Չնայած Գյումրու ՏԻՄ ընտրություններին դեռ երկու տարի ժամանակ կա, քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ բնականոն հունով աշխատում է, սակայն տարօրինակ ակտիվություն ու ստվերային պայքար է սկսվել, այսպես ասած, քաղաքապետացուների միջև։ Բանը հասել է ֆեյսբուքյան էջերով միմյանց հասցեագրված խայթոցներին՝ ռեպլիկների տեսքով։
Թե ովքեր են թեկնածուներ, շատերի անուններն են շոշափվում, այդ թվում ԱԺ ներկայիս պատգամավորների, նրանց մեջ հնչում է նաև Երևանի փոխքաղաքապետ, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանի անունը։ Շատերը համոզված են, որ հենց նա՛ է իշխանական թեկնածուն։
Տիգրան Վիրաբյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս թեմային՝ հետևյալ գրառումն անելով․ «Վերջին ամիսներին մամուլը հասցրեց ինձ նշանակել Շիրակի մարզպետի պաշտոնում, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնում, հիմա էլ «նշանակում է» Գյումրու քաղաքապետի պաշտոնում։
Հիշեցնում եմ սիրելի լրագրող գործընկերներիս՝ անցած տարվա հոկտեմբերից ի վեր ամբողջ ուժով լծված եմ Երեւանի քաղաքապետի տեղակալի պատվաբեր ու պատասխանատու պաշտոնից բխող աշխատանքին։
Կարդացեք նաև
Ծառայում եմ մայրաքաղաք Երեւանին, իսկ Հայրենիքն ինձ համար սկսում է Գյումրիից»։
Քաղաքապետի պաշտոնին հավակնող թեկնածուներին կանդրադառնանք առաջիկայում՝ իհարկե՝ նրանցից պարզաբանումներ ստանալով։
Լուսանկարը՝ Տիգրան Վիրաբյանի ՖԲ էջից
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