Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամուլսարի հարցի լուծման խաղաղ տարբերակը

Օգոստոս 22,2019 10:40

«Մարդկանց դժվար է ինչ-որ բան հասկացնել, երբ նրանց եկամուտը կախված է այն չհասկանալուց»
Ափթոն Սինքլեր, ամերիկացի գրող (1878-1968)

Ներդրումային բարենպաստ միջավայրի ձեւավորումն ու պահպանումը, լինի դա ներքին, թե օտարերկրյա ներդրումների դեպքում, ցանկացած երկրի համար, անկասկած, ունի անփոխարինելի մեծ դեր եւ կարեւորություն:

Գաղտնիք չի լինի նաեւ շեշտել, որ քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական, մշակութային գործոնները կարող են նպաստել կամ խոչընդոտել այդ բարենպաստ միջավայրի հետագա զարգացմանը: Միեւնույն ժամանակ, ստանձնած պարտավորությունների պատասխանատվությանը զուգահեռ, կարեւոր է նաեւ այդ պարտավորությունների հանդեպ Հայաստանի պետության կողմից արդյունավետ հսկողությունը` ապահովելու այդ պարտավորությունների կատարումը: Ի թիվս այլ հնարավոր օրինակների, 20 տարի առաջ` «Արմենթելի» եւ ներկայում` «Սանիտեկի» հետ Հայաստանի փորձը դեռեւս այդ հսկողության գործում արդյունավետության մասին խոսել թույլ չի տալիս:

Հայաստանի պատմության մեջ երկրի ընդերքի օգտագործման հարցում Ամուլսարի հանքի շուրջ ձեւավորված ներկայիս իրավիճակը աննախադեպ է` չնայած որ, իրենց բնույթով, նման նախապայմաններ արդեն եղել են: Ցավոք, օրինակ, 70-80 տարի առաջ Սեւանի ջրի օգտագործման եւ մակերեսի իջեցման հարցը հնարավորություն չունեցավ հանրության լայն քննարկման արժանանալու: Հիմա, մենք հետ նայելով, քննադատում ենք տեղի ունեցածը եւ դրան հանգեցրած որոշումը: Փորձենք ինքներս մեզ եւ երկրին հետ նայել 2090- 2100 թվականներից, ինչպես հիմա նայում ենք 1930-1950-ականներին: Սեւանի դեպքում էլ են ներկայացվել համոզիչ հաշվարկներ, հավանականության գնահատումներ եւ հիմնավորումներ: Կան հարցեր, որոնք առնչվում են երկրի տարածքի զգալի մասի եւ ամբողջ երկրի հետագա զարգացման կամ այդ զարգացումը խոչընդոտող պայմանների հետ:
Հիշենք, որ մենք գործ ունենք հայկական համաշխարհային ազգի մշակութային կենտրոն` Հայաստանի ապագայի հետ:

Առաջարկս հետեւյալն է.

1. Նախ եւ առաջ, գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկել երկրի հանքերի (առաջին հերթին` մետաղական) տրամադրման (այդ թվում` վաճառքի) եւ շահագործման կարգը եւ չափանիշները խստորեն պահպանելու ուղղությամբ: Հաշվի առնելով, որ երկրի զարգացման գերակա ճյուղերի շարքում հանքարդյունաբերությունը չի ներառվում, ապա հանքերի թվաքանակի զգալի ավելացում չի ենթադրվում, ուստի եղած ծավալի աշխատանքը իրատեսական է` մարդկային եւ կապիտալի առկա ռեսուրսների պայմաններում:

