ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ անցումային շրջանում է մանկությունն ապրել, ինչով պայմանավորված հետաքրքիր դրվագներ կան: Հիշում է, որ շուտ է դպրոց գնացել, իսկ մայրը երբեք այլոց նման չի եկել դպրոց ու հետաքրքրվել տարրական դասարաններում սովորող երեխաներով, որոնք երկուսն էլ գերազանց էին սովորում:
«Ամեն անգամ հարցնում էինք, թե ինչու դպրոց չի գալիս, ասում էր` հո չե՞մ գա խայտառակ լինեմ»,-ժպտալով պատմում է մեր զրուցակիցը: Հիշում է, որ մի անգամ էլ ծիկրակել են, թե ինչպես է գովասանքի խոսքերով անցնում ծնողական ժողովը
«Երբ տուն էինք վերադառնում, նայեցինք մամային, թե հիմա ի՞նչ պիտի պատասխանի: Ինքն էլ, որ երբեք չէր սիրում իր երեխաներին գովել, ասաց` հա՜, լավ, ցեխի մեջ ընկած փետի կտոր եք, գիտեք, թե ծաղիկ ե՞ք…. Դրանից բազմաթիվ տարիներ են անցել, օրերս ֆեյսբուքյան հարթակում տեսա, թե ինչպես էր ընկերներիցս մեկի հայրը որդուն գրել` իմ պարծանք, ես հասկացա, որ մեր ընտանիքում դա երբեք հնարավոր չի եղել` ոչ մանկության տարիներին, ոչ հետագայում»,-ժպտալով նշեց Դավիթ Պիպոյանը:
Կարդացեք նաև
«Միշտ, երբ տանն ասում եմ, որ այ, ձեր դաստիարակության այսինչ մեթոդը ճիշտ չէր, ծնողներս պատասխանում են` մեր սխալ դաստիարակության արդյունքը դուք եք, ձերը կտեսնենք»,- հավելում է նա:
Մեր հարցին` երկու փորձագետ Պիպոյան մեկ ընտանիքում, ինչպե՞ս են խաղաղ գոյակցում (նկատի ունենք նաեւ Բաբկեն Պիպոյանին), Դավիթ Պիպոյանն ասում է, որ եղբայրներով շատ հազվադեպ են հանդիպում` աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով. «Երեւի շատերին տարօրինակ է թվում, երբ քաղաքում իրար տեսնում են մեզ փաթաթվելիս, բայց իսկապես քիչ ենք հանդիպում: Ինձ համար միշտ դժվար է եղել որպես փոքր եղբայր, որովհետեւ գնում ես դպրոց, բոլորն ասում են՝ վայ, եղբայրը լավ է սովորում, ինքն էլ պետք է լավ սովորի, գնում ես երաժշտական, բոլորի մոտ էլի այդ համեմատությունը կա…Մի հետաքրքիր պատմություն պատմեմ…Ես փոքր ժամանակ շատ աշխատասեր էի, իսկ եղբայրս ավելի խելացի: Դրա համար իրեն ամեն ինչ ավելի հեշտ էր տրվում: Ես միշտ ձգտում էի ապացուցել, որ ես ավելի խելացի եմ: Այնպես ստացվեց, որ ավելի բարձր դասարաններում մեզ նույն ուսուցիչն էր ֆիզիկա դասավանդում: Ինքը շատ խիստ էր, ու մի անգամ ինձ ավելի բարձր գնահատական նշանակեց, քան եղբորս: Դրանից հետո ինձ թվում էր, որ իրականացավ իմ կյանքի գլխավոր երազանքը: Շատ գոհ վերադարձա տուն ու եղբորս ասացի` դու այլեւս չես կարող ասել, որ դու ինձանից խելացի ես:
