Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Հայրն անչափահաս դստերը սպառնացել է՝ կասեմ այնպիսի բաներ քեզ կսրսկեն, որ կմոռանաս թե ով ես»

Օգոստոս 22,2019 22:00

Կենտրոն վարչական շրջանի հոգաբարձության եւ խնամակալության հանձնաժողովի աշխատակիցներն այսօր այցելել էին Սվետա Հակոբյանի բնակարան, որպեսզի նրա երկու անչափահաս թոռներին տեղափոխեն ՀՕՖ-ի կացարան: Փոքրիկները տագնապած սպասում էին, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասացին հենց երեխաները, մի քանի «ձյաձյա» հիմա-հիմա իրենց տանելու են մանկատուն: Մոր մահից հետո երեխաները բնակվում են մայրական կողմից տատիկի՝ Սվետա Հակոբյանի եւ մորեղբոր հետ նրանց բնակարանում:

Թեեւ Կենտրոն վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետ Արամ Մարտիրոսյանի, ոստիկանների ու հոգաբարձության եւ խնամակալության հանձնաժողովի աշխատակիցների այցելության պահին երեխաներն առանձին սենյակում էին, սակայն նրանք լսում էին, թե կողքի սենյակում ինչ է կատարվում:

Մարտիրոսյանը նախ ներկայացրեց՝ իրականացնում են Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով վկաներ՝ անչափահաս Տ.Ա.-ի եւ Ա.Ա.-ի նկատմամբ պաշտպանության միջոց ձեռնարկելու գործողությունը: Քննիչը որոշել է՝ անչափահաս երեխաների համար ընտրել բնակության այլ վայր՝ ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն:

Երեխաների մայրը՝ Մելինե Աղաջանյանը մահացել է 2017-ի օգոստոսին, իր մահճակալում: Հունիսի 11-ին Աղաջանյանի մահվան հանգամանքների եւ հարուցված գործին էին անդրադարձել Սվետա Հակոբյանի փաստաբանները, որոնք պնդում էին՝ քրեական գործի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք կոպիտ իրավական բացթողումներ: Նախ՝ Մելինեի ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով` կնոջը պարբերաբար բռնության ենթարկելու, խոշտանգելու համար: Հետագայում մեղադրանք է առաջադրվել մահացած Մելինե Աղաջանյանի մորը՝ Սվետա Հակոբյանին եւ եղբորը`Արթուր Աղաջանյանին՝ Մելինե Աղաջանյանի նկատմամբ իբր բռնություն կիրառելու, ազատությունից ապօրինի զրկելու, անզգուշությամբ մահ պատճառելու համար:

«Կատարվում է ապօրինի եւ կողմնակալ քննություն` հօգուտ կնոջը բռնության ենթարկած ամուսնու, հաշվի չի առնվում բռնության ականատես անչափահաս երեխաների ցուցմունքները, կարծիքը, երեխաների լավագույն շահերը»,-հայտարարում են փաստաբանները՝ Կարեն Ղազարյանը, Արա Ղազարյանն ու Աշխեն Դաշյանը: Կարեն Ղազարյանն էլ վստահեցնում է. «Քննության ինչ-որ պահից մենք հասկացանք, որ այն տարվում է կողմնակալ, որպեսզի Ռոման Ասրյանը (երեխաների հայրը) մեղադրյալի կարգավիճակից դուրս գա եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի: Եվ հակառակը՝ Սվետա Հակոբյանն ու Արթուր Աղաջանյանը մեղադրյալի կարգավիճակ ստանան, որի հիմքով քաղաքացիական վարույթով երեխաների խնամքի հարցը լուծվի»:

Այսօր փաստաբանները վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետից հետաքրքրվում էին՝ արդյոք հաշվի են առել կամ լսել են երեխաների կարծիքը՝ իրենց ՀՕՖ-ի կենտրոն տեղափոխելու մասին, եւ արդյոք այս որոշումը բխում է երեխայի լավագույն շահից:

«Որոշման կատարման ընթացքում մենք երեխայի կարծիքը լսելու անհրաժեշտություն չենք տեսել»,-ասաց Մարտիրոսյանը:

