Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ՌԴ իրավապահների կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեղադրանքով հետախուզվող ազգությամբ հայ քաղաքացին Հայաստանի ռազմական ոստիկանության աշխատակցին տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ քննությունից թաքնվելու և հետախուզման հարցերը լուծելու համար:
Օգոստոսի 9-ին, ձեռնարկված միջոցառումների արդյունքնում, հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում, բերման ենթարկվել և կալանավորվել: Նա հաղորդում է տվել, որ ռազմական ոստիկանության գնդապետին կանխիկ և բանկային փոխանցումներով տվել է մոտ 6.000.000 ռուբլի կաշառք:
Նույն օրը հարուցվել է քրեական գործ: Կատարված բազմակողմանի քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ ռազմական ոստիկանության գնդապետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, իր ծանոթի որդու Հայաստան ժամանելուն պես չի կատարել իր ծառայողական պարտականությունները և չի ապահովել նրան պատասխանատվության ենթարկելը:
Բացի այդ, 2014-2016 թվականներին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հետախուզվող երիտասարդի օգտին գործողություն կատարելու, նաև նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու և հետագայում զինվորական գրքույկ տրամադրելու համար նրա հորից պահանջել և ստացել է 6.000.000 ռուբլի կաշառք:
Ավելին, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2015 թվականի նոյեմբերին գնդապետը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, որդու և ծնողների Ռուսաստանում գտնվող գույքն ընկերների միջոցով վնասելու սպառնալիքով, հորը ներկայացրել է իր օգտին 1.000.000 ռուբլու գույքային գործողություն կատարելու պահանջ:
Հարուցվել է քրեական գործ:
ՌՈ գնդապետը կալանավորվել է:
Քննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն