Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունաբերության ծավալների իրական աճ է արձանագրվել. ՏԶՆԿ

Օգոստոս 23,2019 13:37

Հանքարդյունաբերություն  vs  Մշակող արդյունաբերություն

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է ուսումնասիրություն 2018-2019թթ.-ի առաջին կիսամյակում արդյունաբերության դինամիկայի վերաբերյալ:

Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալները 2019թ.-ի առաջին կիսամյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 6.9% աճ են արձանագրել՝ կազմելով 900.5 մլրդ ՀՀ դրամ, ընդ որում արտադրանքի արտադրության կառուցվածքում (տե՛ս գծապատկեր 1) ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել մշակող արդյունաբերությանը՝ 67.2% (605.1 մլրդ ՀՀ դրամ), որը գրանցել է արտադրանքի ծավալների ամենամեծ աճի տեմպը 2018թ.-ի առաջին կիսամյակի համեմատ՝ 8.7%:

Գծապատկեր 1.  Արդյունաբերական արտադրանքի արտադրության կառուցվածքը 2019թ.-ի առաջին կիսամյակում

Արդյունաբերության ծավալների աճին նպաստել են  հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման (159.2 մլրդ ՀՀ դրամ) 6.8%, և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման (12.8 մլրդ ՀՀ դրամ) 2.7% աճը, քանի որ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման (123.4 մլրդ ՀՀ դրամ) կտրվածքով 0.3% անկում է արձանագրվել:

Մշակող արդյունաբերության հիմնական ոլորտներից աճ են արձանագրել սննդամթերքի արտադրությունը՝ 7.8%, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 16.7%, խմիչքի արտադրությունը՝ 7.9%, ինչպես նաև այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը՝ 37.0%:  Իսկ  հիմնային մետաղների արտադրության ծավալների պարագայում 2.5% անկում է գրանցվել, որն էլ բացասաբար է անդրադարձել «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»-ի արտահանման ծավալների վրա՝ արձանագրելով 16.0% անկում:

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալների 6.7% աճն ուղեկցվել է «հանքահումքային արտադրանք»-ի ապրանքային խմբի մի շարք ապրանքների արտահանման ծավալների կրճատմամբ: Հանքագործական արդյունաբերությունը ներկայացնող հիմնական արտադրատեսակի՝ պղնձի խտանյութերի պարագայում 2019թ.-ի առաջին կիսամյակում 3.6%-ով ավելի քիչ խտանյութ է արտադրվել (տոննայով), որի վրա իր ազդեցությունն է թողել Ալավերդու պղնձաձուլարանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության դադարեցումը: Բազիսային ժամանակահատվածի գներն են պայմանավորել իրական ծավալների փոփոխությունը՝ ՀՀ դրամով արտահայտված, քանի որ շուկայական գներով հաշվարկելիս ավելի մեծ անկում կգրանցվեր:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերության ծավալների իրական աճ է արձանագրվել, որը հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության կատարողականով: Արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության կշիռը նվազել է 1.9 տոկոսային կետով, իսկ մշակող արդյունաբերությունն աճել է 4.1 տոկոսային կետով: Նշենք, որ արդյունաբերության ցուցանիշներն անհամեմատ ավելի խոսուն կլինեին Ալավերդու պղնձաձուլարանի և «Թեղուտ» ՓԲԸ-Ի աշխատանքները չդադարեցնելու պարագայում, քանի որ դրա արդյունքում զգալի կորուստներ գրանցվեցին:

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031