Եղբայրս ասաց, որ դա բոլորովին կապ չունի, որ էդպես է, արի հենց հիմա գնանք ընկեր Բաբայանի մոտ եւ հարցնենք, թե ով է ամենախելացին: Երբ գնացինք դպրոց, ընկեր Բաբայանը հարցրեց` ի՞նչ է պատահել Պիպոյան եղբայրներ, որ այսպես միասին եկել եք: Ասացինք` ուզում ենք իմանալ, թե մեզանից ով է ավելի լավ սովորում: Շուռ եկավ ու ասաց` Դավիթ ջան, եթե չեմ սխալվում, ամբողջ դպրոցում միայն քեզ եմ հինգ նշանակել: Եղբայրս հարցրեց` ընկեր Բաբայան, իսկ ո՞վ է ամենախելացին: Ֆիզիկայի ուսուցիչը շրջվեց դեպի նա ու ասաց` իհարկե, դու…Եվ այստեղից հասկացա, որ պետք չէ մրցակցել:
Հետագայում էլ մենք բացարձակապես ծայրահեղ տարբեր մասնագիտություններ ենք ընտրել` կիրառական մաթեմատիկա եւ գյուղատնտեսություն` սննդի ոլորտ: Երբեւիցե չենք մտածել, որ որեւէ օր իրար հետ պետք է միասին աշխատենք»:
Կրտսեր Պիպոյանն ասում է, որ մի շրջան, երբ արտասահմանում էր ապրում եւ ուսում ստանում, ու երբ սննդամթերքի անվտանգության խնդիրներն էին լուսաբանվում, լրատվամիջոցներն իրեն այդքան էլ չէին ճանաչում ու միշտ հարցնում էին` դուք է՞լ եք սննդի մասնագետ, այն դեպքում, երբ սննդի մասնագետը հենց ինքն էր: Ժպտալով պատմում է, թե ինչպես էին երեխա ժամանակ եղբոր հետ կռվում, ու մայրն ասում էր, որ երկուսին քաղաքի տարբեր ծայրեր է ուղարկելու ապրելու, իսկ այժմ յուրքանչյուրն իր ոլորտում կայացած մարդ է:
Սննդագիտությունից մինչեւ իտալական օպերաներ եւ երազանքներ
Դավիթ Պիպոյանին հարցրինք` գյուղատնտեսության ոլորտ, սննդագիտություն եւ իտալական օպերաներ, ինչպե՞ս կարողացավ դրանք համադրել: Ի պատասխան՝ նա հիշեց իր եւ եղբոր ուսումնառությունը երաժշտական դպրոցում, Հայաստանի փոքրիկ երգիչների լսումներն ու Տիգրան Հեքեքյանի դրվատանքի խոսքերը եւ մոր խստապահանջությունը, որ ինքը բացարձակ երաժշտական լսողություն չունի: Նաեւ պատմեց, թե ինչպես է ի վերջո Իտալիայում իրականացրել իր երազանքը եւ մշակել ձայնը, որպեսզի կարողանա տիրապետել գեղեցիկ երգեցողության նրբություններին:
Իտալիայում սովորած եւ աշխատած գիտնականին հարցրինք, թե Իտալիայում եւ Հայաստանում ինչն է սիրում` զուգահեռներ անցկացնելով: Մեր զրուցակիցը հայտնեց, որ առաջին անգամ Իտալիա ոտք դնելիս մտածել է այնտեղ հաստատվելու մասին, իսկ հետագայում վերանայել է որոշումը, որովհետեւ Հայաստանն այլ գույներով է տեսել:
«Իտալիան շատ սիրում եմ որպես երկիր, որովհետեւ լի է մշակույթով եւ աշխարհի լավագույն երկրներից մեկն է իմ մասնագիտության առումով: Աշխարհի լավագույն գինիները, պանիրները, երշիկային արտադրանքն այնտեղ են: Ամենակարեւոր բանն այն է, թե իտալացիները որքան հպարտ են իրենց մշակութային ժառանգությամբ, հենց սննդի մշակույթով: Մեզ մոտ կա մի կարեւոր խնդիր` մենք կարծես մերը թողած՝ ընկնում ենք ուրիշների մթերքները հայաֆիկացնելով, այն դեպքում, որ դրա կարիքը բոլորովին չունենք…
