«Դուք պատեհապաշտներ եք, կարող էիք սա կանխել, թույլ չտայիք, որ բանը հասներ նրան, որ դուրս գայինք փողոց…Դուք ժողովրդի անունից մի՛ խոսացեք, մենք ձեզ ոտից գլուխ ճանաչել ենք արդեն»,- Բաղրամյան պողոտայում, երբ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող բնապահպանները բողոքի ցույց էին անում, քաղաքացիներից մեկը քննադատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Անի Սամսոնյանն ասաց. «Հեղափոխության ընթացքում եւ հեղափոխությունից հետո շատ մարդիկ, քաղաքական ուժեր գովում էին պարոն Փաշինյանին, ծափահարում էին, փորձում էին տեղավորվել նրա ընտրական ավտոբուսի մեջ, չէին փորձում քննադատել, որպեսզի հանկարծ հարձակումների չենթարկվեին: «Լուսավոր Հայաստանը» թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հեղափոխության ընթացում, եւ թե՛ հետո միշտ բաց է եղել քաղաքացիների հետ: Մենք ունեցել ենք մեր օրակարգը, առանց որեւէ կաշկանդվածության քննադատել ենք կառավարությանը եւ երբեւէ որեւէ քաղաքական իրադարձություններին մենք դիվիդենտներ չենք քաղել, որովհետեւ «Լուսավոր Հայաստանը» պղտոր ջրում ձուկ որսացող չի, մենք միշտ աշխատում ենք եւ լողում ենք զուլալ ջրերում եւ մենք միշտ աշխատում ենք քաղաքացիների հետ: Իսկ «Լուսավոր Հայաստանին» պատեհապաշտ գոռացողները առաջինը թող իրենք իրենց մասին մտածեն: Աստվածաշնչի մեջ ասվում է՝ թող առաջինը քարը գցեն նրանք, ովքեր անմեղ են: Սա տեղավորվում է այդ տրամաբանության մեջ: Այնպես որ, մենք մտածելու բան չունենք: Այն, որ ինչ-որ մեկը փորձեց ինքնահաստատվել ուղիղ եթերում՝ «Լուսավոր Հայաստանին» անվանելով պատեհապաշտ, ինքը որպես քաղաքական միավոր, կարծում եմ, որեւէ էական նշանակություն չունի»:
Ցուցարարն ասում էր՝ դուք կարող էիք սա կանխել, թույլ չտայիք, որ բանը հասներ նրան, որ դուրս գային փողոց, այս քննադատությունն ինչքանո՞վ է տեղին, ունեի՞ք լծակներ կանխելու շահագործման թույլտվությունը՝ Անի Սամսոնյանը պատասխանեց. «Համաձայն «ՀՀ Ընդերքի մասին» օրենքի, ընդերքի օգտագործման կառավարումը կառավարության եւ պետական լիազոր մարմնի իրավասությունն է, ԱԺ-ն չունի որեւէ իրավասություն որեւէ բան կանխելու: Ոչ միայն մենք՝ «Լուսավոր Հայաստանը», այլեւ բոլորը շատ խելոք սպասում էին, թե երբ կլինի փորձաքննության եզրակացությունը: Հիմա «Լուսավոր Հայաստանն» իր փաստարկները Ամուլսարը չշահագործելու ներկայացնում է եզրակացության տեսանկյունից, այսինքն, մեր ասելիքը փաստարկված է: Իսկ նրանք, ովքեր դուրս են եկել փողոց, «Լուսավորին» էլ անվանում են պատեհապաշտ ու առանց փաստարկված հիմնավորումների գոռում են, թե Ամուլսարը չպիտի շահագործվի, այստեղ ես ուզում եմ հասկանալ՝ մե՞նք ենք պատեհապաշտը, թե՞ իրենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