Հարցազրույց նկարիչ-դիզայներ Բագրատ Դիվանյանի հետ
– Վերջին շրջանում դիզայներական ոլորտների մասին խոսելիս ձեր անունը հոլովվում է ոչ թե մեկ, այլ մի քանի ասպարեզներում միաժամանակ, այդ թվում՝ կինո, բեմարվեստ, TV-ի, տպագրություն եւ գովազդ… Դուք նաեւ օրերս ավարտված Համահայկական 7-րդ խաղերի բացման եւ փակման հանդիսավոր արարողության գլխավոր նկարիչն էիք եւ ողջ դեկորների իրականացնողը:
– Ես գեղանկարիչ եմ, նաեւ ունեմ կազմակերպչական ջիղ, եւ արդի մշակույթն ու առանց չափազանցության օրեցօր այդ ոլորտում կատարելագործվող տեխնիկան մշտապես հետաքրքրել է ինձ: Բացի գեղանկարչությունից, ձեր թվարկած տարբեր ոլորտները, իմ դեպքում, կարելի է դիտարկել որպես հոբբի: Տարիների ընթացքում ժամանակի պահանջարկով «կերպարանափոխվել» է ստեղծագործական կյանքս՝ գեղանկարչությունից դեպի դիզայն:
2007-ից արդեն 5-րդ անգամ Համահայկական խաղերի գլխավոր նկարիչն եմ: Ժամանակին համագործակցել ու շարունակում եմ ստեղծագործել կառավարության տարբեր գերատեսչությունների հետ, այդ թվում՝ պաշտպանության նախարարության, մշակույթի, Սփյուռքի, տարածքային կառավարության, ինչպես նաեւ քաղաքապետարանի, պետական ֆիլհարմոնիայի եւ այլ կառույցների հետ: Իրականացրել եմ նաեւ դեկորներ «Եվրատեսիլի» համար:
– Չե՞ք կարծում, որ, օրինակ, կինոյի եւ թատրոնի ոլորտների հետ դիզայն հասկացությունը նվազ աղերս ունի…
– 2000-ականների սկզբից ինձ հետաքրքրեց եռաչափ համակարգչային մոդելավորումն ու անիմացիան, որտեղ հանդես եմ գալիս ե՛ւ նկարիչ, ե՛ւ ռեժիսոր, ե՛ւ լուսավորող, ե՛ւ օպերատոր: Եռաչափ անիմացիայով իրականացրել եմ բազմաթիվ գովազդային հոլովակներ, TV հաղորդումների համար շապիկներ…
– Ասում են՝ Բագրատի մուտքը TV նոր խոսք էր հատկապես արդիական լուծումներով՝ տաղավարների: Նաեւ կատակում են, թե այսօր, բացի Դիվանյանից, կարծես այլ մասնագետ չկա Հայաստանում:
– Ունենք բարձրակարգ դիզայներներ, որոնց մեծ մասի հետ ե՛ւ ընկեր եմ, ե՛ւ գործընկեր: Իսկ մեր ոլորտում առողջ մթնոլորտ է տիրում:
Ժամանակին ինձ բախտ վիճակվեց առաջին անգամ պատրաստել TV հաղորդման դեկորացիայի դիզայն, այն Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի «Արեւիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի տաղավարն էր (մեր զրուցակցի հայրը «Արեւիկի» գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանն է, հորաքույրը՝ ճանաչված երաժշտագետ, կոմպոզիտոր Նաիրա Դիվանյանը, մորեղբայրը՝ Սանկտ Պետերբուրգում ապրող ու ստեղծագործող Մանվել Մադոյանը.- Ս.Դ.): Այդ առաջին աշխատանքից հետո տարված էի TV տաղավարների ձեւավորմամբ, ինչը հետագայում վերաճեց կինոյի եւ թատրոնի ինտերիերի եւ համահայկական խոշորամասշտաբ միջոցառումների դիզայներական ամբողջական փաթեթի (նախագծի կոնցեպտ, ձեւավորում, իրականացում եւ դրանց հետ առնչվող տնտեսաիրավական խնդիրների լուծում):