2015թ. ես որպես փորձագետ Հայաստան վերադառնալու առաջարկ ստացա, դա այն ժամանակն էր, երբ ցանկանում էին հացը հարստացնել ֆոլաթթվով ե երկաթով: Հենց այդ ժամանակ Հռոմի առողջապահության ազգային ինստիտուտում էի, շատ լավ պրոֆեսորներից մեկի մոտ: Նա ասաց, որ դա վատ որոշում է եւ Իտալիայում ժամանակին պայքարել են դրա դեմ: Խնդրեցի պրոֆեսորի թղթերը: Նոր տարվա օրերն էին, ես շատ դժվարությամբ հասա Հայաստան: Ինձ համար շատ կարեւոր էր մաս լինել իմ երկրին, որովհետեւ էլ որտե՞ղ պետք է կիրառես քո գիտելիքները, եթե ոչ քո հայրենիքում: Այդ ընթացքում, դեռ չէի ավարտել դոկտորանտուրան, բայց այն, որ գիտելիքդ կարող ես ծառայեցնել քո ծննդավայրում, շատ ոգեւորիչ էր ինձ համար»,-ընդգծում է գիտնականը:
Դավիթ Պիպոյանն ասում է՝ մի քանի վարչապետ է փոխվել իր գործունեության ընթացքում. «Շատ կարեւոր է, որ այդ ամբողջ ընթացքում որպես մասնագետ դու պահպանում եք քո փիլիսոփայությունը: Հայաստանում խնդիրն այն է, որ հաճախ մարդիկ աշխատում են ոչ թե հանուն գաղափարի, այլ հանուն անձերի: Մեր պարագայում դա այդպես չէ, գիտնականը միշտ իր կարծիքին է, որովհետեւ կարծիքը հիմնված է գիտական հետազոտությունների հիման վրա:
Երբ նոր էի վերադարձել Իտալիայից, բոլորին թվում էր, թե մի քիչ կաշխատեմ, կփախնեմ-կգնամ: Առաջին տարին անընդհատ հարցնում էին, թե երբ եմ գնալու ու զարմանում էին իմ պատասխանից: Մի բան էլ կա` բոլորին թվում է, եթե դու ինչ-որ բան շատ լավ ես անում, ուրեմն պետք է դառնաս պաշտոնյա: Այ դա, ես չէի կարողանում հասկանալ: Եթե դու որպես հետազոտող, դրամաշնորհային ծրագրերի իրականացման առումով լավ աշխատանք ես կարողանում կատարել, որից օգտվում են մեր կենտրոնի աշխատակիցները, ասպիրանտները, մագիստրոսները աշխարհի տարբեր երկրներում համատեղ հետազոտություններ, հրապարակումներ են անում, տարբեր կոնգրեսների են մասնակցում, ինչո՞ւ պետք է գործդ փոխես: Բոլորին թվում է, թե այլ աշխատանքն ավելի լավն է, իրականում եթե ուզում ես, որ քո հաջողությունը լինի վարակիչ, չպետք է կկվի նման այստեղից այնտեղ տեղափոխվես, պետք է ամրանաս:
Հայաստանում մի խնդիր էլ կա` մենք կոնֆլիկտների հաղթահարման մշակույթ չունենք: Մեզ մոտ, երբ երկու ընկեր, բարեկամ կռվում են, հետագայում խռով են մնում: Իսկ Իտալիայում կարող են իրար ծեծել, 7 հարկանի հայհոյանքներ տալ, բայց երեկոյան նստել-պարզաբանել, հետո թիմային աշխատանք անել: Հայաստանում ընդունված չէ թիմային աշխատանքը, այստեղ ամեն ինչ շատ անհատական է: Մեզ մոտ ընդունված չէ գիտելիքով կիսվելը: Դրա համար ոլորտներ կան, որտեղ մենք լավագույն մասնագետներն ենք ունեցել աշխարհի մակարդակով, սակայն նրանք իրենցից հետո մարդիկ չեն պատրաստել»:
