանդես է գալու որպես տեղական դիտորդ, քանի որ արդեն գրանցվել է Ստեփանակերտում, իսկ «Թրանսփարենսի ինթերնեշնլը»՝ որպես միջազգային դիտորդ։ Արզումանյանի խոսքով՝ այս երկու ՀԿ-ից զատ, այլ կազմակերպություն իրենց չի դիմել դիտորդություն իրականացնելու համար։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն էլ մեզ ասաց, որ նախկինում իրենք երբեւէ դիտորդություն չեն իրականացրել Արցախում, սա առաջին անգամն է։ Առաջին անգամ է նաեւ, որ իրենք ՀՀ կառավարությունից գումար են ստանում նման առաքելության համար եւ ոչ միայն։ Իսկ ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ կառավարությունը որոշեց իրենց ՀԿ-ին գումար հատկացնել։ Հոկտանյանը հղում արեց վարչապետին, որ կառավարության ղեկավարն իր ելույթում ասաց այդ մասին։ Իսկ իրենք նախապես գիտեի՞ն, որ կառավարությունից գումար են ստանալու, Հոկտանյանն ասաց․ «Ոչ․․․ գիտե՞ք, մանրամասների համար դիմեք մեր գործադիր տնօրենին, թե պրոցեսն ինչ ձեւով է եղել, այսինքն՝ դիմելը, ստանալը․․․ այնպես չի եղել, որ ուղղակի մեզ ասացին՝ տալիս են եւ վերջ»։

Նկատեցինք, որ կառավարության կողմից իրենց գումար հատկացնելը տարբեր քննադատությունների ու շահարկումների առիթ է տվել, որ կառավարությունն իրեն մոտ կանգնած կազմակերպություններին է ֆինանսավորում, այդ թվում՝ այն ՀԿ-ներին, որոնք դրսից, ի մասնավորի՝ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում ունեն, ինչպիսին իրենց ՀԿ-ն է։

«Նորից եմ ասում՝ նախ մենք դիմել էինք, իսկ մանրամասները եւ նաեւ գնահատականները Ձեր հարցերի կարող է տալ մեր գործադիր տնօրենը»,- ասաց նա։ Հարցին՝ երբեւէ եղե՞լ է, որ նախորդ իշխանությունները դիմեն կառավարությանն ու թեկուզ մերժում ստանան, Վարուժան Հոկտանյանը տվեց բացասական պատասխան։ «Նախորդ իշխանությունները, ես ինչքան հիշում եմ, նաեւ դիտորդության համար երբեք որեւէ մեկին գումար չեն տրամադրել։ Եվ դիմող էլ, չգիտեմ, եղե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց նա` հավելելով, որ նախկինում իրենք դիտորդություն իրականացրել են իրենց ստացած դրամաշնորհներով։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031