Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենամեծ վտանգը թշնամանքն է

Օգոստոս 23,2019 10:00

Ամենամեծ վտանգը ոչ թե այն է, որ ջուր է աղտոտվելու, կամ հակառակը՝ որ մեր պետությունը փող է կորցնելու, առավել եւս՝ այն չէ, որ ինչ-որ կոնվենցիա է վավերացվելու (որի պահանջները, միեւնույն է, չեն կատարվելու): Կա ավելի լուրջ վտանգ: Ավելի ճիշտ՝ երկու խնդիր, որի լուծումը ես այս 30 տարվա ընթացքում չեմ տեսնում:

1/ Մարդիկ շարունակում են ապրել առասպելներով:

2/ Մարդիկ, որեւէ թեմայի շուրջ չհամաձայնելով ու վիճելով, թշնամանում են:

Կոնվենցիայից կարելի դուրս գալ, կորցրած փողը կարելի է հետ բերել, անգամ աղտոտված ջուրը կարելի է մաքրել՝ փակելով աղտոտման աղբյուրը: Բայց ինչպե՞ս մաքրել առասպելներով սնվող աղտոտված հոգիները:

Թվարկեմ առասպելներից մի քանիսը միայն: «Լեւոնն ասում էր՝ լավ չեք ապրի, մինչեւ Ղարաբաղը չհանձնենք»: «Լեւոնը գյոզալական երկիրը քանդեց, սաղ ժողովրդին դարձրեց գաղթական»: «Քոչարյանը 6 միլիարդ դոլար ունի»: «Սաշիկը բոլոր բիզնեսների մեջ 50/50 մտնում էր»: «Էս արագաչափերի եւ կամերաների փողը սաղ Սաշիկի գրպանն ա եթում» (եւ, հետեւաբար, կարելի է մեքենան վարել ավանակի նման): «Հենց որ Ամուլսարի հանքը գործարկվի, ամբողջ Հայաստանը մի հատ մեծ Չեռնոբիլ կդառնա»: «Հենց որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, բոլոր տղամարդիկ կին կդառնան»:

Ոչ միայն մեր, այլեւ բոլոր ժողովուրդների մեծամասնությունը ապրում է առասպելաբանությամբ: Տարբերությունն այն է, որ զարգացած հասարակություններում մարդիկ, որոնք գիտեն ճշմարտությունը, համարձակվում են այն արտաբերել: Իսկ մեր նման երկրներում իրականությունը շատ լավ իմացող մարդկանց մեծ մասը կա՛մ «ռիսկ չի անում» հակադրվել միֆերին՝ վախենում է քարկոծվելուց, կա՛մ էլ միտումնավոր եւ ցինիկաբար նպաստում է առասպելների տարածմանը՝ քարոզչական նկատառումներից ելնելով: Վերնախավի վախկոտությունն ու ցինիզմը խնդիր է մեր հասարակության համար. օրինակ, մարդիկ, որոնք շատ լավ հասկանում էին, որ ոստիկանական գնդի վրա հարձակվելը եւ մարդ սպանելը ծանր հանցագործություն է, արդարացնում էին այն՝ այդպիսով նպաստելով զանգվածային փսիխոզին:

Առասպելների գլխավոր նպատակը, ինչպես տեսնում եք, թշնամանք սերմանելն է՝ հասարակության տարբեր խմբերի միջեւ եւ, իհարկե, իշխանության առաջին դեմքերի հանդեպ: Ես միշտ դեմ եմ եղել դրան՝ քննադատել, պահանջել, բողոքել՝ այո, թշնամանալ՝ ոչ, եւ իմ այդ վերաբերմունքը տարածվում էր նախորդ երեք նախագահների վրա՝ իրենց բոլոր սխալներով ու ձախողումներով: Հիմա նույն առասպելների միջոցով այդպիսի զգացմունքներ են բորբոքվում ներկայիս վարչապետի հանդեպ՝ Ամուլսարի խնդրի հետ կապված: (Այժմ, կարծես, Փաշինյանը, քննադատության հեղեղը մեղմացնելու համար, մտադիր է «նոր ՇՄԱԳ-ի» միջոցով խնդիրը եւս մի քանի ամսով հետաձգել, բայց վստահ չեմ, որ դա լավագույն լուծումն է):

Ներհասարակական թշնամանքը վատ բան է՝ անկախ նրանից, թե ում դեմ եւ ինչ նպատակով է այն բորբոքվում: Ճիշտ են ասում՝ մենք փոքր երկիր ենք՝ նոր հանքեր բացելու համար: Իսկ որ իրար հետ թշնամանանք՝ դրա համար մե՞ծ ենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Երբ հայ քսակը հայ բազուկի ու հայ մշակույթի հետ մի շունչ մի մարմին են, սա է հավաքական անպարտելի ուժը, սա է իսկական ազգ բանակը, իսկ եթե այս երեքից թեկուզ մեկը հայ չի, սուրբ տեղը դատարկ չի մնում եւ դրսից ամեն տեսակ ոչ հայ կեղտեր են լցվում՝ աղտոտելով ու թուլացնելով մեր հավաքական ուժը: Համաձայն եմ, ներքին թշնամությունից ավելի զզվելի բան չկա, դրա համար պետք է ստեղծվի այս երեք բնագավառներում աստիճանավորում եւ մշակույթի Տիգրան Մանսուրյանը պետք է համագործակցի քսակի Տիգրան Մանսուրյանի ու բազուկի Տիգրան Մանսուրյանի հետ ու մեր հաջորդ սերունդներին բարձրացնեն ու դնեն իրենց ուսերին, որ նրանք ավելի բարձր լինեն, քան իրենք են:

  2. Քաղաքացի says:

    Հարգելի Լավատես, ԲՌԱՎՈ
    Ուղիղ նշանակետին և այսքան գեղեցիկ։ Իսկ Տիգրան Մանսուրյանը, որպես «թիրախ» շատ խոսուն ընտրություն էր՝ ցանկացած մարդ աչքի առաջ պետք է ունենա ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ այսպիսի նշաձող։ Իհարկե, ցանկալի է, որ Ձեր կողմից նշված Երեքը լինեն Մանսուրյանի պես տաղանդավոր, սակայն այն, որ պետք է լինեն բարոյապես կայուն, անհերքելի է։ Ամբողջ աշխարհի, ոչ միայն մեր երկրի, խնդիրների արմատը պայմանավորված է բարոյականության և ազնվականության, եթե չասեմ բացակայությամբ, ապա մեծ պակասով։ Համամիտ եմ Ձեզ հետ։

  3. Aha says:

    Առասպելների եւ թշնամանքի ազդեցութիւնը նվազեցնելու համար առաջարկում եմ հետեւյալը՝ մի ամսով բոլոր social-ական ցանցերում comment-ները արգելվում են։ Տեսնենք մդնոլորտի վրայ դրական կ՚ազդի?

  4. Alfred says:

    Առաջինը Նիկոլը սկսեց թշնամություն տարածել սևևերի և սպիտակների բաժանելով մարդկանց

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031