Հարցրինք` իսկ մի՞շտ է սկզբունքային սննդի ընտրության հարցում, օրինակ, եթե տնեցիները խնդրեն Կոկա-կոլա գնել, կգնի՞:
«Այս հարցում ես ծայրահեղ եմ, եւ ծայրահեղականությունս ունի պատճառ, մենք փոքր ազգ ենք, փոքր քաղաք, ու բոլորն իրար ճանաչում են: Եթե դու, օրինակ, չծառայես, ոչ մեկը քեզ չի հավատա: Բնականաբար, շատ տխրում են, որ ասում եմ այսինչ բանը չի կարելի անել, չեն լսում, բայց ամբողջ օրը չես կարող մարդկանց խելք ու խրատ տալ: Հաճախ կատակով ասում եմ, որ սննդագետները նման են աստղերի, նրանք հուշում են, բայց չեն պարտադրում…Եթե գնում եմ որեւէ բան գնելու, խանութի աշխատողը չգիտի` հայրիկիդ համ՞ար ես առնում, թե՞ քո: Կասի` ամբողջ օրը հեռուստացույցով ասում է` սա չի կարելի ուտել, նա չի կարելի, իսկ ինքն առնում-ուտում է…Շատ է պատահել, որ երեկոյան ժամերին ռեստորանում մարդիկ չտեսնելու են տալիս, հետո մոտենում ասում են, որ հետեւել են, թե ինչ եմ պատվիրել»,-պատասխանեց սննդագետը:
Հայուհիներն ավելի գեղեցիկ են, քան իտալուհիները
Հարցին` իտալուհինե՞րն են գեղեցիկ, թե՞ հայուհիները, Դավիթ Պիպոյանը պատասխանում է` միանշանակ հայուհիները: «Բնավորությամբ հայուհիները շատ ավելի լավն են, քան իտալուհիները: Եթե ես ունենայի քույր, անպայման քրոջս խորհուրդ կտայի իտալացու հետ ամուսնանալ, բայց եղբորս նույն խորհուրդը չէի տա: Իտալական խոսք կա` մամոնե, որը մամայի բալան է: Բոլոր իտալացիները մամայի բալա են, որովհետեւ այնտեղ կանայք բնավորությամբ ուժեղ են, լիդեր են, ագրեսիվ: Այսօր Հայաստանում շատ են խոսում կանանց հանդեպ բռնություններից, ես միշտ մի օրինակ եմ բերում, ասում եմ` ախր դուք չեք ապրել Եվրոպայում եւ չգիտեք, թե ինչ է նշանակում կանանց հանդեպ բռնություն: Ես Իտալիայում սովորել եմ եւ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ աղջիկները տղաներին ծեծել են կամ հակառակը, մինչդեռ Հայաստանում որեւէ բուհում նման բանի ականատես չես լինի: Երբ փոխանակման ծրագրերով մենք ենք գնում, նաեւ այստեղ են իտալուհիներ գալիս: Մի քանի ամիս այստեղ անցկացրեց իմ շատ լավ ընկերներից մեկը` Մասիմիլիանան, որը վերադառնալուց հետո իր շնորհանդեսն էր ներկայացրել: Հարցրել էին, թե ինչն է ամենաշատը տպավորել Հայաստանից, ասել էր` տղամարդկանց եւ կանանց հարաբերությունները: Ասել էր` Հայաստանում այնքան ռոմանտիզմ կար, 20 տարեկան տղաներն աղջիկներին սիրո խոստովանություններ են անում, ծաղիկներ են նվիրում, փափուկ խաղալիքներ, դուռ են բացում նրանց առաջ.. Պատահական չէ, որ բոլոր այն իտալացիները, որ գալիս են Հայաստան մի որոշ ժամանակ աշխատելու, անպայման ամուսնանում են հայուհիների հետ»:
