Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բալետից մինչեւ «Մտքի դար» հայտարարված ռազմավարություն

Օգոստոս 24,2019 12:00

Հարցազրույց խորեոգրաֆ, ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի հետ

– Մաեստրո, ըստ հավաստի տեղեկությունների, օրերս նյույորքյան Youth American Grand Prix (YAGP) կազմակերպության հետ ստորագրել եք պայմանագիր, ինչն առնչվում է հայաստանյան բալետարվեստի հետ: Խնդրում ենք մանրամասնել:

– Ձեր տեղեկությունը ճշգրիտ է. ինձ վստահվել է Հայաստանում ներկայացնել Երիտասարդական Ամերիկայի «Գրան Պրի» (Youth American Grand Prix) մրցույթը եւ Հայաստանը դարձնել 11-րդ երկիրը, որը հյուրընկալում է նշյալ միջազգային տարածաշրջանային մրցույթը: Նշեմ, որ YAGP-ն բալետի կրթաթոշակ տրամադրող ամենամեծ մրցույթն է եւ յուրաքանչյուր տարի այն անցկացվում է ողջ աշխարհում, մասնակցությամբ ավելի քան 10000 ուսանողի: Հյուրընկալելով ամենամյա այդ մրցույթը, մեր երկիրը կդառնա աշխարհագրական մեծ տարածքի կենտրոն, որն ունի նշանակալի երկարաժամկետ աճի ներուժ: Համաձայն կնքված պայմանագրերի, Հայաստանում առաջին YAGP մրցույթը կկայանա 2020թ. հուլիսի 3-5-ը, Երեւանում: Մեր կողմից բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները մշակված են նպաստելու մեր երկրի զարգացմանը՝ որպես արվեստի, մշակույթի եւ տուրիզմի նշանավայր: Ի դեպ, ԱՄՆ-ի ներկայացուցիչը Հայաստանում YAGP-ի շրջանակներում Արիզոնայի դասական բալետի եւ դպրոցի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Հակոբ Խառատյանն է:

– Տասնմեկ երկրների թվում ընդգրկվա՞ծ են ԽՍՀՄ երկրներ եւս:

– Ո՛չ: Այս պահին միայն Հայաստանն է:

– Ժամանակին՝ շուրջ 4 տարի, հանդիսանալով Երեւանի օպերային թատրոնի բալետմայստեր, ներկայացրել եք մոտ 30 անուն բալետարվեստի դասական եւ ժամանակակից համարներ ու ներկայացումներ: Տեւական ժամանակահատված է, ինչ ձեզ մոտ, կարծես, լռության շրջան է:

– Թույլ տվեք հիշեցնել, որ որպես գլխավոր բալետմայստեր հանդես գալու տարիներին մեր բալետային խումբը հյուրախաղերի է մեկնել Սիրիա, Վրաստան, Կատար, Արցախ: Հրավիրել եմ արտասահմանից գործակալների, հյուրախաղորդ արտիստների, նրանց ներգրավելով մեր թատրոնի ներկայացումներում: Այդ տարիներին թատրոնում կայացել են նաեւ վարպետության դասընթացներ արտասահմանցի ճանաչված մասնագետների ղեկավարությամբ: Նաեւ իրականացրել եմ կրթական ծրագրեր՝ հանդիսատեսի ճաշակն ու մտածելակերպը զարգացնելու, երիտասարդ սերնդի հանդիսատես պատրաստելու նպատակով: Եթե հիշում եք, կրկին առաջին անգամ «Պարիր, թե կարող ես» հայաստանյան նախագիծը ներկայացվեց աշխարհին, որին մասնակցում էին նաեւ «դրսից» եկած պարողներ: Իսկ 2015թ. Հայաստանում կազմակերպվեց միջազգային բալետային խումբ, որը ողջ թատերաշրջան ներկայացրեց «Զույգ արեգակներ» ներկայացումը, ըստ Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» պոեմի: Այն խաղացինք նաեւ հայաստանյան որոշ մարզերում:

