Օգոստոսին մաեստրո Կոնստանտին Օրբելյանը ունեցել է կարևոր հանդիպումներ Մոսկվայի Մեծ թատրոնում, այնուհետև՝ Նյու-Յորքի «Metropolitan Opera»-ում։ Դրանից հետո նա բանակցություններ է անցկացրել իր հայրենի Սան-Ֆրանցիսկոյում՝ տեղի օպերայում, երկու անգամ՝ մեր օպերային թատրոնի հետ համագործակցության ուղղությամբ։
Այս երկու հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում էլ մաեստրո Օրբելյանը հասցրել է այցելել Բուենոս-Այրես՝ տեղի «Teatro Colon»-ում շարունակելով բանակցությունները՝ կապված այդտեղ տաղանդավոր հայ երգիչների հյուրախաղերի կազմակերպման հետ։
Օգոստոսի 25-ին մաեստրո Օրբելյանը ղեկավարելու է Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը հանրաճանաչ «Pazaislis» փառատոնի փակմանը, և ընդամենը մեկ օր հետո արդեն Հայաստանում է լինելու։
Ի դեպ, օրերս «Սպուտնիկ-Արմենիա»-ին տված հարցազրույցում Կոնստանտին Օրբելյանի հետ տարբեր առիթներով համագործակցած աշխարհահռչակ երգչուհի Կարինա Ֆլորեսը (Գրիգորյան) նշեց, որ «հայկական ձայները՝ առնվազն տասնհինգ մենակատար՝ նվաճել են աշխարհի լավագույն բեմերը շնորհիվ աշխարհահռչակ մաեստրո Կոնստանտին Օրբելյանի»:
Կարդացեք նաև
․․․Բոլորս լավ ենք հիշում հուլիսին մեր Օպերային թատրոնում կայացած Հասմիկ Գեղամի Գրիգորյանի փառահեղ մենահամերգը՝ մաեստրո Օրբելյանի ղեկավարությամբ, որ բառացիորեն թնդաց հայ մշակութային կյանքում։ Եվ ահա երկու աշխարհահռչակ հայ երաժիշտների մի նոր համագործակցություն․ ինչպես հռչակում է Moscow Nights-ի և Armenian Assembly-ի ազդագիրը․
«Նոյեմբերի 6-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի կունենա անցյալ տարվա օպերային սենսացիա դարձած երգչուհի Հասմիկ Գրիգորյանի առաջին մենահամերգը Մոսկվայում: Հասմիկից բացի, բեմում կլինի նաև Operalia 2018-ի հաղթող տենոր Պավել Պետրովը: Համերգին կմասնակցեն սիմֆոնիկ նվագախումբը և Կաունասի պետական երգչախումբը (Լիտվա): Կոնստանտին Օրբելյանը ՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երեք անգամ «Գրեմմի» մրցանակի հավակնորդ, կկանգնի դիրիժորի վահանակի հետևում:
Երեկոյի ծրագրում արիաներ են օպերաներից:
Հասմիկ Գրիգորյանը ո՛չ միայն հիանալի երգչուհի է, այլև տաղանդավոր և խելացի դերասանուհի, որը նվաճեց Զալցբուրգը Սալոմեի դերերգի իր կատարմամբ: Լայն դիապազոնը, ձայնի հարուստ գունեղ ներկապնակը, ինչպես նաև դրամատիկ տաղանդը և էքսպրեսիան ստիպեցին ամբողջ աշխարհին խոսել երիտասարդ երգչուհու մասին: Իր վոկալ փայլուն տվյալների և դերասանական տաղանդի շնորհիվ Հասմիկը ինտելեկտուալ օպերային թատրոնում ամենապահանջված երիտասարդ երգչուհիներից է:
Տարբեր միջազգային մրցանակների դափնեկիր, 2016-ին Հասմիկն առաջին անգամ ստացավ երաժշտական հեղինակավոր միջազգային մրցանակ՝ International Opera Awards, որը հաճախ անվանում են «օպերային Օսկար» («Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգ):
Կոնստանտին Օրբելյանն աշխատել է աշխարհի լավագույն նվագախմբերի հետ․ Բոստոնի սիմֆոնիկ, Դեթրոյթի սիմֆոնիկ, ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախումբ, Լենինգրադի սիմֆոնիկ, Մոսկվայի ֆիլհարմոնիայի պետական ակադեմիական նվագախումբ, կորեական «KBS», «Մոսկվայի վիրտուոզներ» և այլն:
Ներկայումս նա հանդիսանում է Հայաստանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը»։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն) դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ սկսվեցին Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցի լսումները, որով նա պահանջում է, որ իրեն Ալ․Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու ս․թ․մարտի 28-ին հրամանը ճանաչվի անվավեր, և վերականգնել իրեն այդ պաշտոնում ու վճարել ֆինանսական փոխհատուցում հարկադիր պարապուրդի համար:
Դատարանը Կոնստանտին Օրբելյանի հայցի պատասխանող կողմին՝ ՀՀ մշակույթի նախարարությանը պարտավորեցրեց ներկայացնել ապացույցներ։
Հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 11-ին, ժամը 15.00-ին: Ինչպես գրել է այս առիթով «Գոլոս Արմենիի»-ն, «․․․հուսանք, որ պատասխանող կողմը կհստակեցնի իր փաստաբանների հետ կապված հարցերը և իրեն կպահի ադեկվատ կերպով, այլ ո՛չ թե ինչպես դա եղավ նախնական լսման ընթացքում․․․»:
Ջորջ ՉԱԽԱԼՅԱՆ