Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր բեռ հայկական դիվանագիտության «ուսերին»

Օգոստոս 23,2019 12:00

«Արցախի խաղաղ բնակչությանը սպառնացող այս գործոնը դեռ չեզոքացված չէ», սակայն ամերիկյան աջակցությունը դադարեցվեց

Վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ աջակցության շնորհիվ ականապատված տարածքներ էին ականազերծվում՝ USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի միջոցով։

Շատերը կարծիք հայտնեցին, որ այդ աջակցության դադարեցումը լուրջ քաղաքական ուղերձ էր Հայաստանի իշխանությանը, որոնք պնդում էին, որ Սիրիա զորախումբ ուղարկելը չի կարող ազդել երկկողմ հարաբերությունների վրա, նույնիսկ նշում էին, որ պաշտոնական Վաշինգտոնը միանգամայն ընդունելի է համարում այդ որոշումը, ընկալում է այդ որոշման կայացման անհրաժեշտությունը: Սակայն, ըստ ամենայնի, ի գիտություն ընդունելով ՀՀ իշխանությունների որոշումը, այնուամենայնիվ, պաշտոնական Վաշինգտոնն ի պատասխան գործողությունների դիմեց։ Փորձագետները համոզված են, որ Արցախի օգնության կրճատումն ուղղակի պատասխան է Հայաստանի՝ Սիրիայում ներգրավվածությանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին մեկնելու է Միացյալ Նահանգներ։ Արդյոք Արցախում ականապատված տարածքների ականազերծման նպատակով Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության դադարեցման հարցը կքննարկվի՞ ԱՄՆ-ում, եւ արդյոք կա՞ հնարավորություն իրավիճակը շտկելու, թերեւս, պարզ կլինի աշնանը։ Սակայն հույսերը մեծ չեն. 1-2 ամսից ԱՄՆ 2020թ. բյուջեն կընդունվի։

Մինչ այդ սենատորները եւ կոնգրեսականները նամակով դիմել են USAID-ին, որպեսզի այն չդադարեցնի աջակցությունն Արցախին։ Մնում է բաց հետեւյալ հարցը, թե հնարավո՞ր է, որ բյուջեով հատկացում չարվի, սակայն USAID-ն ֆինանսավորի։ Բանն այն է, որ առհասարակ բյուջեի նախագծման ժամանակ Արցախին տրամադրվող օգնության տողը հանվել է, եւ այդ տեսքով նախագիծը դրվել է շրջանառության մեջ։

Իսկ թե ինչ արդյունք կտա կոնգրեսականների, սենատորների, ինչպես նաեւ նախագահի թեկնածուներից մի քանիսի փորձերը ամերիկյան վարչակազմի վրա ազդել՝ հստակ չէ։

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԱՄՆ քսաներկու կոնգրեսական ստորագրել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանն՝ USAID-ին, ուղղված նամակ, որով խրախուսում են Հալո Թրաստի շարունակական ֆինանսավորումը՝ Արցախում տարվող ականազերծման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով։ Այս մասին հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը: «USAID-ի կողմից տրամադրվող ֆինանսավորման դադարը վտանգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները: Մենք հորդորում ենք USAID-ին վերանայել այդ որոշումը»,- ասվում էր նամակում:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) նախաձեռնությամբ նամակը ստորագրել է Սենատի փոքրամասնությունների առաջնորդ Չաք Շումերը (դեմոկրատ, Նյու Յորք) եւ սենատորներ՝ Թեմմի Բոլդուինը (դեմոկրատ, Վիսկոնսին), Մայքլ Բեննեթը (դեմոկրատ, Կոլորադո), Ռիչարդ Բլումենթալը (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Շերրոդ Բրաունը (դեմոկրատ, Օհայո), Բեն Քարդինը (դեմոկրատ, Մերիլենդ), Ռոբերթ Քեյսի կրտսերը (դեմոկրատ, Փենսիլվանիա), Թեմմի Դաքուորթը (դեմոկրատ, Իլինոյս), Դայան Ֆայնսթայնը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Քըրսթեն Գիլիբրենդը (դեմոկրատ, Նյու Յորք), Քամալա Հերրիսը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Մեյզի Հիրոնոն (դեմոկրատ, Հավայի), Էդ Մարքին (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջեֆ Մերքլին (դեմոկրատ, Օրեգոն), Քրիսթոֆեր Մըրֆին (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Ջեք Ռիդը (դեմոկրատ, Ռոդ Այլանդ), Բերնի Սանդերսը (անկախ, Վերմոնտ), Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր), Քրիս Վան Հոլլենը (դեմոկրատ, Մերիլենդ), Էլիզաբեթ Ուորրենը (դեմոկրատ, Մասաչուսեթս) եւ Ռոն Ուայդենը (դեմոկրատ, Օրեգոն):

