Կարծում է իրավագետ, դասախոս Մելիք Սողոմոնյանը
– Պարոն Սողոմոնյան, մեր նախորդ հարցազրույցը սահմանադրական փոփոխություններից առաջ էր: Եթե չեմ սխալվում՝ Դուք պառլամենտական կառավարման կողմնակից եք: Ի՞նչ եք կարծում, սահմանադրական փոփոխություններով Ձեր սպասելիքներն արդարացա՞ն:
– Պառլամենտական կառավարմանը կողմնակից լինելով, ես քննադատել եմ նաեւ Սահմանադրության նախագիծը՝ հատկապես «Նախագահի» լիազորությունների մասով: Ես հիմա էլ կարծում եմ, որ Հայաստանի նախագահը, լինելով պետության ղեկավարը, պետք է ունենա որոշակի գործուն լիազորություններ: Գործող Սահմանադրությամբ, իհարկե, այդպես չէ: Նախագահը պետք է գործադիր գործառույթներ ունենա, որպեսզի հնարավորություն ունենա ապահովելու սահմանադրության իրավակիրառումը: Նախագահը պետք է ունենա նաեւ իշխանության մարմինների անկախությունը եւ տարանջատումը ապահովելու առաքելություն, լիազորություններ: Ինչեւիցե, ներկայումս ունենք այսպիսի «սահմանադրական ժառանգություն» եւ փաստացի՝ պառլամենտական կառավարման այս մոդելը: Եվ անկախ նրանից, թե ինչպիսի կառավարման համակարգ ունենք, կարծում եմ՝ երկրի արդյունավետ կառավարման համար առաջին կարեւոր պայմանը ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ է, հետո մնացյալ հանգամանքները, այդ թվում՝ իրավական հիմքերը:
– Ցանկությունն առանց իրավական հիմքերի առոչինչ է, չէ՞:
– Միանշանակ: Հայաստանում իրավական բարեփոխումներն անխուսափելի են: Փոփոխություններ կատարելու համար նույնպես ցանկություն է պետք եւ պրոֆեսիոնալների խումբ: Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է ստեղծել օրենսդրության մշակման կանոններին տիրապետող մասնագետների խումբ կամ կենտրոն: Կենտրոնը պետք է հնարավորություն ունենա կարճ ժամանակահատվածում մշակելու կարեւոր օրենքների նախագծերի փաթեթը եւ ներկայացնի կառավարությանը: Նախարարությունները ոչ թե օրենքների նախագծեր պետք է մշակեն, այլ՝ մասնագիտացված կենտրոնի կողմից ներկայացված նախագծերի վերաբերյալ կարծիքներ հնչեցնեն: Կենտրոնը պետք է հնարավորություն ունենա նաեւ ուսումնասիրելու եւ գնահատելու արդեն իսկ ընդունված օրենքների կիրառման արդյունավետությունը, առաջացող խնդիրները եւ առաջարկություններ ներկայացնի լուծման ելքերի մասին: Սա նորույթ չէ, շատ երկրներում կիրառվող համակարգ է: Գտնում եմ նաեւ, որ մասնագիտացված կենտրոնը պետք է հետազոտություններ իրականացնի օրենքների ընդունման կամ գործող օրենքների փոփոխությունների առաջնահերթությունների մասին: Օրենքների փոփոխությունների անհրաժեշտությունները բազմաթիվ են: Մի քանի օրինակ բերեմ:
Ներկայումս շրջանառվում է հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծը: Ինչպես հայտնի է՝ արդեն երկու տասնամյակից ավելի է երկրի տարածքային բաժանումը, մեղմ ասած, հստակեցված չէ: 1995 թվականին՝ Սահմանադրության ընդունումից հետո, վարչատարածքային բաժանումը շրջաններից փոխակերպվեց մարզերի: Իսկ վերջին տարիներին համայնքները խոշորացվում են: Առնվազն ինձ համար անհասկանալի է խոշորացման հիմքը եւ տրամաբանությունը: Սովետական Հայաստանի ժամանակաշրջանում՝ Երեւանից դուրս գոյություն ուներ 37 շրջան, որոնք հիմնականում տրամաբանական բաժանումներ էին՝ հիմք ընդունելով տվյալ տարածքի բնակչության բարբառային առանձնահատկությունները, ռելիեֆային, լեռնային առանձնահատկությունները եւ շատ ու շատ այլ գործոններ: Վստահ եմ՝ այն ժամանակաշրջանի վարչատարածքային բաժանումն իրականացվել է համապատասխան գիտական ինստիտուտների խորը վերլուծությունների եւ առանձնահատկությունների հաշվառման արդյունքում: Միգուցե, որոշակի փոփոխություններով հանդերձ, անհրաժեշտ է վերադառնալ նախկին շրջանների սահմաններին: Ենթադրում եմ՝ կարելի է բաժանել 33 շրջանների: Ավելին ասեմ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներից շատերը դեռ պահպանում են եւ գործում են նախկին շրջանների սահմաններում: Նորից եմ պնդում, որ վարչատարածքային բաժանումների հիմքում լինեն խորը հետազոտությունները:
– Չեմ կարող չհարցնել, Դուք աշխատելով առողջապահության համակարգում, որպես իրավաբան, ունե՞ք առաջարկներ:
– Առավել հրատապ խնդիրն առողջապահական համակարգի վերաբերյալ արմատական օրենսդրական բարեփոխումների իրականացումն է: Գաղտնիք չէ, որ առողջապահության որոշակի ոլորտներում ահագնացող ցուցանիշներ ունենք: Չմանրամասնելով պատճառները՝ ասեմ, որ խնդիրը խորքային է եւ լուծումները ֆինանսական ներդրումներ են պահանջում: Ուստի անհրաժեշտ է ժամ առաջ ընդունել օրենք առողջության պարտադիր ապահովագրության մասին: Հաջորդիվ քայլերը պետք է ուղղվեն առողջապահական համակարգի կանոնակարգմանը: Մասնավորապես բժշկական ուղեցույցների մշակման, ընդունման եւ կիրառման, բուժհաստատությունների գործունեության կանոնակարգման եւ այլ օրենսդրական բարեփոխումների իրականացման ուղղություններով:
Իհարկե, ես երկու բառով նշեցի խնդիրները, սակայն առողջապահական համակարգի օրենսդրական բարեփոխումները բավականին աշխատատար են լինելու եւ խնդիրներով լեցուն: Մենք հաճախ դժգոհում ենք բժշկությունից, սակայն առողջապահության ոլորտում այսպիսի աղքատիկ իրավակարգավորումներ ունենալու պարագայում, ավելին երեւի հնարավոր չէ ունենալ: Մեր երկրում բժշկությունն իրականացվում եւ զարգանում է ազնիվ, նվիրված եւ պրոֆեսիոնալ բժիշկների միջոցով: Փառք Աստծո, որ ունենք նման բժիշկներ:
Իհարկե, բարեփոխումներ պետք է իրականացվեն նաեւ ձեռներեցության, գյուղատնտեսության եւ շատ այլ ոլորտներում, որոնց մասին հիմա շատերն են խոսում: Ինչու եմ կարեւորում այս երկու ոլորտները, քանի որ կարծում եմ՝ պետությանը ֆինանսական կայուն մուտքեր ապահովողը Հայաստանում հիմնականում ձեռներեցությունն է եւ գյուղատնտեսությունը:
– Ի՞նչ բարեփոխումներ կառաջարկեք Սահմանադրության մասով:
– Գտնում եմ՝ Սահմանադրության հաճախակի փոփոխություններն ընդունելի չէ: Ընդհանրապես Սահմանադրությունը պետք է փոփոխվի բացառիկ դեպքերում, երբ առկա է նաեւ հասարակական պահանջ: Ներկայումս, երբ Սահմանադրությունը կիրառվել է շատ կարճ ժամանակահատվածում, հնարավոր չէ լիարժեք գնահատել փոփոխությունների անհրաժեշտությունը: Սակայն ցանկություն ունեմ հետագայի համար մեկ առաջարկություն անել: Կարծում եմ՝ կարելի է նախատեսել Հայաստանի նախագահի առավել մեծ ներկայացուցչական կազմով ընտրության կարգ, ի տարբերություն ներկայիս Ազգային ժողովի միջոցով ընտրության կարգի:
Կարելի է Սահմանադրությամբ նախատեսել եւ հետագայում օրենքի հիման վրա ստեղծել մարմին, որը կարող է կազմավորվել Հայաստանի խորհրդարանի բոլոր պատգամավորներից, Հայաստանի համայքների եւ Արցախի ներկայացուցիչներից: Մեծ ներկայացուցչությամբ այդ մարմնի հիմնական գործառույթը կլինի Հայաստանի նախագահի ընտրությունը: Այս դեպքում նախագահը կունենա նաեւ Արցախի անունից հանդես գալու իրավունք: Ինչը, կարծում եմ, կարող է լրացուցիչ դիվանագիտական հնարավորություններ ստեղծել մեր համար: Եթե բացի նախագահի ընտրության հարցից, այլ հարցեր էլ պետք է քննարկվեն, կարելի է սփյուռքյան կառույցներին ներգրավելու ձեւեր մշակել, միգուցե խորհրդակցական ձայնի իրավունքով: Իհարկե, այս առաջարկը շատ նախնական է եւ հետագայում այս առաջարկի շուրջ առավել հետազոտված կարծիք կունենամ: Ի դեպ, կարելի է ներկայացուցչական այդ մարմինն անվանել, օրինակ՝ «Աշխարհաժողով»: Հայոց պատմության տարբեր ժամանակաշրջաններից հայտնի է աշխարհաժողովների դերակատարությունը:
Այլ առաջարկություններ նույնպես կարելի է անել, սակայն նորից եմ կրկնում՝ երբ ներկայիս կառավարման համակարգով Սահմանադրությունը կիրառվել է շատ կարճ ժամանակահատվածում, հնարավոր չէ լիարժեք գնահատել փոփոխությունների անհրաժեշտությունը եւ ծավալը:
Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
23.08.2019