Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ ջերմուկցի կնոջ մասին. «Էնքան ա վանկարկել «Ամուլսարն առանց հանքի», որ ձայնը կտրվել է»

Օգոստոս 23,2019 13:53

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է. Ամուլսարի հանքի շահագործման հարցն է քննարկում քաղաքացիների հետ. մտնում է քաղաքացիների բնակարաններ, նստում, մի տեղ նույնիսկ սուրճ խմեց, մտերմիկ զրուցում ու մատչելի բացատրում հանքի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը կամ զրո ազդեցությունը, բացատրում, թե կառավարությունն ինչ պահանջներ է դրել եւ միջազգային ինչ պարտավորություններ կան, եթե անհիմն չշահագործվի:

«Բա մաքուր օդից եք խոսում, էս ծխախոտով խի եք բան անում տան օդը»,-հերթական տուն մտնելիս այսպես արձագանքեց Փաշինյանը՝ տեսնելով տան տղամարդուն ծխելիս: «Տենց էլ է պատահում»,- արձագանքեց նա:

«Ի՞նչ կա ժողովուրդ, ո՞նց եք, հլը ասեք, ինչո՞վ եք զբաղվում»,-հետաքրքրվեց վարչապետը: Տանտերն էլ պատմեց՝ սրճաղաց է դրել, աշխատեցնում է, որ ասի՝ գոհ է, չէ, յոլա տանում է:

Հետո Ամուլսարին անցան, տանտերը հիշեցրեց՝ խորհրդային տարիներին եկել են բացել սարը ու թողել, տեսել են ինչ-որ բան էն չի, էլ չեն շարունակել: Փաշինյանն էլ պարզաբանեց՝ էն ժամանակ փոքր հանքեր չեն շահագործել: Ու այսպես տնավարի զրուցում էին տղամարդիկ, հասել էին Յակուտիայի հանքերի թեմային, մեկ էլ տանտիրուհին միջամտեց. «Իսկ եթե չշահագործվի՞ Ամուլսարը»:

Վարչապետը սկսեց պարզաբանումները. «Ես ասում եմ՝ եթե ազդելու է խոտի ջրի օդի, աղմուկի վրա՝ չի շահագործվի: Եթե ապացուցվի չի աղտոտելու, եթե պարզվի՝ էն խոտն, որն ուտում է մեր պահած ոչխարը, ու էդ խոտի վրա նստած փոշին ավելին է, քան միջազգային չափանիշներով սահմանվածը, մենք ո՞նց ենք էդ հարցը լուծելու»: Ու Փաշինյանը ներկայացրեց՝ եթե իր պարտականությունը չկատարի ընկերությունը, հանքը կարող են փակել:

Վարչապետը վստահեցրեց՝ երբ նոր էր ընտրվել պաշտոնին,բազմաթիվ նամակներ էր ստացել. «Ու ես հասկանալով հարցի կարեւորությունն, այդ նամակները ծայրից՝ ծայր, անձամբ եմ կարդացել, չեմ թողել մեկ ուրիշը կարդա, գա ինձ զեկուցի: Գիտական նամակներ եւ այլն: Մի նամակ էլ կար, որ հասկացա՝ կարող է քրեական գործ հարուցելու առիթ լինել ու ուղարկեցի»:

Փաշինյանը ներկայացրեց էլարդի եզրակացությունը, ըստ որի՝ Ջերմուկի ջրերը հանքի շահագործման արդյունքում չեն աղտոտվի. «Որովհետեւ Ջերմուկի ջրերն ավելի բարձր են, կներեք, ջուրը զադնի չի կարա տա»: Ու կրկնեց մյուս կետերը, որոնք բազմիցս ասել է:

Երկար շարադրեց, բայց ջերմուկցի այս ընտանիքի անդամներից մեկը հիշեցրեց բնապահպանների փաստարկները:

