«Քննարկումները տարբեր են, գուցե արձանը տեղադրվի շենքի ներսում, նաեւ տեղումներից խուսափելու համար, ոչինչ դեռեւս հստակ չէ»,- երեկ «Առավոտի» հարցին՝ արդյոք տեղադրվելո՞ւ է աշխարհահռչակ ծաղրածուի արձանը կրկեսի մուտքի մոտ, ինչպես տարիներ առաջ, քանի որ կան խոսակցություններ, որ այն իր «չափերով» չի համապատասխանում վերակառուցված կրկեսի շենքի ընդհանուր պատկերին, ասաց ինժեներ Ավագ Հովհաննիսյանը:
Նա վստահեցնում է, որ հանդիսատեսն անպայման Ենգիբարովի արձանը տեսնելու եւ նրան կրկին անգամ բարեւելու առիթ շուտով կունենա։
«Ապակյա շինություն, հրակայուն գմբեթ, ավելի քան 2350 նստատեղ՝ նախկին 1563-ի փոխարեն։ Թեեւ արտաքին բարեկարգման աշխատանքները գրեթե ավարտված են, սակայն ներքին հարդարման աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են գտնվում»,-այս մասին «Առավոտի» հետ զրույցում նշեց «Երեւանի կրկես» ՓԲ ընկերության գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ կրկեսի վերաբացումը 2019թ.-ին եւս տեղի չի ունենա։
Կարդացեք նաև
Գուցե 2020-ի՞ն՝ հարցին էլ պատասխանեց. «Հստակ ոչինչ ասել չեմ կարող»:
Զրուցակիցս ասաց. «Ավելի քան յոթ տարվա շինարարական աշխատանքների արդյունքում վստահաբար կարող եմ ասել, որ շենքը համապատասխանում է ժամանակակից գրեթե բոլոր ստանդարտներին»։
Ըստ Հովհաննիսյանի՝ շենքի ամենայուրահատուկ հատվածը գմբեթն է, ինչն ունի 46 մետր տրամագծով թռչող կոնստրուկցիայի ձեւ։ Գմբեթը հավաքվել է մետաղով եզերված փայտյա կոնստրուկցիաներով։
Ինժեների խոսքով՝ ամեն բան հաշվարկված է՝ շենքն առավել հարմարավետ դարձնելու համար։
«Առավոտի» հարցին՝ որտե՞ղ է Լեոնիդ Ենգիբարյանի տարիների պատմություն ունեցող հուշարձանը, ինչը նախկինում գտնվում էր կրկեսի մուտքի մոտ, պրն Հովհաննիսյանը պատասխանեց, որ արձանը գտնվում է միանգամայն ապահով ձեռքերում, այն պահպանվում է խնամքով եւ նրա խոսքով՝ արձանը եւս բարեկարգման կարիք ունի, որից հետո հայտնի չէ՝ արդյոք կկանգնեցվի՞ իր հին տեղում, թե՞ ոչ։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.08.2019