Եթե մարդիկ իրավունք ունեին փողոց փակելու՝ «Սերժին մերժելու» համար, ապա նույն իրավունքն ունեն Ամուլսարի հանքի շահագործումը մերժելու նպատակով: Եթե ակտիվիստները բարձրախոսով իրավունք չունեն մտնելու ԱԺ տարածք, ապա գործադիր իշխանության կողմնակիցները անցած տարվա հոկտեմբերի 2-ին նույնպես իրավունք չունեին դա անել՝ բարձրախոսով եւ թմբուկով: Եթե վարչապետը եւ պետական այլ պաշտոնյաներ փաստարկներ են բերում՝ հօգուտ հանքի շահագործման, ապա մնացած քաղաքացիները նույնպես իրավունք ունեն բերելու իրենց հակափաստարկները հանքի շահագործման դեմ՝ անկախ նրանից, թե այդ քաղաքացիներն ինչ պաշտոնների էին կամ ինչ դիրք են ցանկացել զբաղեցնել: Ավելին՝ Հայկական բնապահպանական ճակատի գործունեությունը հարգանքի է արժանի եւ պետք է շարունակի իր աշխատանքը՝ հակակշռող ուժ հանդիսանալով կառավարության գործունեությանը: Ուրիշ հարց, որ Ամուլսարի խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլեւ իրավական, տնտեսական ու քաղաքական (այդ թվում՝ միջազգային): Բոլոր դեպքերում ոչ ոք չպիտի փորձի մյուսի բերանը փակել:
Ասվածը ճիշտ է նաեւ «հակառակ կողմից»: Ինչպես իշխանությունը չպիտի սահմանափակի արտահայտվելու ազատությունը, ընդդիմադիրները նույնպես չպիտի փորձեն դա անել յուրահատուկ շանտաժի միջոցով: Այդ շանտաժի ձեւերը բազմաթիվ են: Օրինակ, ընդդիմության քոչարյանամետ հատվածի համար, այդ «տրամաբանությունը» գործում է այսպես. եթե ես չեմ կարծում, որ Քոչարյանի ժամանակ Հայաստանը երկնային դրախտ էր, ուրեմն, ես ներդրված եմ Նիկոլի կողմից: Հատկապես այս տեսակի «սպառնալիքները» սաստկացել են վերջերս, երբ իշխանությունը ստիպված կանգնել է դժվար ընտրության առաջ, եւ տարբերակ կա քաղաքացիների վրա, այսպես ասած, բարոյական ճնշում գործադրելու: Եթե ես ցանկանում եմ, որ կառավարությունն Ամուլսարի հարցում հավասարակշռված մոտեցում ցուցաբերի, ուրեմն ես ուզում եմ, որ իմ երեխաների եւ թոռների գլխին նոր «Չեռնոբիլ» գա: Եթե ես մեծ նշանակություն չեմ տալիս Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման-չվավերացմանը, ուրեմն ես ուզում եմ, որ Հայաստանում օրինականացվեն միասեռական ամուսնությունները: Այդ ծայրահեղացված, միֆականացված «սարսափները» կոչված են ազդելու հասարակական կարծիքի վրա եւ սահմանափակելու ազատ արտահայտվելու հնարավորությունը:
Չնայած այս առումով էլ է որոշ չափով «իրավիճակ փոխվել»: 1988-90 թվականների ակտիվիստների կարծիքով, նրանք, ովքեր դեմ էին ատոմակայանի եւ «Նաիրիտի» փակմանը, ոչ միայն հայ չէին, այլեւ ընդհանրապես մարդ չէին: Այնպես որ առաջընթացն ակներեւ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պոչամբարները, ջրամբարները, ատոմակայանները 29000 քառակուսի կիլոմետր տարածքի համար դանդաղ գործողության ականներ են (мины замедленного действия):
Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ազգային (պետության) անվտանգության ծառայության (գրասենյակի) վերլուծաբանները կարծիք ունե՞ն, թե՞…
Կարծում եմ դրսից գործում են շատ հզոր ուժեր, որոնք ուղղակիորեն ստիպում են նոր իշխանությանը գնալ դավաճանության նույն ՝բաժանիր որ տիրես՝ սկզբունքով, դրա համար մենք պետք է առավել հզոր հավաքներով սատար կանգնենք մեր նոր իշխանությանը, որ հրաժարական չտա ու կանգնենք նրա թիկունքին ու ստիպենք նրան հրաժարվել պառակտող հարկադրվող դավաճանական որոշումից: Նոր իշխանությունը ժողովրդի համար շատ բան է արել, հիմա ժամանակն է, որ ժողովուրդն էլ ինքը սատար կանգնի իշխանությանը: Կա եւ Մեծն Թումանյանի Խոսող ձկան տարբերակը, երբ Հրեշը դասական վաշխառուական ձեւերով սկզբից ՝լավություն՝ է անում, իսկ հետո այդ լավությունը մարդու քթից հանում է, այդ դեպքում մենք ազգովին Խոսող ձուկ ենք դառնում:
