Օրերս Բաղրամյան պողոտայում, երբ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող բնապահպանները բողոքի ցույց էին անում, նրանց միացան նաեւ ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը:
Ցուցարարներից մեկը սկսեց խիստ քննադատել ԲՀԿ-ականներին՝ ասելով, որ դուք հանցավոր իշխանության մաս եք կազմել եւ իրավունք չունեք խոսել ժողովրդի անունից: Ցուցարարը Նաիրա Զոհրաբյանի հետ սկսեց վիճել՝ քննադատելով, որ այն ժամանակ հանքը շահագործման չտայիք, նման խնդրի առաջ չէր կանգնի ժողովուրդն ու նոր իշխանությունը:
Այս առնչությամբ այսօր Aravot.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ինչ-որ տնաբույծ ակտիվիստներ ասում էին վերջին շրջանում հայտնի արտահայտությունը, թե՝ «բա Սերժի վախտ ինչի՞ չէիք խոսում», ես իմ ֆեյսբուքյան էջում տեղադրել եմ Սերժի վախտ ԲՀԿ-ի դիրքորոշումը Ամուլսարի վերաբերյալ, որտեղ Սերժի վախտ մեր խմբակցության պատգամավոր Բագրատյան Սերգեյը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, Սերժի վախտ ասում է, որ Ամուլսարի շահագործումը կլինի գենոցիդ: Սա էլ ի պատասխան բոլոր նրանց, ովքեր փորձում են հերթական անգամ պղտոր ջրում ձուկ որսալ, ովքեր Ամուլսարի տեղն էլ չգիտեն, իրենց ընդամենը մի հատ միջոցառում է պետք իրենց գոյությունը հիշեցնելու համար: Մեզ համար սա մի հատ միջոցառում չի, մեզ համար սա ազգային անվտանգության խնդիր է: Ես սա ասում եմ նաեւ՝ որպես այդ ռեգիոնից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ցուցարարները շատ ջերմ էին իր նկատմամբ, ավելին՝ ինքն այդ օրը եկել էր Ջերմուկի բնակիչների հրավերով. «Այդտեղ մեկ ներկայացուցիչ էր Սասնա ծռերից, ես հիմա չեմ ցանկանում ասել դրդապատճառները, թե ինչու էր ինքը այդքան ոգեւորված, այդ խնդիրը ես ում հետ որ պետք է իր կուսակիցներից՝ քննարկել եմ: Խոսքը ընդամենը մեկ երիտասարդի մասին է Սասնա ծռերից՝ կանաչ վերնաշապիկով, որը բավականին ագրեսիվ վարք դրսեւորեց թե՛ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Անի Սամսոնյանի, թե՛ իմ եւ Վահե Էնֆիաջյանի նկատմամբ: Հույս ունեմ, որ այդ երիտասարդին իր վարքագծի վերաբերյալ ինչ պետք է՝ ասվել է, բացատրվել է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