«Չպետք է ստեղծել իրավիճակ, երբ ներդրողը հայտնվում է թիրախում, եւ բոլոր գործողությունները մեկ ներդրողի հանդեպ են: Սա պարարտ հող է՝ ՀՀ-ի դեմ արբիտրաժային գործեր բերելու համար, ինչը շատ վտանգներ է պարունակում»,-«Արմենպրես»-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին, ասաց միջազգային արբիտրաժի փորձագետ Արայիկ Պապյանը:
Նա նշեց, թե ինչ հետեւանքներ կարող են լինել այն դեպքում, երբ հանքարդյունաբերողի արտոնագիրը չեղարկվում է. «Երկար ժամանակ ասվում է, որ «Լիդիան Արմենիա»-ն չի կարող դիմել արբիտրաժի, քանի որ օֆշորային ընկերություն է: Բայց այստեղ հաշվի չեն առնվում մի շարք հանգամանքներ. օրինակ այն, որ ֆիզիկական անձի միջոցով էլ է հնարավոր դիմել արբիտրաժի»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2335453126772053/
Կարդացեք նաև
Ըստ Արայիկ Պապյանի՝ կարող է նաեւ առաջանալ իրավիճակ, երբ ներդրողը դիմի իր պետությանը եւ ասի, որ իր իրավունքները խախտված են. «Իսկ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիրը նախատեսում է «պետությունն ընդդեմ պետության» արբիտրաժի ներկայացում: Ներդրողը կարող է պնդել, որ իր հանդեպ խտրական գործողություններ են իրականացվել, ներդրումների ֆիզիկական պաշտպանվածության հարց կարող է առաջանալ: Եթե ներդրողն ի վիճակի լինել հաղթել, ՀՀ-ն մեծ վնասներ կունենա»:
Լրագրողները հետաքրրքվեցին, թե Ամուլսարի դեպքում ՀՀ-ն ինչպես կարող է հակազդել ներդրողին: Արայիկ Պապյանը ընդհանրական պատասխան տվեց. «Շատ դեպքերում հակափաստարկ է ներկայացվում այն, որ ներդրումները կոռուպցիոն գործարքներով են արվել: Եթե միջազգային արբիտրաժային դատարանը գտնի, որ կոռուպցիա է եղել, ապա պետությունն է ապացուցողական բազան ստանձնելու: Երկու դեպք է հայտնի, երբ վեճերը հօգուտ պետության են լուծվել»: Փորձագետը նշեց՝ մամուլում մի շարք թվեր են շրջանառվում այն մասին, թե որքան կտուգանվի ՀՀ-ն, եթե «Լիդիան»-ը հաղթի, սակայն ըստ նրա՝ այս պահին հստակ թիվ նշել հնարավոր չէ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