Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Նիկոլ Փաշինյանը պետք է գոնե իր թիմում նստի ու անկեղծ ասի բոլոր պլյուսներն ու մինուսները»

Օգոստոս 23,2019 16:35

Այսօր «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին լրագրողները հարցրեցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված: Նա ասաց, որ ՀԱԿ-ը վարչության նիստ է հրավիրել՝ հատուկ քննարկելու ու որոշելու. «Նայում ենք, ուսումնասիրում ենք բոլոր հնարավոր զեկույցները, հաշվարկները բոլոր կողմերի: Հրավիրել ենք բնապահպանների, փորձագիտական տեղեկատվություն ենք հավաքում, որպեսզի երեքշաբթի փորձենք մեր կարծիքը հայտնել: Չենք ուզում ընկնել այն ծիծաղելի վիճակի մեջ, ինչպես այն կուսակցություններն ու մարդիկ, որոնք նպաստել են Ամուլսարի կայացմանը, ստորագրություններ են տվել ու հանկարծ այսօր ասում են՝ հանրաքվե անենք, երկխոսություն»:

Արամ Մանուկյանն ասաց, որ ջերմուկցիների հետ հանդիպել է, երկու կարծիք կա, նրանք, ովքեր աշխատում են այդ ընկերությունում, կանոնավոր աշխատավարձը ստանում են, ֆինանսավորումից գոհ են, բայց վախենում են փոշուց. «Փոշին ակնհայտ է, ստորջրյա հոսքերի վնասն ակնհայտ է: Զեկույցներում բոլորի մեջ վտանգները կան, ոչ մեկը չի ասում, թե վտանգ չկա: Բոլոր առաջարկները վտանգները մեղմելու մասին են, ոչ թե վտանգները վերացնելու; Իրենք պետք է չափեն՝ քիչ վտանգի դեպքում պետք է համաձայնել, թե չէ»:

Արամ Մանուկյանն ասաց, որ դեռ դիրքորոշում չեն հայտնում, բայց ակնհայտ է, որ թունավորված փոշի ու ջուր է լինելու, ո՞ւր է գնալու այդ ջուրը, այդ քամին. «Ինձ մտահոգող շատ բաներ կան: Բայց տնտեսական էֆեկտ կա: Տարեկան 300 մլն դոլար էլ ակնհայտ է, որ տնտեսական էֆեկտ կա: Ես կկանչեի պայմանագիրը ստորագրողներին, կասեի՝ գնա արբիտրաժի լուծումն արա: Բայց այստեղ հարցը միայն տնտեսական չի, քաղաքական էլ է: Այն քաղաքական ուժերը, որ ստորագրել են այդ պայմանագիրը, այսօր նրանք ասում են՝ պետք էկոլոգիան պահպանել, մաքրել: Ազնիվ պայքար չի: Բնապահպանների պայքարը հասկանալի է, բայց նրանք, ովքեր ազնիվ պայքար չեն մղում, ասում են՝ էկոլոգիապես մաքուր, բայց քաղաքական դիվիդենտներ են քաղելու: Նիկոլ Փաշինյանը պետք է գոնե իր թիմում նստի ու անկեղծ ասի բոլոր պլյուսներն ու մինուսները: Ասել, որ մինուս չկա՝ ազնիվ չի, ասել, որ պլյուս չկա՝ էլի ազնիվ չի: Պետք է ներկայացնես բոլոր հաշվարկները ու ասես՝ եկեք որոշում կայացնենք ու բոլորս տեր կանգնենք էդ որոշմանը: Շատ դժվար է որոշում կայացնելը»:

Ըստ Արամ Մանուկյանի, այստեղ կարող է քաղաքական ճնշումներ էլ լինեն ու միայն պատասխանատու ուժը կարող է դա իմանալ ու դրա հիման վրա որոշում կայացնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031