Փաստաբան Աշխեն Դաշյանը տեղեկացրեց՝ երեխաները դեմ են այս գործողություններին եւ չեն ցանկանում տեղափոխվել ՀՕՖ-ի կենտրոն: Փաստաբան Կարեն Ղազարյանն էլ հայտնեց՝ տեղեկություններ կան, որ կենտրոն վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետ Արամ Մարտիրոսյանը մյուս կողմի հետ՝ երեխաների հոր՝ Ռոման Ասրյանի հետ ողջագուրվելով է բարեւում, հանդիպում ու բաժանվում, հետեւաբար Մարտիրոսյանը չի կարող անկողմնակալ լինել այս գործընթացում: Աշխեն Դաշյանն էլ ներկայացրեց հոգեբանի կարծիքը՝ որպեսզի ապահովվեն երեխաների հուզական եւ հոգեբանական կայունությունը՝ չիրականացվեն որեւիցե գործողություն: Այս կարծիքը լսելուց հետո Մարտիրոսյանը պետք է որոշեր՝ տեղափոխել երեխաներին, թե՞ ոչ:

Մանրամասն՝ տեսանյութում

Երկար «պայքարից», փաստերի ներկայացնելուց հետո Դաշյանը պնդեց՝ հարցնել երեխաների կարծիքը: Ի վերջո, վարչական շրջանի աշխատակիցները գնացին կողքի սենյակ՝ խոսելու երեխաների հետ: Տատիկը՝ Սվետա Հակոբյանը, մինչ փաստաբաններն ու պաշտոնատար անձինք կորոշեին՝ տանեին երեխաներին ՀՕՖ-ի կենտրոն, թե՝ ոչ, թոռնիկների հետ առանձին սենյակում էր: Տատիկն Aravot.am-ի հետ զրույցում երեխաների հոգեկան ապրումների մասին պատմեց.«Մեծը շատ էր անհանգիստ էր, ես շատ եմ վախենում հանկարծ երեխային մի բան չլինի, որովհետեւ մեկ անգամ տանում էին ՀՕՖ-ի կենտրոն, երեխան սթրես տարավ: Անմիջապես բժշկի ենք տարել, ասացին՝ երեխային չի կարելի սթրեսի ենթարկել: Հիմա երեխան շատ վատ էր զգում, ուզում էր դուրս գար սենյակից: Ասացի՝ մի որոշ ժամանակով գնա ՀՕՖ-ի կենտրոն, հետո կգանք կտանենք, ասաց՝ եթե դու նման բան անես՝ ես ինքնասպան կլինեմ»:

Մանրամասն՝ տեսանյությում

Սոցիալական աշխատողներն ու այլ իրավասու անձինք երեխաների բացասական կարծիքը լսելուց հետո որոշեց դադարեցնել գործողությունը՝ փոքրիկներին այսօր չտեղափոխեցին ՀՕՖ-ի կենտրոն: Թե հետագայում կրկին նման որոշում կլինի, թե՝ ոչ, ինչ գործողություններ կլինեն, այս պահին պարզ չէ:

Aravot.am-ի հարցին՝ հաշվի առնելով, որ երեխաները չեն ցանկանում տեղափոխվել ՀՕՖ-ի կենտրոն, եւ սա արդեն 3-րդ անգամ է, արդյոք խնամակալության մարմինն իրավասություն կամ մտադրություն ունի նորից քննարկելու այս հարցը՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահով եւ այլեւս նման որոշում չկայացնել, Արամ Մարտիրոսյանը պատասխանեց. «Այս որոշումը հետագայում չենք իրականացնելու: Հաջորդ որոշումը լինելու պարագայում էլ մենք շատ լուրջ քննարկման առարկա կդարձնենք այն, նկատի ունենալով այս ամենը: Մենք նոր գործընթաց,երեխաներին այս միջավայրից (նկատի ունի տատիկի բնակարանը, Ն.Բ.) հանելու, այս հոգեբանական իրավիճակում տեղափոխություն խնամակալության մարմինը չի իրականացնելու»:

Մենք նաեւ պարզաբանում խնդրեցինք փաստաբան Կարեն Ղազարյանի այն տեղեկությանը, թե Մարտիրոսյանը չի կարող անկողմնակալ լինել, քանի որ երեխաների հոր հետ մտերիմ հարաբերություններ ունի: Մարտիրոսյանը հերքեց այս տեղեկությունը:

