Ամուլսարի հանքավայրի շուրջ առաջացած աղմուկն ինձ հիշեցրեց հեռավոր 1989 թ. մի ուշագրավ դիպված։
Դեռևս ԽՍՀՄ «պերեստրոյկայի» տարիներին Հայկական ԽՍՀ-ում, Գրողների Միությունում սկսվել էին բնապահպանական քննարկումներ։ Քննարկումները հիմնականում վերաբերում էին Մեծամորի ատոմակայանին և «Նաիրիտին»։ Ամենախիստ որակումներով հատկապես ելույթ էին ունենում Սիլվա Կապուտիկյանն ու Կարեն Սիմոնյանը։ Իսկ արդեն 1988-ին այն ժամանակ ամենայն հայոց «փրկիչ» Խաչիկ Ստամբոլցյանը ատոմակայանն ու «Նաիրիտը» անվանում էր «հրեշներ», որոնք հարցականի տակ էին դնում հայ ժողովրդի ապագան։
Արդեն 1989 թ. աշնանը համաժողովրդական հսկայական ճնշման տակ ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը նիստ հրավիրեց քննարկելու «Նաիրիտի» փակման հարցը (Ատոմակայանն արդեն 1989 թ. փետրվարին ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի որոշմամբ փակվել էր, որպես սեյսմիկ գոտում վտանգավոր օբյեկտ, հաշվի առնելով 1988 թ. երկրաշարժը)։ Նիստին մասնակցելու և ելույթ ունենալու համար անցաթղթեր էին ստացել շարժման մի քանի մասնակիցներ, այդ թվում՝ Հակոբ Սանասարյանն ու տողերիս հեղինակը։
ԳԽ նիստում ես և Հակոբ Սանասարյանը բոցաշունչ ելույթներ ունեցանք, ներկայացնելով այն «ահավոր» վտանգները, որ սպառնում էին «Նաիրիտի» արտանետումները։ Եվ, Օ ՀՐԱՇՔ, Գերագույն Խորհուրդը որոշում ընդունեց «Նաիրիտի» փակման մասին։ Բոլորս ցնծության մեջ էինք, և Հայոց համազգային շարժումը հայտարարեց երեկոյան Մատենադարանի հարակից տարածքում հանրահավաք՝ նշելու մեծ հաղթանակը։ Ես էլ ոգևորված՝ շուրջ մեկ ժամ առաջ գնացի «Միջանցահովիկ» սրճարան՝ սրճելու, ծանոթներիս հետ զրուցելու և ուրախանալու։
Սրճարանում հանդիպեցի ՀՀՇ-ի թունդ ընդդիմախոսներին՝ Ֆելիքս Հարությունյանին (Խելոք Ֆելո), Ֆելիքս Սաֆարյանին (Չաղ Ֆելո), նկարիչ, դաշնակցական Սեյրան Խաթլամաջյանին և այլոց։ Չնայած գաղափարական տարաձայնություններին, նրանց հետ ջերմ հարաբերությունների մեջ էի։ Սկսվեց հերթական քաղաքական վեճը։ Անզիջում էր հատկապես Խելոք Ֆելոն։ Ասացի.
– Լավ, ընկեր Հարությունյան, ի վերջո, այսօր որոշում կայացվեց «Նաիրիտի» փակման։ Սա լա՞վ էր, թե՞ վատ։
Խելոք Ֆելոն պատասխանեց.
– Փակեցիք, վաղը կգաք իշխանության՝ կբացեք։
Ահավոր բարկացա։
– Ուրեմն ի՞նչ, այս ամենը՞…
– Այո, իշխանության, պաշտոնի համար է։
Ամեն դեպքում, ճշտեցի.
– Այսինքն՝ այս ամենը իշխանության, պաշտոնի համա՞ր է։
Խելոք Ֆելոն անդրդվելի էր.
-Այո:
-Լավ, ․․․․․ ․․․․յանը տարիքով մարդ է, ակադեմիկոս, բա նա՞։
– Նա էլ է պաշտոն ուզում։
-Դե լա՛վ էլի, -ջղայնացած գոչեցի միամիտս և հեռացա…
Կարդացեք նաև
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
Հարգելի պարոն Ավետիք, ցավոք սրտի Խելոք Ֆելոները հիմնականում իշխանական լծակներից հեռու են եղել, հազվադեպ եղածների ձայնն էլ երբեվիցե չի լսվել: Այդպես է եղել նախորդ 3 նախագահների օրոք և, հիմա էլ շարունակվում է: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաններից Բագրատյանը ն, ևս մի քանիսը, որոնք այդ օրերին ժողովրդական առաջնորդներից չէին, առանձին քննարկումներում դեմ էին ՛՛Նաիրիտի՛՛ փակմանը: Սակայն Ժողովրդական հզոր շարժումը, որը պատրաստ էր ամեն գնով 70 ամյա կապանքներից ազատվել, հաշվի չէր առնում ոչ մի այլակարծություն: Ժամանակը խաչիկ ստամբոլցյաններինն էր: Հետագայում էլ Խելոք Ֆելոների ասածներին գրեթե բանի տեղ չեն դրել: Պատահական չէ, որ մինչև հիմա էլ մեր ժողովրդին արժանավայել պետականություն չենք ստեղծել…