«Այս տեսակի մարդասիրական օգնությունը, որն ուղղված է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության զոհերին, արդեն երկար տարիներ համարվում է կարեւոր եւ կարծում եմ` դեռ շարունակում է խիստ կարեւոր լինել, որպեսզի մենք շարունակենք աջակցել այդ տարածաշրջանում իրականացվող ականազերծման աշխատանքներին»,- նշել էր սենատոր Մենենդեսը: «Ինչպես պարզաբանել ենք մեր նամակում, Լեռնային Ղարաբաղում կյանքեր փրկելու միտված ականազերծման եւ չպայթած սարքերի մաքրման աշխատանքները ավարտին հասցնելու USAID-ի պարտավորությունների ցանկացած փոփոխություն Կոնգրեսի կողմից խիստ քննադատության կարժանանա»:

Նամակն այսպես էր ամփոփվել. «Ինչպես նշվում է ձեր գործակալության նամակում, USAID-ի կողմից ֆինանսավորվող ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում «տարածաշրջանն, անկասկած ավելի, անվտանգ են դարձրել»: Սակայն, դեռ պետք է իրականացվեն ականազերծման աշխատանքներ եւ մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տուժի՝ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով այդ աշխատանքների ավարտվելուց կամ դադարեցվելուց: Մենք ուժգին հորդորում ենք USAID-ին վերանայել տարեվերջին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ականազերծման ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ իր որոշումը»: «Մենք գովերգում ենք սենատոր Մենենդեսի եւ իր գործընկերների առաջնորդությունը՝ Արցախում կյանքեր փրկելու աջակցող այս ծայրահեղ կարեւոր մարդասիրական հարցի վերաբերյալ: Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ջանքերը եւ խորին շնորհակալություն է հայտնում Հալո Թրաստին իրենց աշխատանքի համար»,- հայտարարեց Կոնգրեսական հարաբերություների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

Անցյալ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 89 կոնգրեսական համախմբվեցին, որպեսզի աջակցեն Հալո Թրաստի ականազերծման ջանքերին Արցախում եւ USAID-ին նմանատիպ նամակ ուղարկեցին: «Հազարավոր ականներ դեռ կան տարածքում եւ ընտանիքներ ապրում են այնտեղ ամեն օր մահվան կամ կործանիչ խեղման վտանգում. ժամանակը չէ, որ Միացյալ Նահանգները հետ կանգնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իր պատմական պարտավորությունից»,- նախկինում նշել էր Հալո Թրաստ ԱՄՆ գործադիր տնօրեն Քրիս Ուատլին Համագումարի համար: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Սենատին եւ Ներկայացուցիչների պալատին՝ այս կարեւոր հարցին այսքան արագ արձագանքելու համար, ինչպես նաեւ Ամերիկայի հայկական համագումարին՝ այս կյանքապահպան ծրագրին աջակցելու համար»,- հավելել էր նա:

Մեկ շաբաթ առաջ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հաղորդեց, որ գրավոր հարցմանը՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման իրականացման վերաբերյալ պատասխանել էին The HALO Trust կազմակերպության ներկայացուցիչները: Ծրագրի հիմնական ֆինանսավորող՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ծրագրի ներկայացուցիչն այսպես էր արձագանքել հարցին՝ արդյոք առկա՞ է ԼՂ-ում ականազերծման ծրագրին ԱՄՆ-ի աջակցության դադարեցման իրական վտանգ: Պատասխանում նշել են, որ Լեռնային Ղարաբաղում իրականացվող ականազերծման ծրագիրը, որն իրականացվում է The HALO Trust-ի կողմից, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ծրագրի շրջանակներում նպաստել է Ղարաբաղի ամբողջ բնակչության 80 տոկոսից ավելիին՝ կտրուկ նվազեցնելով ականների եւ պայթուցիկների պատճառով տուժած քաղաքացիական անձանց թիվը:

«Այդուհանդերձ, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը վերջերս ազդարարեց մարդկային կյանքեր փրկող այս ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու հավանականության մասին։ Թեեւ Միացյալ Նահանգները ներկա պահին միակ պետությունն է, որը ֆինանսավորում է Ղարաբաղում ականազերծման աշխատանքները, HALO Trust-ը միջոցներ է ստանում նաեւ մասնավոր բարեգործական հիմնադրամների եւ անձանց կողմից: Միացյալ Նահանգների օգնությունը, սակայն, միշտ եղել է Ղարաբաղում իրականացվող HALO-ի ծրագրերի հիմնասյունը, դրա դադարեցումը կստիպի HALO-ին զգալիորեն նվազեցնել աշխատանքները Ղարաբաղում, որը նաեւ առանց աշխատանքի կթողնի այդտեղ բնակվող հարյուրավոր տղամարդկանց ու կանանց: Նման քայլը նաեւ անորոշ ժամանակով կհետաձգի ականներից զերծ Ղարաբաղի հեռանկարը: 2019-ի երկրորդ կեսին սպասվող ֆինանսավորման հնարավոր դադարեցումը HALO-ին բավարար ժամանակ եւ ռեսուրսներ չի տրամադրում, որպեսզի ականազերծման աշխատանքների իրականացումն ի վերջո հանձնվի տեղական կազմակերպություններին»,- ասվում էր պարզաբանման մեջ։

Այնուամենայնիվ, նշյալ պատասխանում ասվում էր նաեւ, որ անկախ վարչակազմի վերջնական որոշումից, HALO-ն չի նախատեսում հեռանալ Ղարաբաղից եւ մնում է նվիրված քաղաքացիական անձանց եւ նրանց ունեցվածքի պաշտպանությանը. «Հույս ունենք, որ ծրագրի պահպանմանն ուղղված Կոնգրեսի երկու կուսակցությունների անդամների, վարչակազմը կվերանայի իր որոշումը: Այս ծրագրի շարունակական աջակցությունը ընդամենը համեստ ներդրում է, որը Ամերիկայի բարի կամքի վառ դրսեւորում է, եւ որը իրական մարդասիրական օգնություն է աշխարհի մեկուսացված այս շրջանի համար»:

Իսկ «Ամերիկայի ձայնի» հարցին, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ HALO Trust-ին Ղարաբաղում ականազերծման աշխատանքները լիարժեք ավարտելու համար եւ որքա՞ն ժամանակ կպահանջի դրա իրականացումը, պատասխանել էին. «Աշխատանքներն ավարտված չեն, ինչը ենթադրում է, որ Ղարաբաղի խաղաղ բնակչությանը սպառնացող այս գործոնը դեռ չեզոքացված չէ։ Հատկապես հաշվի առնելով, որ այս շրջանների բնակչության համար հողի հետ գործը ունի կենսական նշանակություն։ Մնացած ականների քանակը լիարժեք հաշվարկելու համար, HALO Trust-ը այժմ Ղարաբաղում համապարփակ ուսումնասիրություն է իրականացնում: Մինչ այդ գործընթացի ավարտը կանխատեսումներն իրատեսական չեն: Շարունակական ամերիկյան աջակցությունն անհրաժեշտ է նաեւ այդ ուսումնասիրությունը ժամանակին իրականացնելու համար»:

Սպասենք Փաշինյանի ամերիկյան այցի արդյունքներին։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031