Գավառցի պապի, հումորի եւ երկընտրանքի մասին
Հումորով մարդկանց էլ անդրադարձ եղավ, ասաց, որ հումորն իր կյանքում կարեւոր նշանակություն ունի, դա հեշտացնում է կյանքը. «Պիպոյաններն արմատներով Գավառից են, պապս միշտ ասում էր` շուն կա, հաչում է, գել է բերում, շուն կա, հաչում է, գել է փախցնում: Դա նույնն է հումորի պարագայում: Երբ դու նույն բանն ասում ես կատակով, դա ավելի շատ ազդեցություն է թողնում, քան հորդուբորդով ասվածը: Ես սիրում եմ լավ տրամադրություն, հումոր, ծիծաղ, ինձ համար ամենածանր աշխատանքը եղել է կառավարությունում աշխատանքը, որտեղ ամենակարճն եմ աշխատել, այնտեղ ամեն ինչ չափից դուրս լուրջ էր»:
Դավիթ Պիպոյանը հիշում է, որ կառավարության իր աշխատասենյակում անգամ ամեն օր ծիծաղ է հնչել: Նշում է, թե ինչպես էր Լիդուշիկի «Փոքրերի աշխարհ» երգը լսում, որի հետ կապված զվարճալի հիշողություններ ունի: Ի դեպ, այդ ժամանակ շատ երիտասարդ էր` ընդամենը քսան տարեկան էր:
Մեր զրուցակիցն իրեն հաջողակ մարդ է համարում, թեեւ գտնում է, որ դեռ շատ ճանապարհ պետք է անցնի: Իրեն համարում է նաեւ երազանքները չսահմանափակող մարդ: Հիշում է, որ երբ ուսանող էր, շատ սահմանափակ էին փոխանակման ծրագրերը, իսկ ինքն իր առաջ խնդիր էր դրել, անպայման արտասահմանում սովորել:
«Ես կյանքում երբեք չեմ ձգտել շատ գումար աշխատել, եթե Իտալիայում ապրեի, ամենադժբախտ մարդն ինձ կհամարեի, որովհետեւ Իտալիան մեծ երկիր է եւ ամեն թփի տակ մի սննդագետ կա»,-ընդգծում է նա:
Նաեւ մի տպավորիչ դրվագ է հիշում. «2015 թ. մի միջոցառման էի մասնակցում, եւ մի իտալացի էր եկել, որ Սիդնեյում տարբեր ռեստորանների սերտիֆիկացմամբ էր զբաղվում, աստղաբաշխական մեծ աշխատավարձով ինձ գլխավոր մենեջերի աշխատանք առաջարկեց, ես մտածում էի` դոկտորանտուրա՞, թե՞ շատ փող: Ու ինքս ինձ հարցրի` քո հաջողության բանալին երբեւէ եղել է փո՞ղը, թե՞ դոկտորանտուրան: Ընտրեցի դոկտորանտուրան, գնացի մինչեւ վերջ, ստացա կոչումս: Երբ պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն ինձ առաջարկեց 5 տարի աշխատել Իտալիայում, ասում էր` Հայաստանում բարդ է, մեկ է՝ չես դիմանա, ես միեւնույն է` ընտրեցի Հայաստանը: Հիմա պրոֆեսորն ամեն տարի ինքն է գալիս Հայաստան, ուրախանում է մեր արած գործերով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գլխավոր լուսանկարը` Նարեկ Ավագյանի
Լուսանկարները` Դավիթ Պիպոյանի անձնական արխիվից:
Մանրամասները` տեսանյութում: