Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում տեղի կունենա ոչ թե հեղափոխություն, այլ իշխանության սահուն անցում արդար ընտրությունների միջոցով իր պաշտոնը ստանձնած նոր նախագահին»

Օգոստոս 24,2019 13:30

«Առավոտը» ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ զրուցեց ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ սպասվող հանդիպման ակնկալիքների, Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արված հայտարարությունների եւ Ամուլսարի խնդրի մասին:

-Ի՞նչ եք կարծում Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Հայաստանն է եւ վերջ ու միացում հայտարարություններն առաջիկայում չե՞ն բարդացնի բանակցային գործընթացը: Չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանի այդ եւ նախկինում արված հայտարարությունները, թե չի կարող հանդես գալ Արցախի անունից, հակասում են միմյանց:

-Այդ հայտարարությունները միմյանց չեն հակասում՝ Արցախն անկասկած Հայաստան է, հայ ազգի ընդհանուր հայրենիքի մի հատվածն է, սակայն Արցախի Հանրապետությունը դեռեւս Հայաստանի Հանրապետության մասը չէ, եւ ՀՀ գործող ղեկավարն առայժմ իրավասու չէ պաշտոնապես հանդես գալ արցախահյության անունից:

-Ի՞նչ ակնկալել սեպտեմբերին սպասվող ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից, որեւէ իրական հիմք տեսնո՞ւմ եք բանակցային գործընթացում առաջընթացի առումով:

-Քանի դեռ պաշտոնական Երեւանն անհրաժեշտ շտկումները չի կատարել եւ իր նոր մոտեցումները չի դարձրել բանակցային ձեւաչափի եւ օրակարգի արդյունավետ վերանայման մեկնարկն ապահովող գործիք, անիմաստ կլինի որեւէ առաջընթաց ակնկալել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից:

-Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակն Արցախում նախագահական ընտրությունների նախաշեմին՝ հատկապես հեղափոխությունն Արցախ հասցնելու համատեքստում. այդպիսի նախապայմաններ տեսնո՞ւմ եք:

-Կարծում եմ, որ Արցախում տեղի կունենա ոչ թե հեղափոխություն, այլ իշխանության սահուն անցում մրցակցային, թափանցիկ եւ արդար ընտրությունների միջոցով իր պաշտոնը ստանձնած նոր նախագահին, որը եւ, իրեն սատարող քաղաքական թիմի հետ միասին, կստանձնի ողջ պատասխանատվությունն Արցախի հետագա ճակատագրի՝ Հայաստանի Հանրապետության հետ վերջինիս լիարժեք վերամիավորումն ապահովելու համար

-Տավուշում հայկական զինված ուժերի առաջխաղացումն ու դրա շուրջ բարձրացված ոգեւորությունը ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ եւ արդյոք իրատեսակա՞ն են այն հայտարարությունները, թե Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել:

-Ուրախ կլինեմ, եթե իսկապես Չինարի գյուղն այլեւս հակառակորդի ուղիղ նշանառության տակ չէ, ինչն, անշուշտ, չի բացառում, որ այն դեռ մնում է թշնամու ականանետների, հրետանու այլ տեսակների կամ անօդաչու թռչող սարքերի պոտենցյալ թիրախ: Կարծում եմ, որ ՀՀ զինված ուժերի ամենօրյա գործունեության կարեւորագույն բաղադրյալներից մեկը պետք է լինի սեփական դիրքային առավելության եւ հայ բնակչության անվտանգության ապահովումը:

-Քանի որ վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից է Ամուլսարի հարցը, խնդրում ենք Ձեր տեսակետը ներկայացրեք Ամուլսարի հարցով. իրականում սա քաղաքակա՞ն, թե՞ բնապահպանական խնդիր է:

-Սա այն հարցն է, որը համակողմանի քննության պետք է ենթարկվի սկսած այն օրվանից, երբ ՀՀ իշխանությունները կանաչ լույս վառեցին տվյալ հանքարդյունահանող ընկերության համար Ջերմուկի եւ Սեւանա լճի անմիջական հարեւանությամբ Ամուլսարի նախագիծն իրականացնելու համար: Հարցն այնչափ հնչեղ է, որ այսօր ունի ոչ միայն բնապահպանական, այլեւ քաղաքական հնչեղություն: Գտնում եմ, որ պետական մակարդակում պետք է արմատական վերանայման ենթարկվի ոլորտային քաղաքականությունը եւ, ամեն դեպքում, նախապատվությունը տրվի բնապահպանական անվտանգության ապահովմանը:

Միեւնույն ժամանակ իշխանությունները պետք է հիշեն, որ մեր երկրի ընդերքը համաժողովրդական սեփականություն է, ուստի բոլոր այն դեպքերում, երբ որոշում է կայացվում սկսել այս կամ այն հանքի շահագործումը, ապա համապատասխան արտոնագիր ստացած ընկերությունը կարող է հավակնել բացի արդյունահանման միջոցով սեփական ներդրումների վերադարձից շահույթի ընդամենը 10-15%-ին, մնացյալ շահույթը պետք է ուղղվի հանքարդյունաբերության ազգային հիմնադրամին՝ ՀՀ քաղաքացիներին, այս կամ այն կերպ, փոխանցվելու համար: Բաշխման այս սկզբունքը պետք է տարածվի ՀՀ բոլոր հանքավայրերից ստացվող եկամուտների վրա:

-Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու խորհրդատվական կարծիք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ։ Այդ կարծիքը կարո՞ղ է շրջադարձային լինել:

-Իրավական գործընթացների համատեքստում այդ խորհրդատվական կարծիքը շրջադարձային կարող է եւ չլինել, սակայն ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրա դրա ազդեցությունը էական կլինի բոլոր դեպքերում:


Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

23.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ինչպես է հնարավոր, որպեսզի ԼՂՀ նախագահ ընտրված մարդը մի կողմից, ԼՂՀ Նախագահի երդում տա ԼՂՀ Սահմանադրության վրա, մյուս կողմից՝ նույն այդ ժամանակաընթացքում երկիրը ՀՀ հետ միավորելով զբաղվի՝ որպես ԼՂՀ Նախագահ։ Ակնառու է, որ այս երկու իրավիճակները հակասում են միմյանց, եթե ավելին չասենք։ Մի բան էլ. ապագա նախագահը 4-5 տարում պիտի ԼՂՀ-ն կարողանա միացնել ՀՀ-ին? Այդ ինչպես? Իսկ միացնելուց հետո ինչ է պատասխանելու ԼՂՀ ժողովրդին, ով իրեն որպես Նախագահ է ձայն տվել? Այսինքն, եթե ես՝ որպես ԼՂՀ քաղաքացի, 2020 թ. ձայն եմ տալիս ԼՂՀ Նախագահին, ապա ես ակնկալում եմ, որ իր պաշտոնավարման ժամկետն ավարտվելուց հետո ես իրենից ոչ թե սյուրպրիզներ եմ ստանալու, այլ՝ իրեն վստահած իմ երկիրը։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031