Փաշինյանը վստահեցրեց՝ լիբանանյան Էլարդ ընկերության փորձագետներին վաղը սկայպ կոնֆերանսի են հրավիրել՝ պարզելու տարընթերցումները. «Ամեն ինչը նկարահանվելու է եւ հրապարակվի, որպեսզի մարդիկ լսեն ու …»: «Ու հանգստանան»,-միջամտեց տանտիկինը: «Չէ, ոչ թե հանգստանան…»,-ասաց Փաշինյանը եւ բացատրեց՝ նույն միտքը տարբեր կերպ է ընկալվում տարբեր շրջանակներում, ուստի պետք է դա գրողները պարզաբանեն ու բացատրեն:

Մինչ ներսում վարչապետը զրույցներ էր տանում՝ դրսում նրան սպասում էին բազմաթիվ ջերմուկցիներ: Հենց շենքից դուրս եկավ մարդիկ վանկարկում էին՝ «վար-չա-պետ»: «Ստեղ եմ, ստեղ եմ»,-արձագանքեց Փաշինյանը:

Մի տարեց կին մոտեցավ վարչապետին ու հանքից ինչ-որ բաներ էր պատմում, ասաց՝ ցարը թույլ չի տվել, որ ամերիկացիներն ու ֆրանսիացիները հանքը բացեն: Կնոջ ձայնը խզված էր, ցածր էր խոսում, այդ ընթացքում հավաքվածներն էլ վանկարկեցին. «Ամուլսարն առանց հանքի»: «Էս կնոջ ձայնն առանց այն էլ կտրված է, էդ որ գոռում եք, ո՞նց է խոսելու: Էնքան ա վանկարկել «Ամուլսարն առանց հանքի», որ ձայնը կտրվել է»:

«Ժողովուրդը մեղք է, աղաչում եմ, փակի էդ հանքը: Քեզ բարի ծառայություն»,- ասաց կինը:

Մի քաղաքացի էլ մոտեցավ Փաշինյանին եւ ասաց, որ խնդրում է նրա աջակցությունը, որպեսզի հանքը չբացվի, քանի որ երեսուն տարի Ջերմուկում չի եղել, հիմա վերադարձել է ընտանիքով ու ուզում է հաստավել:

Փաշինյանը նաեւ մտավ նորաբաց մի հյուրանոց, գներին ծանոթացավ, ուղիղ եթերում ասաց՝ դեռ ազատ տեղեր կան, ժողովուրդ, պարզելով, որ բավականին մատչելի գներ են:

Մի կին էլ Փաշինյանին կրկին խնդրեց հանքը չբացվի, որովհետեւ ինքը հող է գնել այդ տարածքում, ուզում է թոռները գան ու մաքուր օդով վայրում ապրեն: Փաշինյանը հետաքրքրվեց՝ իսկ եթե պարզվի հանքը բացվի, բայց օդը մաքուր է մնում, կինն անդրդվելի էր՝ չի կարող նման բան լինի:

Մի քաղաքացի էլ պատմեց՝ Ջերմուկը միութենական նշանակության առողջարան է եղել եւ այլն, ու շրջակա միջավայրն է կարեւոր: Փաշինյանն էլ արձագանքեց՝ դա այն կարեւոր գործոնը չէ:

Մանրամասն՝ տեսանյութում:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/458286601433974/?__xts__[0]=68.ARC1-IrdE7DRjuL-eRvqMmMRTZ2Y5JEzNW29aCykGLH1uF0Fjvfw9z9QUMKTH0MlCFMLThauRAQMNMmFAqHXUaEnb79Zefj2GaxyVP9xfNuqu2IYFl-wLJiGtXJkkoaXV7XiFnQ7v_t1l57NL2gqVcSz_YcNo-eqXvZibpqVzdMZOmrvPM10zWFj67iSeO8mePr7ltf4AwZyEPzjsdiMG0TYnKQDKUAwMdKKHyFS2ufMJOFamwJ8LsLTEVgkUiwgr2oVPMWE0nln3pD2h368En9NUEi5Dk1y6u9Meocix7lQd9pNucMTNfs77JgIbdHDlU-XzzQrJL2SGUm1_wZJZ0OqbwnFdOghfdqwsA&__tn__=-R

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031