Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի րոպե, Հովիկ Աբրահամյանը ի՞նչ կապ ունի մեր հետ՝ ԲՀԿ-ի հետ». Նաիրա Զոհրաբյանի արձագանքն ու Ամուլսարի հարցը

Օգոստոս 22,2019 15:52

Ամուլսարի շահագործման դեմ պայքարող բնապահպաններն օրերս բողոքի ցույց էին անում Բաղրամյան պողոտայում: Նրանց միացան նաեւ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը:

Ցուցարարներից մեկը սկսեց խիստ քննադատել ԲՀԿ-ականներին՝ ասելով, որ դուք հանցավոր իշխանության մաս եք կազմել եւ իրավունք չունեք խոսել ժողովրդի անունից: Ցուցարարը Նաիրա Զոհրաբյանի հետ սկսեց վիճել՝ քննադատելով, որ այն ժամանակ հանքը շահագործման չտայիք, նման խնդրի առաջ չէր կանգնի ժողովուրդն ու նոր իշխանությունը:

Aravot.am-ը Նաիրա Զոհրաբյանին հարցրեց՝ չե՞ք ընդունում այն քննադատությունը, որ եթե ժամանակին հանքը շահագործման տալիս ընդդիմանայիք իշխանությանը, գուցե այսօր նման իրավիճակ չստեղծվեր, ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց, թե ո՞վ է ասել, որ մենք իշխանությունների կողքին ենք կանգնել հանքը շահագործման տալիս, բերեք փաստ. «Հանքը շահագործման է հանձնվել 2015-ին: 2015-ին ԲՀԿ-ն ո՛չ կոալիցիա է եղել, ո՛չ իշխանություն է եղել: Վերջին անգամ ԲՀԿ-ն կոալիցիայում եղել է 2007-2012 թվականներին: Իսկ ո՞վ է ասել, որ մենք իշխանությունների կողքին ենք կանգնել, դուք հիմա շարունակում եք այդ կանաչ վերնաշապիկով երիտասարդի թեզը: Ես ասում եմ՝ իմ էջում տեղադրված է «Սերժի վախտ», այսինքն՝ նախկին իշխանության ժամանակ մեր դիրքորոշումը Ամուլսարի վերաբերյալ՝ Ամուլսարի շահագործումը գենոցիդ է: Եթե մենք ասում ենք գենոցիդ է, դա նշանակում է կանգնել իշխանությունների կողքի՞ն»:

Մեր դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանը ողջունում էր Ամուլսարի հանքի շահագործումը՝ տիկին Զոհրաբյանը արձագանքեց. «Մի րոպե, Հովիկ Աբրահամյանը ի՞նչ կապ ունի մեր հետ՝ ԲՀԿ-ի հետ: Ենթադրում եմ, որ Հովիկ Աբրահամյանը ողջ եւ առողջ է, դիմեք Հովիկ Աբրահամյանին: 2015-ին ԲՀԿ-ն չի եղել իշխանության մաս, մենք եղել ենք ընդդիմություն: Եթե եղել է նախագիծ, որը բխել է ժողովրդի շահից, քվեարկել ենք կողմ, եթե եղել է որոշում, որը չի բխել ժողովրդի շահից, քննադատել ենք, ինչպես Ամուլսարինը՝ անկախ նրանից՝ Աբրահամյան Հովիկն է եղել վարչապետ, Պողոս Պողոսյա՞նը, թե՞ Մաթեւոս Մաթեւոսյանը»:

Քանի որ տիկին Զոհրաբյանը փաստեր ուզեց, ներկայացնենք որոշ փաստեր, թե ի՞նչ կապ ունի Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի հետ: Արդարության համար նշենք, որ կոնկրետ Նաիրա Զոհրաբյանը Հովիկ Աբրահամյանի ու նրա կառավարության գովեստով չի զբաղվել, բայց դա արել են իր քաղաքական ուժի անդամները:

Նախ, Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց այսպես կոչված «հրաշալի քառյակի» գործունեության արդյունքում, համենայնդեպս, այդպես հայտարարեցին քառյակի անդամները: Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո «քառյակցիները» հայտարարեցին, որ իրենց նպատակի առաջին փուլին հասել են:

Բացի այդ, Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ հանքի շահագործման թույլտվությունը եղել է 2015-ին, նույն այդ թվականին ԲՀԿ-ն կողմ քվեարկեց Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած 2016-ի բյուջեի նախագծին, որի հանքարդյունահանման ծրագրերում չէր կարող չերեւալ Ամուլսարի հարցը: Ու այն ժամանակ, երբ խմբակցության քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Վահե Էնֆիաջյանին հարցրեցին՝ թե ինչո՞ւ հանկարծ նախկին բոլոր բյուջեները «հողին հավասարեցնելուց» հետո այս անգամ լրիվ հակառակ դիրքորոշումն եք որդեգրել, այն դեպքում, երբ կյանքը գնալով վատացել է, նա պատասխանել էր. «Ներկայիս ղեկավարությունն այն պարկեշտությունը, կեցվածքն ունի, որի համատեքստում էլ այդպիսի փաստաթուղթ է ներկայացրել: Ի տարբերություն նախորդ կառավարության, որը երկնիշ աճ էր արձանագրում, բայց մենք անկում էինք գրանցում»:

Ավելին, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյյանը հայտարարել էր. «Հովիկ Աբրահամյանն արժանի էր վարչապետ լինելուն, ես կողմ եմ նրա նշանակմանը»:

Թե ինչ կապ ունի Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի հետ, ցույց տվեց նաեւ նրան ԱԺ նախագահ ընտրելու քվեարկությունը, որի ժամանակ ԲՀԿ-ի 25 պատգամավորներ կողմ քվեարկեցին ՀՀԿ թեկնածուի օգտին: Եթե սրան գումարենք նաեւ այն, որ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը հենց ԲՀԿ-ի ցուցակով դարձավ խմբակցության պատգամավոր, եւ որ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամին է, ստանում ենք այդ հարցի պատասխանը, թե ինչքանով կապ ունի Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի հետ:

Իսկ ի՞նչ է ասել Հովիկ Աբրահամյանը Ամուլսարի հանքի շահագործման մասին. «Ամուլսարի հանքի ֆինանսավորումը կարեւոր քայլ է Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման գործում: ՀՀ կառավարությունը ողջունում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում նման էական ներդրումները, որոնք երկիրը դարձնում են գրավիչ միջազգային ներդրողների համար: Ամուլսարի ծրագրի օրինակով ակնկալում ենք այլ սոցիալ-տնտեսական ներդրումներ Հայաստանում»:

Իսկ այս օրերին ԲՀԿ-ն Ամուլսարի հետ կապված հետեւյալ դիրքորոշումն է հրապարակում՝ մենք կանգնած ենք լինելու ժողովրդի կողքին, ժողովուրդը դեմ է, ուստի դեմ ենք նաեւ մենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031