«Ամուլսարի բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության ապօրինի գործողություններն ահազանգ են փոփոխություններ կատարելու: Առայժմ փոփոխություն կատարելու վերաբերյալ մենք ուղերձներ չունենք: Սա չփոփոխված ոստիկանության գործունեության հետևանք է»,- հարցին՝ ինչո՞ւ է ոստիկանությունը շարունակում քաղաքացիների հետ շփվել նույն ձևաչափով, օրինակ՝ Ամուլսարում բողոքի ցույցերի ժամանակ նրանց գործողությունները, «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պատասխանեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Արթուր Սաքունցը հիշեցրեց վատ ավանդույթները, երբ ոստիկանությունը օգտագործվում էր իշխանության կողմից որպես սաստող միջոց. «Սա այն արատավոր կոնցեպտն է, որի արտահայտումն էր Ամուլսարի միջադեպը, որը տխուր հիշողություններ արթնացրեց: Սա լուրջ մարտահրավեր է: Քրեական ոստիկանությունը պետք է լինի առանձին մարմին, որը իշխանությանը ենթակա չէ: Հիմա մեզ մոտ ոստիկանությունն իր ողջ համակարգով քաղաքական իշխանության ենթակայության տակ է: Մինչդեռ պետք է լինի ներքին գործերի նախարարությունը, որտեղ հասարակական կարգի պահպանումը պետք է լինի որպես պետության պոզիտիվ պարտականություն»:
Նա տեղեկացրեց՝ նաև ստանում ենք այնպիսի ահազանգ, որ ոստիկանական ուժեր են կուտակվում Ջերմուկում: Այնուհետև հարցրեց՝ ինչո՞ւ, այդ ի՞նչ հանցածին իրավիճակ է, որ ոստիկանական ուժերի՝ այդպիսի մեծ կենտրոնացում են անում:
Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը հայտնեց՝ դեռ 2016-ի հոկտեմբերին բարձրացրել է Ներքին գործերի նախարարության վերականգնման անհրաժեշտությունը. «Ինչքան շատ են լինում վերահսկողական օղակները, այնքան վերահսկողությունը լավ է իրականացվում: Մեզ մոտ ընդհանրապես բացակայում են վերահսկողական օղակները: Ոստիկանությունը ենթարկվում է վարչապետին և վերջ: Արդեն երկրորդ դեպքն է. միանշանակ անհամաչափ ուժի կիրառում է: Եթե սկզբնական փուլում այս զարգացումները չկանխվեն, դրանք կխորանան և գնալով ավելի մեծ խնդիրների ու դժգոհություններ կհանգեցնեն և մեր երկրի հեղինակությանը կվնասեն: Ոստիկանությունը ժողովրդավարական երկրում չպետք է դիտարկվի որպես ուժ»:
Կարդացեք նաև
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին անհանգստացնում է ԱԱԾ-ին առաջնային պլան մղելը: Նա հարց բարձրացրեց՝ ի՞նչ գործ ուներ ԱԱԾ-ն Իջևանում. դա ոստիկանության գործն էր, կամ ինչո՞ւ են քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին ԱԱԾ կանչել: Ըստ Ավետիք Իշխանյանի, եթե ինչ-որ կասկած կա, դրա համար կան քննչական մարմիններ. «ԱԱԾ-ն բոլոր հարցերով առաջին պլանում է: Խորհրդային տարիների պես մարդիկ սարսափում են ԱԱԾ-ի անունը լսելուց: Վտանգավոր միտում է ԱԱԾ-ն դարձնել առաջնահերթ, հոգեբանորեն մարդիկ սարսափում են՝ միայն ԱԱԾ լսելով: Սա ինձ համար անընդունելի է, այդ գերատեսչության՝ մոնստր դառնալն ինձ շատ է անհանգստացնում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