Քիչ առաջ Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան զրկել է նոտարներին Երեւան քաղաքի սեփականություն հանդիսացող նոտարական գրասենյակների տարածքները տնօրինելու իրավունքից:
Արդեն իսկ շրջանառվում են տեղեկություններ, որ այդ բարձրաստիճան պաշտոնյան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է, որը նշված ժամանակահատվածում եղել է արդարադատության նախարար:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ինչ կապված է Հրայր Թովմասյանի հետ կամ Հրայր Թովմասյանի անվան հետ, նախարար եղած ժամանակվա հետ, ես այդ ամեն ինչին խիստ կասկածանքով եմ վերաբերվում այն բանից հետո, երբ արդարադատության նախարարությունը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով քրեական հետապնդման դեպքում պետք է ավտոմատ կասեցվեն Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, այդ պահից սկսած ցանկացած գործողություն, որը կապված է Հրայր Թովմասյանի նկատմամբ ենթադրյալ քրեական հետապնդման հետ, ինձ մոտ տարակուսանք է առաջացնում»:
Մեր դիտարկմանը՝ չե՞ք բացառում, որ այս քրեական գործը հենց Հրայր Թովմասյանի դեմ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ թե չեմ բացառում, այլ կարծում եմ՝ ավելի շատ դա է, քան ուրիշ բան: Թվում է՝ քրեական գործի նյութերին անտեղյակ եմ ու նման մեկնաբանություն չպետք է անեմ, բայց զարգացումների ներքո ինձ իրավունք եմ վերապահում իր հետ կապված ցանկացած գործընթացին կասկածել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