«սատար կանգնենք մեր նոր իշխանությանը»
Սատար կանգնենք նոր իշխանությանը ևս մի 30 տարի, եթե ժամանակ ունեք:
Սատար կանգնելը այլ կերպ նշանակում է կառավարությանը թույլ չտալ էշություն անեն, բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ կան դրսից վճարվող կաշառվող պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, որոնք ոչ մի բանով չեն տարբերվում նախորդներից եւ միգուցե ավելի զզվելի երեւույթ են, քան նախորդ կաշառակերները: Ով Ամուլսարը հանքի է վերածում, դրանք հաստատ այդ դրսից կաշառված զզվելի երեւույթներն են, պարզ երեւում է, որ դա հայի ձեռագիր չէ: Բայց եւ կան չախտոտվածներ, սրանց էլ հենց պետք է սատարել:
Բոլորն արտահայտվելու իրավունք ունեն և կարելի է փաստել, որ այդ իրավունքը այսօր իրականություն է դարձել ավելի քան երբև է՝ դրա ապացույցը լրատվությունն է, TV-ն և համացանցը։ Այս պահի դրությամբ, նույնիսկ, նշմարվում է մեկ այլ խնդիր, կարգավորել այդ հնարավորությունը պատասխանատվությամբ, արտահայտված կարծիքների համար, երբեմն նույնիսկ, իրավաբանորեն։ Այս ամենի մեջ, կա մի մեծ դրական պահ, մարդիկ ազգովի (այս զանգվածից բացառենք քաղաքական շահարկումները), այս կամ այն չափով, լծված են իրենց երկրի խնդիրներից մեկի լուծմանը։ Կարծիքներ են փոխանակում, վիճում են, պակաս գիտելիքներն են լրացնում, ցանկության դեպքում, գնահատում են քաղաքական իրավիճակը՝ սա մի գործընթաց է, երբ քաղքենին կարող է քաղաքացու վերափոխվել։ Այս ամենի մեջ ամենակարևորը պատասխանատվության պահն է։ Այս կառավարությանը հիմնականում որակում են, որպես պոպուլիստական։ Այս պահի դրությամբ Ամուլսարի հարցում, ԴԵՌ կառավարությունը ընդունել է ոչ պոպուլիստական մի որոշում, չհաճոյանալով հասարակության զգալի հատվածի ցանկությանը, հիմնվելով միայն իրեն ընձեռաց իրավունքից և պատասխանատվությունից։ Սակայն այն մարդիկ, որոնք այլ կարծիք ունեն, ևս պետք է իրենց վրա վերցնեն այդ պատասխանատվության մասնաբաժինը, քննադատելուց և մեծ-մեծ խոսելուց առաջ։ Ո՞վ է մեղավոր, որ Ամուլսարը Քոչարյան-Սարգսյան դուէտի կառավարման ժամանակ օտարվեց, որպես հանք – Մենք։ Թույլ չտայինք։ Եթե կառավարությունը որոշի հանքը չշահագործել և դա անդրադառնա երկիրի ներդրումային գրավչության վրա, բոլոր հետևանքներով հանդերձ և ենթարկվի միլիոնավոր տույժերի, ո՞վ է այդ ամենի տակից դուրս գալու – բնականաբար, Մենք։ Ուրեմն, բաժանենք այդ գումարը մարդաքանակի վրա և յուրաքանչուր քաղաքացին թող վճարի այդ պարտքի իր մասնաբաժինը։ Այ դա, կլինի պատասխանատվություն։ Այդ պարագայում, պոռոտախոսների քանակն էլ կտրուկ կնվազի։ Եթե ես լինեյի Վարչապետի տեղը, գտնվելով նման հուժկու քաղաքական, տնտեսական ճնշումների ներքո, իսկ արտաքին ճնշումների վերաբերյալ կարելի է միայն ենթադրել, այս հարցը կդնեյի հանրաքվեյի՝ ինչ կորոշեք, նա էլ կլինի։ Սակայն դա նրա կողմից կլիներ խուսափել պատասխանատվությունից։ Ա՞րդյոք դա հասկանում է մեր հասարակությունը։ Ես մեծ կասկածներ ունեմ։ Փաշինյանը, իր բոլոր ենթադրվող (ես գնահատական տվող չեմ) վրիպումներով և սխալներով հանդերձ, մեր միակ նվաճումն է այսօր։ Եթե նա էլ տապալվեց այս խնդիրների ներքո ( թալանված երկիր, չկայացած պետություն, իր բոլոր կառույցներով հանդերձ, այս պահի դրությամբ միգուցե և դավադիր, իրավիճակին չհամապատասխանող գիտակցությամբ հասարակություն, ռեվանշին սպասող ավազակների առկայությամբ, որոնք հենարան ունեն դրսներում) կարելի է վերջակետ դնել։ Ծանոթ պատմություն։