Ինչ վերաբերում է կինոյի ու թատրոնի ինտերիերին, ինչպես նաեւ մասսայական միջոցառումների ու TV տաղավարների աշխատանքներին, դրանք ինչքան ունեն նույն անվանումը՝ միջավայրի ձեւավորում եւ դեկորների ստեղծում, նույնքան էլ իրարից տարբեր են՝ պահանջում են տարբեր մոտեցումներ: Օրինակ՝ TV-ի եւ կինոյի դիզայների վերջնական աշխատանքը պետք է դիտել տեսախցիկի «աչքով», թատրոնինը՝ հանդիսատեսի ընկալմամբ, ինտերիերի դիզայնում այդ ամենը շոշափելի է, այ, մասսայական միջոցառումներում դիզայների աշխատանքն այդ երեքի սինթեզն է:
– Հազվադեպ, բայց հայաստանյան տարբեր նախագծերի համար դիզայներներ են հրավիրում «դրսից», հիմնականում՝ Ռուսաստանից…
– Հարցը հասկանալի է՝ իսկապես ունենք բարձրակարգ մասնագետներ: Տեսականորեն ոլորտը պատրաստ է կարծես, բայց պրակտիկորեն՝ դեռ ոչ այնքան: Մեր ոլորտում օրեցօր նոր պահանջներ ու տեխնիկական լուծումներ են անհրաժեշտ…
– Իսկ դրա համար արդյոք վաղուց անհրաժեշտ չէ՞ ունենալ դպրոց:
– Մենք դպրոց չենք ունեցել: Իմ օրինակով ասեմ՝ ինչին որ ձգտել եմ, հասել եմ պրակտիկայի, ուսումնասիրությունների եւ մասնագիտությանս՝ գեղանկարչության ու կերպարվեստի շնորհիվ: Իսկ մասնագիտությունս ներառում է բոլոր ճյուղերը՝ քանդակագործություն, դեկորատիվ կիրառական արվեստ, գրաֆիկա: Ես հիմնել ու ղեկավարում եմ Stage Style կազմակերպությունը, ունեմ ստեղծագործական եւ աշխատանքային թիմ: Կուզեի, որ մեզանում գործեն դպրոցներ, հաճախ կազմակերպվեն սեմինարներ, փոխայցելություններ, իրականացվեն փոխանակման ծրագրեր, որոնք կխթանեն որակի բարձրացմանը եւ միջազգային շուկայի հետ «ոտք մեկնելուն» կամ նույն հարթության վրա գտնվելուն:
– Հետաքրքիր է, ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը: Գաղտնիք չէ, որ դիտելով, օրինակ, հայաստանյան եւ ռուսաստանյան նույնանուն կամ նմանատիպ միջոցառումները եւ համեմատելով դրանք, մշտապես հենց դիզայնի առումով վեր ենք դասում «դրսինը», առաջին հերթին ընդգծելով ակնահաճո փաստը: Արդարության դեմ չմեղանչելու համար, նշենք, որ պարզապես դիզայնի առումով հիանալի էր Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությունը:
– Յուրաքանչյուր աշխատանքից հետո, գոնե իմ դեպքում, մշտապես լինում են մեկնաբանություններ, բայց, հավատացնում եմ, դրանք ցանկության տեսքով են:
Անշուշտ լսում եմ դրանք, վերլուծում: Ավելին՝ հաշվի եմ նստում ճշմարիտ մտքերի ու կարծիքների հետ:
– Կոնկրետ ոչ ձեր պարագայում, բայց եղել են դեպքեր, երբ դիզայներական աշխատանքը մեզ մոտ իրականացվել է մեկին-մեկ կրկնօրինակման եղանակով:
– Հարցին այսպես պատասխանեմ՝ մշտապես ականջալուր եմ խելացի մտքերին: Հավատացնում եմ, երբեք ոչ մի լավ, նույնիսկ հանճարեղ միտք չեմ վերագրել ինձ:
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
21.08.2019