Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բա կարելի՞ է մեզ ու երեխաներին դուրս շպրտել»․ ոտքի են կանգնել Գյումրու գիշերօթիկների աշխատակիցները

Օգոստոս 23,2019 21:12

Գյումրու 1-ին և 2-րդ գիշերօթիկ հաստատություններում խիստ լարված իրավիճակ է․ աշխատակիցների ասելով, իրենք ընկել են շոկի մեջ, երբ ծանոթացել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝ տնօրեններին ուղղված գրությանն առ այն, որ սեպտեմբերի 2-ից հաստատությունները լուծարվում են։ Նշենք, որ կառավարության որոշում դեռ չկա։ Սա լուրջ մտահոգության թեմա է դարձել աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող Շիրակի մարզում, առավել ևս Գյումրիում, որտեղ, ըստ աշխատակիցների, վերջին մեկ տարում մեկ աշխատատեղ անգամ չի ստեղծվել։ Միանգամից գործազուրկ են դառնում մոտ 150 աշխատակիցներ, որոնց այլընտրանքային ոչ մի աշխատանք չի առաջարկվել։ Նրանք այնպես են վրդովված, որ նախազգուշանում են՝ կառավարության առաջարկն իրագործելու դեպքում մեծ բունտ կբացեն․ կորցնելու ոչինչ չունեն։

Աշխատանք կորցնելուց զատ, նրանք, բնականաբար, մտահոգ են երեխաների ճակատագրով․ նախարար Զարուհի Բաթոյանի ֆեյսբուքյան գրառումը համարում են անիրականանալի գաղափար։ Նախարարը գրել էր․ «Հայաստանում հատուկ հաստատությունները փակվելու են, որովհետև դա դեմ է ներառման սկզբունքին, ներառական և հավասար հասարակություն ունենալու տեսլականին։ Այս նպատակին հասնելու համար մենք համագործակցում ենք հասարակական կազմակերպությունների հետ երեխաներին ընտանիք վերադարձնելու համար, զարգացնում ենք խնամատար ընտանիքի ինստիտուտը, բարելավում ենք որդեգրման համակարգը և ստեղծում ենք ճգնաժամային կենտրոններ, խիստ անհրաժեշտության դեպքում երեխաների խնամքն ապահովելու համար։
Այլ ճանապարհ չկա։ Համակերպվե՛ք»։

Ըստ մասնագետների, երեխաները ընտանիքներից երբևէ կտրված չեն էլ եղել, սակայն, ինչպես կարելի է նրանց վերադարձնել ընտանիք, երբ բնակության պայմանները չեն բարելավվել, շատերը բնակվում են ցուրտ, խոնավ տնակների մեջ կամ գոմերում (ի դեպ լուսանկարներ ևս ցույց տվեցին)։ Բացի այդ, կան ընտանիքներ, որտեղ մայրն ասենք մարմնավաճառությամբ է զբաղվում կամ հարբեցող է։

Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունում նույնիսկ մի դեպք պատմեցին, երբ երեխային իրենց մոտ խնամել, կարգի են բերել, գեղեցիկ հագցրել, և երբ հանձնել են մորը, մեկ օր տանը մնալով՝ մահացել է․ այրվածքներ է ստացել եռացրած ջրից։ Չնայած բարդ իրավիճակում հայտնվելուն՝ մասնագետների հավաստմամբ, ոչ մի ծնող համաձայն չէ իր երեխային հանձնել խնամատար ընտանիքի, կատարվել են նաև հարցումներ այս թեմայով։

Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության աշխատակիցներն Aravot.am-ի հետ զրույցում ասացին․

«Երեխան կտրված չէ ընտանիքից, կոնկրետ մեր հաստատության ծնողները շատ կապված են իրենց երեխաների հետ, երեխաները շաբաթ-կիրակի գնում են տուն։ Ծնողը մեծ հաճույքով է բերում, պահանջն ունի մեր հաստատության։ Ճիշտ է՝ երբեք իր ծնողի տեղը չենք բռնի, բայց այն հոգատարությունն ու ուշադրությունը, որ տարվում է մեր կողմից երեխաներին, դա բացառիկ երևույթ է։ Ասում են պրոֆիլը պետք է փոխվի, մենք չգիտենք էլ ինչ պրոֆիլ է, ասում են ռիսկայնության գոտու երեխաներին պիտի վերադարձնեն ընտանիք, բայց եթե աշխատանք չի տարվել ընտանիքի հետ, ո՛չ բնակարանի բարելավում, ո՛չ աշխատանքի ապահովում, ես արդեն 10-րդ տարին է՝ աշխատում եմ այս հաստատությունում ու չկա այդպիսի դեպք, որ ընտանիքը բնակարան ստացած լինի կամ ծնողն աշխատանքով ապահովված լինի։