2. Ամուլսարի հանքի աշխատանքը դադարեցնելու փոխարեն սկսել այն փոխհատուցմամբ ազգայնացնելու (նացիոնալիզացիայի) գործընթացը: Հանքի աշխատանքից ակնկալվող ոսկու տարեկան արժեքը, համաձայն մամուլում ներկայացվող տեղեկատվության, մոտ 7-8 տոննայի շրջանակներում է: Սա նշանակում է (ոսկու ներկայիս գներով հաշված) մոտ 350 մլն դոլարի հասույթ, որը, կարելի է ենթադրել, կապահովի միջին հաշվով մոտ 25-30% շահութաբերություն: Համեմատության համար հարկ է նշել, որ աշխարհի խոշորագույն հանքարդյունահանող ընկերությունների միջին շահութաբերությունը 2002-2018 թվականների ժամանակահատվածում տարեկան մոտ 13-15% է կազմում: Այսպիսով, մոտ 100 մլն դոլար շահույթ ստանալու (եւ այն այդչափ էլ ներկայացնելու) դեպքում, պետությունը կարող է հարկի տեսքով ակնկալել 20 մլն դոլարը: Խոսքը գնում է շուրջ 3 մլրդ դոլար եկամուտ ունեցող պետական բյուջեում 20 մլն դոլարի կամ բյուջեի ընդամենը 0.7%-ի մասին: Սա մեկ տարվա պետական բյուջեում ընդամենը երկու օրվա եկամուտն է: Իհարկե, հարցը զուտ ֆինանսական չէ եւ չի սահմանափակվում զուտ պետական եկամտի ակնկալվող գումարի հարցով: Գերկարեւոր է գործող եւ պոտենցիալ ներդրողների կողմից Հայաստանի պետության հանդեպ վստահությունը: Հանքի ազգայնացումը հարցը կկարգավորի: Աշխարհում կան հանքերի եւ այլ ոլորտների ազգայնացման հաջողված եւ միանգամայն ընդունված նախադեպեր եւ մեծ փորձ, ինչպես, օրինակ, Իսլանդիայում 2008-2010 թթ.-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում խոշոր բանկերի ազգայնացումը: Ի դեպ, ինչպես Իսլանդիան, այնպես էլ ազգայնացման տասնամյակների եւ ավելի մեծ ծավալների փորձ ունեցող Միացյալ Թագավորությունը (Մեծ Բրիտանիան) միջազգային ասպարեզում շարունակում են ընդունվել որպես վստահելի գործընկերներ: Հանքի ազգայնացման դեպքում, անհրաժեշտ կլինի կատարել փոխհատուցման հետ կապված դիվանագիտական եւ իրավական հմուտ աշխատանք եւ բանակցել վճարի չափի եւ ժամկետների շուրջ:

Այս դեպքում այդ գումարը զգալի չափով ավելի փոքր կլինի եւ գործընթացն էլ` ավելի մեղմ` համեմատած հանքի աշխատանքը պետության կողմից դադարեցնելու դեպքում Հայաստանի հանդեպ ներկայացվող հետագա հնարավոր տուգանքների հետ: Եվ ժամանակային կտրվածքով (պետության, ինչպես նաեւ այլ մասնակիցների լայն շրջանակների ներգրավմամբ` Հայաստանում եւ Սփյուռքում) հարցը լուծելի է դառնում: Ինչպես հայտնի ստեղծագործության մեջ է ասվում. «Մասը փոքր է ամբողջից եւ, որպեսզի չկորցնենք ամբողջը, պետք է զոհաբերել մասը»: Այս տրամաբանությունը, վստահ եմ, ընկալելի եւ ընդունելի կլինի ազգայնացման գործարքի մյուս կողմի համար էլ:

3. Հանքի ազգայնացումը կարելի է եւ, կարծում եմ, պետք է իրականացնել համապետական հանրաքվեի արդյունքում ընդունված որոշման հիման վրա: Այստեղ այդքան էական չէ, թե Հայաստանի քվեարկության ձայնի իրավունք ունեցող քաղաքացիները մասնագիտական գիտելիք ունեն, թե չունեն հանքի աշխատանքի հետ կապված օգուտներն ու վնասները (այդ թվում` բնության հանդեպ) գնահատելու համար: Հանրաքվեների հարցում աշխարհում ամենափորձառու շվեյցարացի ժողովուրդը նման դեպքերում ուղղակի հայտնում է իր կարծիքը, եւ քաղաքական գործիչներին ու մասնագետներին այլեւս այլընտրանք չի մնում, քան այդ քաղաքական որոշումը կատարելը:

4. Հանքը ազգայնացնելուց հետո, կառավարության որոշմամբ այն փակվում է եւ դրա հետագա օգտագործումը` կասեցվում:

Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հեղինակը մասնագիտությամբ տնտեսագետ է, շուրջ մեկ տասնամյակ աշխատել է Հայաստանի բանկային համակարգում, 2005թ.-ից ապրում եւ աշխատում է Ասիայում (Պեկին, Սինգապուր եւ ներկայումս` Հոնկոնգ), Սինգապուրի ազգային համալսարանում (National University of Singapore) «պետական/ազգային ինքնություն» ուսումնասիրության ոլորտում պաշտպանել է թեզ եւ ստացել «Աշխարհաքաղաքականություն եւ քաղաքական աշխարհագրություն» մասնագիտության դոկտորի գիտական աստիճան: Վ. Վարդանյանը ներկայացրել է Սինգապուրի հայ համայնքը «Հայաստան-Սփյուռք» համաժողովում, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված պետական հանձնաժողովի նիստի, «Ընդդեմ ցեղասպանության» համաշխարհային համաժողովի աշխատանքներին, ելույթներով հանդես է եկել կոնֆերանսներում, համաժողովներում եւ հանդիպումներում:

 

«Առավոտ» օրաթերթ
22.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031