Երեխաներից մեկի, երբ նրանից հետաքրքրվում էին՝ ցանկություն ունի՞ գնալ ՀՕՖ-ի կենտրոն, թե՞ ոչ, ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնություն հրավիրեցին, ապա տեղափոխեցին հիվանդանոց: Ըստ բժիշկի զննության՝ երեխայի մոտ ախտորոշվել է «սիտուացիոն պայմանավորված նեւռոտիկ», իսկ հոգեբանն էլ ցուցում է տվել՝ խուսափել նյարդային վիճակներից: Դաշյանը մեզ փոխանցեց բժշկի խոսքերը՝ երեխան անընդհատ ասում էր՝ ինձ կացարան չտանեք:

Աշխեն Դաշյանի ներկայացմամբ՝ մինչ մոր մահը, ըստ քրեական գործի, պարբերաբար տեղի է ունեցել ընտանեկան բռնություն երեխաների աչքի առաջ, եւ նրանք այս գործով որպես վկա որոշակի տեղեկություններ են ներկայացրել եւ տվել ցուցմունքներ եւ քննիչը որոշում է կայացրել վկա երեխաների պաշտպանական միջոց ընտրել ՀՕՖ-ի կենտրոն տեղափոխելը, հիմնավորելով, թե տատիկն ու մորեղբոր ազդեցությունը կա եւ ցուցմունքը անաչառ չի կարող լինել. «Երեխային մեկուսացնում են, որպեսզի քրեադատավարական գործողություն իրականացնեն ու ստանան ցուցմունք՝ իր հարազատների դեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Դաշյանն ասաց, որ տատիկը դիմել է դատարան՝ երեխաների բնակության վայրը որոշելու համար, տատիկի հայցից հետո երեխաների հայրն էլ հակընդդեմ հայց է ներկայացրել նույն պահանջով. «Մինչդեռ երկու տարի հայրը երեխայի բնակության վայրը որոշելու պահանջով չէր դիմում դատարան: Նա նույնիսկ ոչ մի նյութական աջակցություն, ծննդյան տոնը նշելու ոչ մի գործողություն հայրը չի արել: Երկու տարի է խնամակալները՝ տատիկն ու մորեղբայրն են հոգ տանում»:

Դաշյանն ու երեխաների տատիկը պատմեցին, որ երեխաներն արդեն մեկ անգամ եղել են ՀՕՖ-ի կենտրոնում եւ այլեւս չեն ուզում, նրանց բնակության վայրը որոշելու հարցը, ըստ Դաշյանի, չի քննարկվում ելնելով երեխայի լավագույն շահից. «Երեք կառույցների ներկայացուցիչները՝ կենտրոնի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահը, Նելլի Դուրյանը եւ քաղաքապետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը քննարկման ժամանակ ասել են՝ մենք պարտավոր ենք քննիչի որոշումն ի կատար ածել, այն է՝ երեխաներին ՀՕՖ-ի կենտրոն տեղափոխել, անկախ նրանից, որ երեխաները դեմ են: Ես այդ կառույցներին նաեւ ներկայացրել էի հոր վայբեր հաղորդագրությունն ուղղված աղջկան՝ ես քեզ կտանեմ ՀՕՖ-ի կենտրոն, ոստիկանություն կդիմեմ, քո նկարները կտամ իրենց, սպառնացել է: Այսօր դրանք իրականություն դարձան»:

Մանրամասները՝ տեսանյութում

Դաշյանը ներկայացրեց հոգեբանի մասնագիտական կարծիքը՝ երեխաներից մեկի՝ 10 ամյա աղջնակի հետ աշխատելուց հետո. «Մի մեջբերում է կատարվել երեխայի խոսքից, հայրը վայբեր հաղորդագրությամբ նրան գրել է՝ ՀՕՖ-ի կենտրոնում կասեմ այնպիսի բաներ քեզ կսրսկեն, որ կմոռանաս թե ով ես, ուտելիքիդ մեջ այնպիսի բաներ կգցեն, որ տեղդ չես իմանա: Այս խոսքերից հետո հոգեբանն այն կարծիքին է, որ երեխայի մոտ անգամ խոսել չի կարելի ՀՕՖ կենտրոնի մասին: Մենք ունենք վայբեր հաղորդագրություն, որտեղ հայրը աղջկան գրել է՝ եթե դու չգնաս ՀՕՖ կենտրոն, ես քեզ զոռով կտանեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031