Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր երկրում ինձ ապահով եմ զգում»

Օգոստոս 23,2019 12:30

Իրանցի մոդել Վիդան Հայաստանը համարում է որպես բնակության եւ ստեղծագործելու կատարյալ վայր:

Կան ասպարեզներ, որտեղ մեր երկիրը ինքն է երիտասարդ համարվում՝ նկատի ունենք մոդելային ոլորտը: Այդուհանդերձ, ելնելով մեր պրակտիկայից, փաստենք, որ Հայաստանը վերջին շրջանում որոշ արտասահմանյան երկրների սկսնակ մոդելների համար դարձել է մասնագիտական միջավայր:

Աշխարհում ծագումով իրանցի բազմաթիվ մոդելներ, մասնավորապես վերջին տարիներին, մեծ հաջողություններ են գրանցում: «Առավոտը» հյուրընկալել էր մոդելային բիզնեսում նոր-նոր քայլեր անող Վիդային, որը շուրջ վեց ամիս է՝ Երեւանում է:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, ինչպե՞ս է համադրվում իր երկրում մոդելային գործը կրոնական չափազանց խիստ օրենքների պայմաններին, մեր հմայիչ զրուցակիցը ժպտալով հայտնեց, թե համոզված է, որ հարցի պատասխանը մենք գիտենք, հետո մանրամասնեց. «Իմ երկրում վաղ տարիքից ուսումնասիրել եմ պարի գաղտնիքներն ու հմտացել այդ արվեստում, բեմ բարձրացել, իսկ ավելի ուշ ինձ խորհուրդ տվեցին, թեկուզ ձեր խոսքերով, կրոնական չափազանց խիստ օրենքների պայմաններում, փորձեր անել մոդելային ոլորտում: Սկսեցի 1-2 ֆոտոսեսիայի մասնակցել… Իսկ երբ իբրեւ զբոսաշրջիկ եկա Հայաստան, սիրահարվեցի ձեր երկրին, մարդկանց ու որոշեցի մոդելի կարիերաս լրջորեն սկսել հենց ձեր երկրում: Հասցրել եմ երեւալ հայաստանյան որոշ ամսագրերում, մասնակցել շոու-բիզնեսի ներկայացուցիչների մի քանի տեսահոլովակներում: Գնալով շփումս հատկապես մեծանում է ձեր մոդելների հետ: Մի կարեւոր հանգամանք նշեմ՝ ձեր երկրում ինձ ապահով եմ զգում, օտարություն բացարձակ չեմ զգում»:

Հետաքրքրությանը, թե դեռեւս չունի պրոդյուսեր, եւ ինչպե՞ս են իրեն նկատում ու հրավիրում տարբեր միջոցառումների, Վիդան պատասխանեց. «Առայժմ ինձ նկատել են մարզասրահում, լողավազանում կամ պարզապես փողոցում:

Նշեմ, որ, բացի ձեր ժողովրդից, ինձ գրավում է հայկական մշակույթը, հատկապես ճարտարապետությունն ու ժողովրդական արվեստը: Մինչ այցս, Հայաստանի ու ձեր մշակույթի մասին, կարելի է ասել, շատ տեղեկություն չունեի կամ պարզապես ոչինչ չգիտեի: Իսկ հիմա, երբ աշխատանքս զուգահեռում եմ ձեր պատմությունն ու մշակույթը ուսումնասիրելով, հասկանում եմ, որ մեկ կյանքը բավական չէ ամբողջովին այդ ամենը «կլանելու» համար (ժպտում է)»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ իր հմայքի համար ո՞ւմ է շնորհակալ, Վիդան հայտնեց, որ իր դեպքում վիրահատական ոչ մի միջամտություն չկա, ամեն ինչ բնական է, հետեւաբար շնորհակալ է իր ծնողներին:

Հարցին՝ հայաստանյան «ձեռքերումները» ներկայացնո՞ւմ է իր ընտանիքին, հարազատներին, մոդելը հավաստիացրեց, որ յուրաքանչյուր քայլին տեղյակ են ընտանիքն ու մտերիմները եւ հավելեց. «Հեռվից հարազատներս ոգեւորում են ու հպարտանում ինձնով»:

Իսկ թե տարիներ անց կընդունի՞, ասենք, այլ երկրից հրավեր, մեր զրուցակիցը կտրուկ պատասխանեց. «Եկել եմ Հայաստան եւ մտադիր եմ հիմնավորվել այստեղ, չի բացառվում, որ հետագայում, աշխատանքի բերումով, հայտնվեմ այս կամ այն երկրում: Իհարկե, ցանկալի հրավերներից չեմ հրաժարվի, բայց այսօր կարող եմ արդեն վստահ ասել՝ որքան էլ դրանք գայթակղիչ լինեն, այո՛, կմեկնեմ, կկատարեմ աշխատանքս ու կվերադառնամ Հայաստան: Ձեր երկիրը մեկընդմիշտ ընդունել եմ որպես բնակության եւ ստեղծագործելու վայր»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031