Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրսի ազդեցությունները այս պահին Հայաստանի վրա ուժեղ են». Արամ Մանուկյանը վստահեցնում է, որ մեր սուվերենությանը սպառնացող վտանգներ կան

Օգոստոս 23,2019 15:03

Այսօր Անկախության հռչակագրի ընդունման 29-րդ տարեդարձն է: «Հայացք» մամուլի ակումբում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը շնորհավորեց տոնի առթիվ ու հորդորեց փայփայել ու գուրգուրել, մեծարել անկախությունը. «90 թվականին ՀՀ-ում առաջին անգամ պաշտոնապես հնչել է բազմակուսակցականություն բառը: Դատարաններում սկսվել է ապակուսակցականացման գործընթացը: Որեւէ մեկը մինչ այդ չի իմացել, որ պետք է լինի իշխանությունների տարանջատում: Բոլոր սկզբունքները աշխատեցին, մենք դարձանք ժողովրդավար, մենք դարձանք աշխարհի համար ճանաչելի, հայկական դրոշը բարձրացավ ՄԱԿ-ում, մենք դարձանք միջազգային կյանքի սուբյեկտ: Շատերի համար հիմա այնքան սովորական է, որ մտածում եք՝ բա ի՞նչ պիտի լիներ: Շատ լավ է, որ սովետի տարածքում, սովետի կանոններով չեք ապրել, չեք իմացել, որ «Եվրոպայի ձայն» կամ «Ազատության ձայն» լսելը պետք է գիշերը գաղտնի լինի, ԿԳԲ-ն կամ իշխանությունները պետք է չիմանային դրա մասին: Թերթ հասկացողություն չկար, կար «Սովետական Հայաստան» ու վերջ: Արտասահման գնալ չկար: Առավելագույնը կարող է թողնեին Լեհաստան գնայիր, այն էլ՝ ԿԳԲ-ի տասը խողովակով անցնելով: Չկար ազատություն ու այդ ազատությունը հասավ Հայաստան: Անկախության հռչակագիրը ղարաբաղյան ազատագրական շարժման 2,5 տարվա պայքարի արդյունք է»: Արամ Մանուկյանը ցույց տալով «Անկախության հռչակագիրը», ասաց, որ այդ փաստաթղթի բոլոր կետերն իրականություն են դարձել ու այն դարձել է Սահմանադրության հիմքը:

Իսկ թե հիմա ի՞նչ պետք է արվի, որ այդ անկախությունը լիարժեք լինի՝ Արամ Մանուկյանն ասաց, որ նախկին իշխանությունները մսխել են անկախության պտուղները. «Դա սկսվեց 98-ի փետրվարից, մեր սեփականությունը ջրի նման գնաց՝ կոնյակը գնաց, «ԱրմենՏելը» գնաց, «Գույք պարտքի դիմացը» գնաց, մեր ստրատեգիական ամբողջ քաղաքական բաները տվեցինք: Տվեցինք միայն ինչի՞ համար, որ Ռոբն ու Սերժն իրենց իշխանությունը պահեն: Ղարաբաղի պատերազմի ժամանակ եւ մինչեւ այդ ՀՀ իշխանությունն իր սուվերենությունից մի կտոր չի տվել: Ընդհակառակը, Ղարաբաղում մենք հասել ենք հաջողության հրաշալի, ճշգրիտ, սառնասիրտ դիվանագիտություն իրականացնելու հաշվին: Հիշեք՝ Ղարաբաղի պատերազմի ժամանակ արաբական երկրներից մենք վառելիք ենք ստացել, Թուրքիայի տարածքով հաց ենք ստացել, Ադրբեջանի տարածքով զենք ենք ստացել եւ ոչինչ չենք տվել: Ամենակարեւորը՝ Ռուսաստանը, որից մենք առանձնացանք անկախության հանրաքվեով, դարձավ այդ տարիներին մեր ռազմաստրատեգիական թիվ 1 ընկերը: Քոչարյանից հետո եկավ այդ տարածքների, ունեցվածքի, գործիքակազմի, սեփականության մսխման ժամանակաշրջանը: Եվ հիմա այս իշխանությունը դրա վրա է նստած, այդ դժվարությունների վրա է նստած եւ դրսի ազդեցությունները այս պահին Հայաստանի վրա ուժեղ են: Իմ ուզածի չափ իրենք էլ անկախությունը չեն պաշտպանում»:

Այս խոսքն լսելուն պես՝ ներկաներից մեկը փռշտաց, Արամ Մանուկյանն արձագանքեց. «Ճշմարիտ խոսի վրա փոռշտացիր, խեր լինի: Ես այսօր էլ չեմ զգում այն կարեւորությունը, թե ինչպես պետք է անկախությունը պահպանեն: Պետությունն ու իշխանությունը անկախության շունն են՝ պահապանը: Ինչ իշխանությունն էլ գա, իր գլխավոր առաքելությունն է իր երկրի սուվերենությունը պահպանելը: Դա բարդ բան է»:

Ըստ Արամ Մանուկյանի, հեղափոխական իշխանությունը ավելի մեծ շանս ունի անկախությունը պահելու, բայց այստեղ կարող է պակասել իրատեսությունը, սառը հաշվարկը: Նա ասաց, որ իրենք էլ են փողոցից՝ հրապարակից եկել իշխանության, բայց դա չի նշանակում, որ պետք է պակաս լրջություն ունենալ ու անկախությանը տեր չլինել. «Ոգեւորությունը, հեղափոխությունը հրաշալի է, լայն բազա է, մեծ բազա է՝ այս խնդիրը լուծելու եւ անկախության շունը լինելու, տերը լինելու համար: Այսօր ես այդ ծանրությունը, այդ լրջությունը չեմ զգում»:

Հարցրեցինք՝ մեր սուվերենությանը սպառնացող վտանգներ դեռ կա՞ն՝ Արամ Մանուկյանը պատասխանեց, որ այո, կան, իսկ թե որտեղի՞ց են այդ վտանգները, նա ասաց. «Ցանկացած տեղից էլ կարող ե լինել: Ինչքանով դու անկախ չես, ինքնուրույն չես ու դժվար է քեզ համար ինքնուրույն որոշումներ կայացնելը, այդ վտանգը միշտ էլ կա, առավել եւս՝ փոքր, ռիսկային երկրների համար»:

Մանրամասները՝ ավելի ուշ՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031