Լրահոս
Օրվա լրահոսը

«Մելան հորքուր, Նիկոլն ա եկել». «Վայ, աստված, Փաշինյա՞նն ա, չեմ հավատում». Վարչապետը Ջերմուկում տնետուն է գնում

Օգոստոս 23,2019 12:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է: Նա նախապես չէր տեղեկացել, որ նման մտադրություն ունի, իսկ բնակիչներն էլ իմանալով վարչապետի այցի մասին՝ արագ ինքնակազմակերպվեցին եւ այս պահին քայլերթով եւ «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով շարժվում են դեպի Ջերմուկի քաղաքապետարան: Բնակիչները նույնիսկ կոչ էին անում սեպտեմբերի 1-ին երեխաներին չուղարկել դպրոց:

Փաշինյանն այս պահին շրջում է քաղաքում, շփվում բնակիչների հետ, հարցուփորձ անում:

Վարչապետը քաղաքապետի ուղեկցությամբ մտավ մի շենք ու պատահական բնակարանի դուռը թակեց, հարցրեց՝ կարելի՞ է, ու սպասում էր, մինչեւ թույլատրեն ներս մտնի: «Մելան հորքուր, Նիկոլն ա եկել»,- տանտիրուհուն հայտնեց դուռը բացող տղան: «Վայ, աստված, Փաշինյա՞նն ա, չեմ հավատում»,-վարչապետին տեսնելով ասաց կինը:

Փաշինյանն այսպես տնետուն գնալով, փողոցում զրուցելով Ամուլսարի հանքի շահագործմանն էր անդրադառնում՝ եթե պարզվի անվտանգ է՝ համաձա՞յն եք շահագործվի:

Մի կին, որն ԱՄՆ-ից եկել էր Հայաստան, եւ բնակարան գնել Ջերմուկում, Փաշինյանին հրավիրեց իր տուն, պատշգամբից ցույց տվեց Ամուլսարն ու ասաց՝ մեր խնդրանքն է, որ այս բնությունը մաքուր պահեք: Այս կինը նաեւ տեղեկացրեց Փաշինյանին, որ ԱՄՆ-ում իր ընկերների հարցին ի պատասխան էլ ասում է՝ դեռ չգիտի ինչ վիճակ է, բայց հույս ունի, որ Հայաստանը կմնա աշխարհում որպես էկոերկիր:

Փաշինյանն ասաց, որ այդ սարն այլեւս նախկինը չէ, այնտեղ չորս հարյուր միլիոն դոլար է ծախսվել, փորել են ու լիքը գործ արել: Ապա Փաշինյանը նորից անդրադարձավ ջրերի աղտոտմանը. «Մենք ինչ խնդիր ենք դնում՝ ասում ենք այ էդտեղից պետք է տասը միավոր աղտոտված ջուր արտանետվի բնություն ու մենք հիմա խնդիր ենք դնում, որ էդ տասի փոխարեն լինի երկու կամ երեք լիտր կամ մեկ: Իսկ մասնագետներն ասում են՝ ոչ, մենք խնդիր ենք դնում, որ լինի զրո: Հաջորդ խնդիրը՝ ասում եմ՝ բա մենք դա ոնց ենք ապահովելու: Ինձ ասում են՝ ըստ ծրագրի կա ամենօրյա, ամենաշաբաթյա եւ ամենամսյա մոնիթորինգ: Սա նշանակում է, որ այդ խումբը պետության հովանավորությամբ գնալու է էն դիմացի սարից խոտ է վերցնելու, եթե պարզվի, որ նրա վրա նստած փոշին ավելին է, քան միջազգային չափանիշներով սահմանվածը, ուրեմն 90 օր է տրվում վերացնի խնդիրները, եթե չվերացնի՝ լրիվ օրինական կարող ենք փակել տանք հանքը:

Այս նույն կնոջ հետ զրույցի ժամանակ կինն ասաց, որ ամեն առավոտ պատշգամբում հաստ շերտով փոշի է նստում՝ Ամուլսարի փորելու պատճառով: Փաշինյանի զարմանքին, որ չնկատեց նման բան, կինը պատասխանեց՝ լվացել եմ: «Հեսա չլվացած տեղեր ենք մտնելու, հեսա մի հատ «էքպերիմենտ եմ անելու, մտնեմ չլվացած տեղ ու ձեռքս քսեմ փոշին, տեսնեմ»,-արձագանքեց Փաշինյանը:

Փոշին ստուգելու համար Փաշինյանը դուրս եկավ կրկին այս կնոջ պատշգամբ ու վերեւից ներքեւ խոսում էր մարդկանց հետ:

Քաղաքացիներից մեկն էլ Փաշինյանին ասաց. «Հետեւում էի ձեր լայվին, էն որ ասում էիք չորս հարյուր միլիոն է ծախսել հանքը փորել… գնացեք նայեք»: Փաշինյանն ասաց՝ վերեւից է տեսել սարը:

Հետո վարչապետը սկսեց այլ քաղաքացիների հետ զրուցել՝ թե բա որտեղից եք եկել, Բեյրութի՞ց, մշտակա՞ն, հա, հանգստանալու:

Փաշինյանը հիշեց քաղաքացիներից մեկին. «Էդ դուք էիք, որ ասում էի՝ մեր մեջի ստրուկին սպանել ենք»:

Վարչապետը շարունակում է շրջել տներով, զրուցում բնակիչների հետ, հետաքրքրվում՝ դե՞մ են, կո՞ղմ են հանքի շահագործմանը, հետո սկսում է ծրագիրը ներկայացնել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031