Լրահոս
Օրվա լրահոսը

Չպետք է զլանալ օգտագործել հանրապետության նախագահի պատրաստակամությունն ու հնարավորությունները

Օգոստոս 23,2019 12:43

«Առավոտի» հարցազրույցը հանրապետության նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանի հետ

– Պարոն Պողոսյան, վերջին օրերին Ամուլսարի հարցի վերաբերյալ քննարկումների շրջանակում կարծիքներ, նույնիսկ կոչեր են հնչում, թե հանրապետության նախագահը պետք է դիրքորոշում հայտնի, ինչպես նաեւ օգտագործի իր միջազգային կապերն ու փորձառությունը՝ լուծման ուղիներ գտնելու համար:

– Նախ, պետք է լրջորեն հաշվի առնել մի կարեւոր հանգամանք. Նախագահն ունի Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների հստակ շրջանակ։ Եւ ունենք օրենսդիր, գործադիր ու դատական իշխանություն, որոնք գործում են անկախ, իսկ նախագահը ո՛չ լիազորություն, եւ ո՛չ էլ իրավունք ունի միջամտելու նրանց աշխատանքներին։Հակառակ պարագայում տեղի կունենա քաղաքական մի գործընթաց, որն արդեն կարող է դիտարկվել միջամտություն իշխանության ճյուղերի գործունեությանը կամ նույնիսկ լիազորությունների գերազանցում:

Ձեր նշած եւ նմանատիպ կոչերի հեղինակներն ակնհայտորեն բավարար չափով տեղյակ չեն Սահմանադրությամբ սահմանված նախագահի լիազորություններին եւ դրանցից բխող գործիքակազմին։Կամ էլ՝ տեղյակ են բայց հաճախ տուրք են տալիս քաղաքական շահերին։ Տեղին եմ համարում հիշեցնել նախագահի հուլիսի 26-ի ուղերձից մի հատված. «Մենք ուշադրությամբ հետեւում ենք հնչող բազմաթիվ հայտարարություններին, կարծիքներին, տեսակետներին, գործողությունների մասին կոչերին, այդ կոչերի վերաբերյալ կոչերին եւ այլն: Սահմանադրությամբ ՀՀ նախագահի ինստիտուտին վերապահված դերին հավատարիմ՝ ես հնարավորինս ձեռնպահ եմ մնում ընթացիկ զարգացումների վերաբերյալ քաղաքական բանավեճին մասնակից դառնալուց, որքան էլ որպես քաղաքացի մեծ է խոսելու գայթակղությունը»:

Կարծում եմ՝ նախագահը միշտ կարողանում է պահպանել իր քաղաքական չեզոքությունը եւ մնալ իր լիազորությունների դաշտում։ Իսկ նախագահի գործունեության վերաբերյալ տարաբնույթ քաղաքական ցանկություններ հայտնողներին ուզում եմ ասել, որ կա՛մ պետք էր ժամանակին «ճիշտ» սահմանադրական լիազորություններ տրամադրել նախագահի ինստիտուտին, կա՛մ պետք է ապագայում սրբագրել նախկին բացթողումները։

-Այսինքն` ամեն ինչ հանգում է Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտին վերապահված լիազորությունների՞ն։

-Իրավական տեսանկյունից՝ այո: Սակայն նախագահը բազմիցս իր հրապարակային ելույթներում ասել է, որ պատրաստակամ է իր փորձառությամբ, խորհուրդներով օգտակար լինել եւ աջակցել կարեւոր նշանակություն ունեցող տարբեր խնդիրների լուծմանը: Կարծում եմ՝ պարզապես չպետք է զլանալ օգտագործելու նրա պատրաստակամությունն ու հնարավորությունները:

Հայտնի է, որ Հայաստան ներդրումներ ներգրավելու համար նախագահն օգտագործում է իր անձնական կապերը եւ նույնիսկ արձակուրդի ընթացքում նախաձեռնել ու անցկացրել է բազմաթիվ հանդիպումներ մի շարք բավականին ազդեցիկ մարդկանց հետ՝ ներկայացնելով Հայաստանը որպես կրթական, գիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումների համար հրապուրիչ երկիր եւ հորդորելով գալ եւ ներդրումներ անել։ Արդեն իսկ կան հաջողություններ, ու վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մենք կլսենք նոր ու նոր միջազգային առաջատար ընկերությունների կողմից Հայաստան այցելությունների, մեր երկրի հետ կապերի ստեղծման ու ներդրումների մասին։

