«Հայաստանը ֆինանսավորում է արցախյան հ/կ-ին, որ Արցախում դիտորդություն անի, սա նորմալ է, ժողովրդավարության տարածման մեխանիզմներից է»,- Аravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց կառավարության ֆինանսավորմանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը Արցախում ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար 16 մլն 200 հազար դրամ կհատկացնի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին, իսկ 17 մլն 480 հազար դրամ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։
«Ինչ վերաբերում է անկախությանը, «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակը ֆինանսապես անկախ է Հայաստանի «Իրազեկ քաղաքացիների միավորումից», եւ այն գումարները, որոնք հատկացվում են, բացառապես ծախսվելու են Արցախում ՏԻՄ ընտրությունների համար, դրանցից որեւէ լումա, եթե ծախսենք այլ նպատակի համար, ապա խնդրում եմ՝ միանգամից նման բան տեսնելու դեպքում դիմել իրավապահներին, որովհետեւ կստացվի բյուջետային միջոցները ծախսում ենք ոչ այն բանի համար, որի համար հատկացվել են: Մեր անկախությունը ու ՀՀ իշխանությունների վերահսկումը չի կարող որեւէ կերպ փոխվել կամ կասկածի տակ դրվել այս գումարներով, որովհետեւ այս գումարները գնում են Ստեփանակերտի գրասենյակին, ոչ թե Հայաստանի: Բացի դա էլ՝ այս գումարի չափը եսիմ ինչ չէ: Եվ ամենակարեւորը՝ անկախության վրա ազդեցություն լինել չի կարող, որովհետեւ դա կհակասեր մեր սկզբունքներին: Երբ մեզ այդ գումարը հատկացվեց, նույն օրը «Իրազեկ քաղաքացիների միավորման» Փաստերի ստուգման հարթակը հրապարակեց հետաքննություն, որտեղ ցույց տվեց, որ «Սոլթ-լեյք Սիթիի» հետ կապված վարչապետի պնդումները մանիպուլյատիվ էին»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը չցանկացավ մեկնաբանել, թե արդյոք կառավարության ֆինանսավորումը չի՞ ազդի անկախ կազմակերպության անաչառության վրա:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