«Անհրաժեշտության դեպքում բողոքի ցույցեր ենք անելու, պետք լինի փողոցներ էլ ենք փակելու, բոլոր օրինական միջոցներով պայքարելու ենք: Եւ թույլ չենք տալու, որ այս կոնվենցիան իշխանությունը վավերացնի», – երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Չի վավերացվելու» նախաձեռնության անդամ Բաբկեն Հարությունյանը, որը «Ռոսիա» տոնավաճառի դիմացի մայթում ընդդեմ «Ստամբուլյան կոնվենցիայի» ստորագրահավաք էր կազմակերպել:
«Ոչ ոք իրավունք չունի դեմ գնա ժողովրդի կամքին, ստիպելու եւ պարտադրելու ենք, որ չվավերացնեն»,-ասաց նա:
«Առավոտի» հարցին` կարծես թե, բողոքի որեւէ ցույց, դժգոհություն չեղավ, երբ նախկին իշխանությունները կոնվենցիան ստորագրում էին, տեղեկացված չե՞ն եղել, որ «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման համար հող է նախապատրաստվում, Բաբկեն Հարությունյանն ի պատասխան ասաց. «Անկեղծ ասած բավարար չափով տեղեկացվածություն չունեի կոնվենցիայի մասով: Եթե իմանայի… որովհետեւ, ով` ով ես նման խնդիր չեմ ունեցել, ակնհայտ է, որ նախկին իշխանությունների բազմաթիվ բացեր ես քննադատել եմ եւ բարձրաձայնել եմ դրանց մասին: Այս կոնվենցիան պատճառ եղավ, որպեսզի հասկանանք որոշակի իրավիճակ: Կա 20 հատ կոնվենցիա, որը մինչեւ հիմա չի վավերացրել, ի՞նչն էր պատճառը, որ նրանք ստորագրել են, սխալ են արել, այս իշխանությունը փութաջանորեն, շտապելով, իրենց կորցնելով ուզում են վավերացնեն»:
Մեր այն դիտարկմանը, որ իրավական ոլորտի պատասխանատուները որպես վավերացման հիմք նշում են բռնությունների ցուցանիշները, մարդկանց իրավունքների ոտնահարման դեպքերը, եւ վստահեցնում, որ կոնվենցիայով կպաշտպանվեն հանրության բոլոր շերտերի իրավունքները, պարոն Հարությունյանն ասաց. «Շատ լավ, եթե ասում են կա խնդիր, թող փոխենք մեր ազգային օրենսդրությունը»:
Կարդացեք նաև
Հիշեցրինք, Ընտանեկան բռնության մասին օրենքի ներդրման գործընթացը, որը կոնվենցիա չէր, այլ, ընդամենը ազգային օրենսդրություն, որը կանխարգելում է բռնությունն ընտանիքում, սակայն նույնպիսի հակազդեցության արժանացավ: Սրան ի պատասխան, պարոն Հարությունյանն ասաց. «Ուրեմն պետք է այդ օրենքները լավ մշակեն եւ երկրորդ` լավ ներկայացնեն, բացատրեն: Մեզ մոտ տարիներով ունենք ավանդույթ: Մի բան որոշում են, ասում են` սա է լինելու: Այդպես չի լինելու: Պետք է հասարակության հետ աշխատել, բացատրել, որ մարդն ընկալի, որ այդ օրենքը ոչ թե ի վնաս իրեն է, այլ հօգուտ: Ես չեմ բացառում, որ լավ օրենքներ էլ են եղել, բայց, հասարակության հետ չաշխատելու հետեւանքով, չեն անցել: Մենք ունենք Ազգային ժողով, նախարարություններ, թող աշխատեն: Երբ կոնվենցիա են ընդունում, մեր ազգային օրենքները պետք է համապատասխանեցնենք այդ կոնվենցիայի դրույթներին:
Ես չեմ ուզում, որ որոշ ժամանակ հետո, որեւէ կին իրեն հռչակի տղամարդ եւ ինչ-որ բաներ ասի: Սեռն ի ծնե է որոշվել: Կամ 18 տարեկան մի աղջնակ, սեռը փոխի եւ ասի ես ուզում եմ գնամ բանակ, մենք ի՞նչ ենք անելու»:
Պարոն Հարությունյանն ասաց, որ նախաձեռնությունը շուտով ստորագրահավաք է կազմակերպելու Արտաշատ քաղաքում:
Մեր հարցին, թե ի՞նչու հատկապես Արտաշատում, Բաբկեն Հարությունյանը պատասխանեց` ես ծնունդով Արարատի մարզից եմ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.08.2019