– Մինչ օրս առիթի դեպքում անդրադառնում ենք ազնավուրյան երգերով իրականացրած ձեր «Բոհեմ» ներկայացմանը (2017թ.), որին ներկա էր ինքը՝ շանսոնյեն: Հիշողությունից դառնանք մեր օրերին. Կոմիտասի, Թումանյանի հոբելյաններն են՝ չե՞ք պատրաստվում կամ գուցե նախաձեռնե՞լ եք որեւէ աշխատանք: Ի դեպ, Կոմիտասի հետ կապված հիշվում է ձեր մասնակցությամբ Էդգար Հովհաննիսյանի «Անտունին» բալետը, որում գլխավոր դերապարի առիթով խորհրդային տարիներին ձեզ շնորհվեց «Բալետի լավագույն մենապարողի» տիտղոսը: Եթե չենք սխալվում, դա 1970-ականների վերջն էր կամ 80-ականների սկիզբը:

-1980-ականներին, երբ ղեկավարում էի հեռուստատեսության կամերային բալետի խումբը, Ասլամազյանի փոխադրմամբ իրականացրի կոմիտասյան գոհարներից կազմված բալետային մի ծաղկաբույլ: Նաեւ «Անուշի» հիման վրա առաջին անգամ միայն հայկական ժողովրդական գործիքների նվագարանների անսամբլի ուղեկցությամբ բեմադրեցի Տիգրանյանի «Անուշը»՝ երկու գործողությամբ…

– Դրանք նախկինում էին, իսկ այսօ՞ր:

– Նախագծերը շատ են, օրինակ, մինչ Միշել Լեգրանի մահը հանդիպեցի անվանի արվեստագետի հետ, ստացա նրա OK-ը, մեր թատրոնում «Շերբուրգյան հովանոցներ» բալետը բեմադրելու համար: Նշեմ նաեւ, որ Չարենցի ընտանիքի խնդրանքով Երվանդ Երկանյանի երաժշտությամբ «Նավզիկե» բալետը պետք է բեմադրեմ: Հենց այս պահին կանադաբնակ կոմպոզիտոր Աշոտ Արյանի հետ աշխատում ենք աշխարհում առաջին «Գիլգամեշ» շումերական էպոսի վրա, որի ակունքներում կան պատառիկներ հայոց պատմության էջերից:

– Արվեստագետները, հաճախ ձեր գործընկերները կատակում են, թե ձեր ստեղծագործական լռությունը կապված է ԱՄՆ-ի եւ Գյումրիի հետ: Իբր ժամանակին ԱՄՆ-ի էքսնախագահ Քլինթոնի դստերը բալետի արտիստ «դարձնելուց» հետո, հիմա էլ անցել եք Թրամփի զավակներին, իսկ Գյումրիում հիմնել եք Բալետի ակադեմիա:

– Մինչ մարդիկ կատակում են, ես զբաղված եմ իմ աշխատանքով: Զրույցի սկզբում նշեցի ամերիկյան YAGP մրցույթի մասին, ինչ վերաբերում է Գյումրիին, այնտեղ իրականացնում եմ միջազգային բազմաֆունկցիոնալ «Կատարողական արվեստի Խառատյան փորձարարական կենտրոնի» հիմնադրամի աշխատանքները, վերջինիս շնորհիվ հաճախակի շփվելով երիտասարդների հետ, ողջունում եմ նրանց մտածելակերպը:
Հուլիսին Շիրակի Բիզնես համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց «Բալետ 2021» հիմնադրամի ծրագիրը, վարչապետը ողջունեց այն, հույս հայտնելով, որ նորաստեղծ միջազգային կենտրոնը կհանդիսանա կրթության, ստեղծարարության եւ փորձարարության հարթակ, խթանելու մտքի զարգացումը, ինքնադրսեւորումը, իրացումն ու վերարտադրումը, իսկ գործունեությունն ամբողջովին համապատասխանում է «Մտքի դար» հայտարարած մեր երկրի կողմից որդեգրված ռազմավարությանն ու մարտահրավերներին:

Առանց մանրամասնելու տեղեկացնեմ ընդամենը, որ սկսած 2020-ից Գյումրիում կիրականացնենք Պարի միջազգային փառատոն, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի կբեմադրվի նոր ներկայացում, հյուրախաղերով եւ վարպետության դասերով հանդես կգան պարարվեստի ճանաչված դեմքեր, կկազմակերպվեն խորեոգրաֆների եւ շարժման լուսանկարիչների մրցույթներ, մասնագիտական քննարկումներ եւ այլն:

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

23.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Բայց ավելի ուժեղներ ունենք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031