Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Շնորհավորում ենք տարեդարձդ, սիրելի բանաստեղծ

Օգոստոս 23,2019 10:28
ignat mamyan

Վերջին օրերին դարձել էիր չափազանց զգայուն, հոգիդ արձագանքում էր բնության ամենաթույլ շշուկին, ամենամեղմ բուրմունքին, նաեւ` շուրջդ կատարվող ամենաչնչին կոպտությանը. երբեմն դառնում էիր անսահման բարի, պատրաստ` լաց լինել մի ծաղկի մահվան համար:

Եվ նույնիսկ բարակ ճյուղի վրա դողացող մեղվին գետի ջրերից փրկելու համար կարող էիր զոհաբերվել:

Այնքան մաքրամաքուր էր մտածումներդ ու խոհերդ, որ բարձրացել էիր սլացիկ հաճարենու գագաթը եւ փորձում էիր խառնվել նրա վրայով անցնող թռչունների երամին: Երեւի թե այդ օրից դարձար երկնքի ընտրյալը, հոգուդ մեջ կրեցիր ոգեղեն խաչը, մինչեւ որ Բարձրյալը քեզ ձեռքով արեց ծիրանագույն ամպի միջից:

Եվ այդ կանչն այնքա՜ն առինքնող էր, որ երկնքով անցնող փոքրիկ մի թռչունի թեւիկների մեղմ շրշյունը անչափ հաճելի էր քեզ, եւ հոգիդ լցված էր ձայներով ու բուրմունքով ծփացող երանելի մշուշով:

Այլեւս չէիր ուզում առնչվել նախկին գորշ ու զազրելի իրականությանը ու փակեցիր աչքերդ, ցանկացար տրվել միայն քեզ հասկանալի մենությանը (Իսկ մահը` հոգու սքանչելի վերադարձը դեպի հավերժություն, հեռու չէր…), նույնիսկ զգացիր, թե մահվան բախտի վրայով սարսռուն օդի մեջ կայծկլտալով, երանելի նվագով ինչպե՜ս անցավ ոսկեցոլ մեղուների մի պարս…

Եվ քո կարծիքով դրանք մեղուներ չէին, այլ քո կյանքի երջանիկ ակնթարթները: Եվ երկինք նայեցիր. այնտեղ նարնջագույն ցոլանքներով մի փոքրիկ աստղ էր շողում, ու շշնջացիր. «Աստղ չէ, մեռածի հոգին է հավերժությանը խառնվելուց առաջ հրաժեշտ տալիս այն աշխարհին, որտեղ ավերվեց իր հերթական պատյանը»:

Ու հաջորդեց ինքնախոստովանությունդ. «Կորուստների ցավից տնքացող մարդկային գոյությունը ոչնչով գերադասելի չէ Այն Աշխարհի խաղաղ, անտերունչ իրողությունից, եւ ես ճիշտ չեմ ապրել իմ կյանքը` անվերջ դողալով կործանվելու սարսափից: Չեմ հասկացել, որ կյանքը եւ մահը կեղծ կատեգորիաներ են, եւ կա միայն ընթացք` մեծ ժամանակի միջնապատերի միջով, եւ պիտի այնքան գնաս, մինչեւ որ Լույսը երեւա, եւ դու խառնվես Լույսին…»:

Մամյանների ընտանիք

 

«Առավոտ» օրաթերթ
23.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031