Հանրապետության նախագահը միեւնույն ժամանակ բազմիցս իր հարցազրույցներում եւ հանրային ելույթներում ասել է, որ տնտեսության, այդ թվում՝ արդյունաբերության զարգացումը չպետք է վնաս հասցնի բնությանը, շրջակա միջավայրին:

-Չե՞ք կարծում, որ նախագահ Սարգսյանին ուղղված վերոհիշյալ կոչերը կամ հորդորները պայմանավորված են նաեւ այն հանգամանքով, որ նա ժամանակին եղել է «Լիդիանի» տնօրենների խորհրդի անդամ:

– Իր հարցազրույցներից մեկում Արմեն Սարգսյանն ասել է, որ Լոնդոնում, Փարիզում, Եվրոպայում, որեւէ տեղ, եթե կա ընկերություն, որը հետաքրքրված է Հայաստանում ներդրում անելով, ինքը միշտ պատրաստ է եղել եւ պատրաստ է նրանց հետ հանդիպել, խորհուրդ տալ: Ընկերությունների օրինակները, որոնց նա աջակցել է՝ շատ են, բայց դա չի նշանակում, թե դրանց մեջ նա շահաբաժին ունեցել է կամ ունի:

«Լիդիանի» տնօրենների խորհրդում ընդգրկված լինելու հարցին նույնպես նախագահը ժամանակին անդրադարձել է: Մոտ վեց տարի առաջ Արմեն Սարգսյանը, որպես հասարակական հիմունքներով անկախ անդամ, եղել է «Լիդիան ինթերնեյշընըլ» ընկերության տնօրենների խորհրդի կազմում։ Ընդամենը երեք ամիս անց նա նպատակահարմար չի համարել իր հետագա ներկայությունը եւ դուրս է եկել խորհրդի կազմից՝ այլեւս որեւէ կապ չունենալով ընկերության հետ:

Չգիտես ինչու, ոմանք մոռանում են կամ տեղյակ չեն, որ ժամանակին օտարերկրյա ընկերություններից մեկի կողմից Լոնդոնի արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ ներկայացված հայցի քննարկման գործընթացում Արմեն Սարգսյանն ակտիվ եւ գործնական մասնակցություն է ունեցել մեր երկրի շահերի պաշտպանությանը, ինչը եւս մեկ անգամ վկայում է, որ նա ունի փորձ, գիտելիք ու կապեր, որոնք պատրաստ է ծառայեցնել եւ ծառայեցնում է իր երկրի ու ժողովրդի շահերին։

«Առավոտ» օրաթերթ

23.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Անկախ Նահագահի սահմանափակ Սահմանադրական լիազորություններից, նախագանը որպես անձ, որին ժողովուրդը հարգում է իր կշռադատված և հավասարակշռված պահվածքի համար, ունի նաև գործընկերային, հուսով եմ, հարաբերություններ երկրի Վարչապետի հետ։ Կարծում եմ, անկախ լիազորություններից և առանց արարողակարգերի, նրանք կարող են երկրի կարևորոգույն և ճգնաժամային հարցերի շուրջ խորհրդակցել միմյանց հետ, նամանավանդ այս հարցում, երբ Սարգսյանը Ամուլսարի հետ կապված գործընթացներում ուղղակիորեն ներգրավված է եղել։ Հասարակ քաղաքացուն այստեղ ոչ մի մարդկային խնդիր չի երևում, սակայն, միգուցե, կուլիսներում և քաղաքականության մեջ դա ընդունված չէ և յուրաքանչուր քայլը ունի իր “գինը”։ Նրանք երկուստեք, յուրաքանչուրը պահելով իր “դիրքերը” ապահովում են մեր երկրի անցնցում և բնականոն կյանքը։ Հասարակությունը դա գնահատում և ողջունում է։ Կարևորը իրենց իրական մարդկային հարաբերություններն են, իսկ Սահմանադրությունը այսօր այսպիսին է, իսկ վաղը կարող է լինել մեկ ուրիշը։ Կարծում եմ Սարգսյանը, որպես փորձառու և հասուն, բոլոր առումներով անձնավորություն, որը զուրկ է գավառական ամբիցիաներից, ինքը պետք է առաջարկեր իր գործընկերային աջակցությունը Վարչապետին, տեսնելով, թե ինչպիսի մարտահրավերներ են ծառաված վերջինիս առջև։ Նույնիսկ ժողովուրդն է արդեն հասկանում, որ ինքը “один в поле воин”. Սակայն կրկնեմ, քաղաքականության աշխարհում, դա երևի ընդունված չէ։ Ափսոս։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031