Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե նախկինում վստահ էինք, որ ցույցերի ժամանակ ԱԱԾ ներկայացուցիչներն էին տեղեկություններ հավաքում, հիմա չենք բացառում մասնավորի մասնակցությունը. Նինա Կարապետյանց

Օգոստոս 23,2019 15:20

«Իրենք ուղղակի խայտառակվեցին, ու հասկացան, որ իրենց հանձնարարությունը չեն կատարել, քանի որ ապաշնորհ են: Եթե էլի ինչ-որ տեղ հանդիպենք, ու կապը, ինչ-որ կառույցների անդամությունը կամ մասնակցությունը ապացուցենք, գուցե ընթացք տանք: Բայց եթե մանր-մունր բաների վրա մեր ռեսուրսներն ուղղենք, մեկ կյանքը չի հերիքի»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ ընթացք են տալու Սարյան պուրակում տեղի ունեցած միջադեպին մասնակցած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով, այսպես պատասխանեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 21-ին, երբ Սարյան պուրակում «Ամուլսարի շահագործման թեմայով» հանրային քննարկման ժամանակ ելույթ էր ունենում Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը, նրա կողքով անցան երկու տղամարդիկ և ասացին. «Սերժի ժամանակ ինչո՞ւ չէիք խոսում»: Այս միջադեպից հետո «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը հայտարարեց. «Երկու պարոնայք մեզ միացել ու գաղտնի նկարահանում էին: Վերադարձեք, դիմացից նկարեք, այդպես լավ է ստացվում: Ոչ մեկ չի վախենում ձեր նկարելուց: Եկել օպերատիվ տեղեկություններ եք փնթի հավաքում: Ձեր նկարները կան ու կհրապարակվեն: Սա էլ հենց իրենց սադրիչն էր»:

Նինա Կարապետյանցի կարծիքով՝ այդ միջադեպում երկու տարբերակ կա: Նա մանրամասնեց. «Մի տարբերակն այն է, որ դա պետական մարմիններն էին և իրենք իրենց օպերատիվ հետախուզական միջոցառումներն էին իրականացնում: Երկրորդը, որ որոշ շահագրգիռ ուժեր էին, որոնք հետաքրքրված էին բնապահպաններով և նրանց միացած մարդկանց՝ ով, ինչ լինելով. կոնկրետ անձերը ճշտելու հետ կապված: Նկարներ ու տեսանյութեր իրականում կան: Նման տիպի անձինք անմիջապես տարբերվում են: Դրա համար մեր աչքից չեն վրիպել. ես և Արման Վեզիրյանը նկարահանել ենք»:

Մեր հարցին՝ նոր Հայաստանում հին ավանդույթները շարունակվո՞ւմ են, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Բոլորովին չեմ բացառում, որ կարող է ինչ-որ մասնավոր շահագրգիռ կողմ հետաքրքրված լինի ու իրենց նախաձեռնությունը լինի: Ամուլսարի հետ կապված հետաքրքրությունը, շահագրգռվածությունը բավականին մեծ է, ու ներգրավված են բավականին մեծ ուժեր, հետաքրքրություն ունեցող կառույցներ, մարդիկ: Հետևաբար չեմ բացառում, որ դա կարող էր ոչ պետությունը լինել: Հիմա հստակ չգիտեմ, թե ում կողմից էին ուղարկված: Իսկ նախկինում մենք հաստատ վստահ էինք, որ ցույցերի ժամանակ դրանք ԱԱԾ ներկայացուցիչներն էին, որ գալիս էին տեղեկություններ հավաքելու, ճնշումներ գործադրելու: Դա ապացուցվում էր նրանով, որ գյուղերից ցույցերի եկած մարդկանց այցելում էին գյուղապետերը, կամ նրանց էին հրավիրում ոստիկանություն: Ինչ-որ բացատրական աշխատանքներ էին տանում: Ակնհայտ էր, որ պետական համակարգն է աշխատում: Բայց այս դեպքում բոլորովին չեմ բացառում մասնավորի մասնակցությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031