Եվ հիմա բռնի կերպով ուղարկում են տուն, ես սա համարում եմ երեխաների իրավունքների կոպիտ խախտում։ Ընտանիքը պատրաստ չէ իր երեխային ընդունելու, շատ մեծ ցանկության դեպքում անգամ, շատ է ուզում ծնողը, մենք էլ ենք ուզում, մենք շատ ենք շահագրգռված, որ յուրաքանչյուր երեխա ապրի իր ընտանիքում, բայց ի՞նչ ընտանիք, եթե ծնողն ապրում է գոմի մեջ, անասունների կողքին, ընդամենը մի ներքնակ կա մաշված, ուրիշի տված ներքնակի վրա ամբողջ ընտանիքով քնում են ու դա կոչվում է երեխային տուն վերադարձնե՞լ։ Եվ մենք երեխային ուղարկում ենք, մե՛նք ենք ուղարկում, ծնողն ի վիճակի էլ չէ գալ, իր երեխային տանել ամառվա ընթացքում, ընդամենը երկու օր հետո ծնողը զանգում, ասում է՝ եկեք, տարեք ես ի վիճակի չեմ պահելու երեխաներին։ Մի ընտանիքից 2-3-4 երեխաներ, չի կարելի չէ՞ դանակով կտրել ու միանգամից բոլորին դուրս շպրտել՝ և՛ աշխատողներին, և՛ երեխաներն։ Չի մտածո՞ւմ մեր կառավարությունը, որ երեխաները կհամալրեն այս թշվառ Գյումրու, էլ չեմ ասում ամբողջ Շիրակի մարզի կտրվածքով․․․ Կշատանա անբարոյականությունը, գողությունը, մուրացկանությունը, աղբաման քրքրողների թիվը։

Երեխան տուն է գնում, մայրը 2 հատ կարտոֆիլ չունի, որ երեխաներին կերակրի, երեխան պիտի գնա աղբամանից շիշ հավաքի, տանի, վաճառի, որ դրանով հաց գնեն։ Ու այդ պայմաններում երեխային տուն են ուղարկո՞ւմ։ Իսկ խնամակալությունն անձամբ ես և իմ ընկերները համարում ենք, որ աբսուրդ է։ Ոչ մի ծնող պատրաստ չէ իր երեխային հանձնելու ուրիշի»։

Երկու հաստատություններում էլ մեզ լուսանկարներ ու տեսանյութեր ցույց տվեցին, թե ինչ խմբակների են մասնակցում երեխաները ու ինչ հաջողությունների են հասել։ Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում շարված էին գավաթները, պատի վրա փակցված էին հավաստագրերն ու շնորհակալագրերը, որոնք փաստում էին ֆուտբոլում ձեռք բերած հաջողությունների մասին (Տես լուսանկարում)։

Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկում էլ ցույց տվեցին տեսանյութերը, որտեղ սաները պրոֆեսիոնալ պարում են, մասնակցում երաժշտական փառատոների։ Թվարկեցին նաև բոլոր նրանց անունները, որոնք տարբեր բուհերում՝ Երևանի պետական համալսարանում, բժշկական համալսարանում են սովորում։

«Մենք թույլ չենք տա, որ քանդեն, ավերեն, քայքայեն, ո՞վ է իրենց նման իրավունք տվել, մեկ գրիչի հարվածով ոչնչացնո՞ւմ եք։ Էդ նույն նախարարը լավ կանի, գա տեսնի, թե ինչ պայմաններում են այդ երեխաները ապրում ու այս հաստատությունը ինչ պայմաններ է ստեղծել այդ երեխաների համար։ Ծնողների հետ կապը բացարձակ կտրված չէ, իրենց առաջարկն է ճի՞շտ․ տա՞լ խնամակալ ընտանիքների, թե մնա՞ն մեզ մոտ, երբ որ երեխան ու ծնողը կապ ունեն, ո՞րն է բխում երեխաների շահերից»,- ասացին Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկի աշխատակիցները։

Սոցիալապես ծայրահեղ վիճակում գտնվող ծնողներից մեկն էլ երաշխիք է պահանջում վարչապետից, որ հաստատության փակման դեպքում իր երեխան իր բառերով ասած «բոմժ ու հանցագործ» չի դառնա։

Նշենք, որ Գյումրու երեխաների և խնամքի պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում 71 աշխատակից ու 63 խնամվող երեխա կա, որոնցից 35-ի վերադարձն ընտանիք մասնագետներն անհնար են համարում, իսկ Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատությունն էլ 73 աշխատակից ուն, 68 երեխա է խնամվում։

Գյումրու երեխաների և խնամքի պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության աշխատակիցների բողոքը՝ քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031