«Ես ուզում եմ գալ հանձնվել, բայց մտավախություններ ունենալով, որ ապօրինի գործողություններ կանեն, ինչպես որ արել են 2019թ. մարտի 2-ին Մոսկվայից վերադառնալուց «Զվարթնոց» օդանավակայանում բերման ենթարկելուց հետո, դեռ չեմ հանձնվում»,-ասում է գործարար, գազալցակայանների, սպասարկման մի շարք օբյեկտների տեր, «Ռուբ Ռուս» ֆիրմայի հիմնադիր, գյումրեցի Ռուբեն Սարգսյանը:
Վերջինիս վերաքննիչ քրեական դատարանը դատապարտել էր 4,6 տարվա ժամկետով ազատազրկման: Դատարանը նրա նկատմամբ կիրառել էր համաներում, եւ նա դրսում էր անցյալ տարվա նոյեմբերի 6-ից: Նա դատապարտվել էր առեւանգման գործով, տուժողը նրա այգեպանն էր, միեւնույն ժամանակ նրա գազալցակայանում աշխատողը:
Ռուբեն Սարգսյանի անունը շրջանառության մեջ դրվեց՝ կապված 2018 թ. մարտի 8-ին Շիրակի մարզում տեղի ունեցած դաժան սպանության հետ. առերեւույթ պատվիրատուն, ըստ լրատվամիջոցներում հայտնվածի, 45-ամյա Ռուբեն Սարգսյանն է: Ըստ նախնական տեղեկությունների, 2018 թ. մարտի 8-ին Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արեւիկ գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվել էր Սպիտակ քաղաքի բնակիչ Էդգար Գյուլազյանի դին։
Նախնական վարկածի համաձայն, դատաբժիշկները պարզել էին, որ նրա մահը վրա է հասել արտածին նյութով սուր թունավորումից. նրան սպանել են մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու ու թմրանյութային գերդոզավորման եղանակով։
Կարդացեք նաև
Ռ. Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նշեմ, որ սպանության գործով կալանավորված է երկու անձ՝ օժանդակող «Շաք» մականունով հայտնի Սարգիս Ֆարմանյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել 2019թ. մարտի 4-ին եւ իբրեւ կատարողի՝ Նարե Ներսիսյանը: Երեքից եւ ոչ մեկը չի ընդունում իրեն մեղսագրվածը:
«Երեք ամիսը չլրացած՝ նորից ինձ բերման ենթարկեցին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային կետից՝ Մոսկվայից Երեւան վերադառնալուց, իբր հարցեր կան ճշտելու ու ինձ տարան Էրեբունիի բաժին»,-«Առավոտի» հետ հեռակա զրույցն այսպես սկսեց հետախուզվող Ռուբեն Սարգսյանը:
Իսկ ինչպես է իմացել «իր գործի» մասին հարցիս պատասխանեց. «Կենտրոն» հեռուստատեսությունով 2019թ. մարտի 5-ին ցուցադրեցին իբր թմրանյութերի մեծ շրջանառությամբ եմ զբաղվում եւ իբր արդեն կան մարդիկ, որոնք պնդում են: Բերման ենթարկեցին ու տարան Էրեբունու բաժին»:
Իսկ ի՞նչ արեցին բաժնում, ինչպես փախաք, «Առավոտի» հարցին Ռ.Սարգսյանը պատասխանում է. «Էրեբունիում տարան մի կաբինետ ու նստած սպասում են իբր իրենց պետին: Հարցրեցի՝ ինչի համար եք բերել, ասում են՝ սպասի պետը կգա աշխատանքի, մի քիչ հետո կիմանաս: Ես զանգեցի փաստաբանին, կանչեցի, ասում եմ՝ ես գնամ, ձեր պետը կգա, ծանուցագիր կուղարկեք՝ կգամ, համոզում են, որ մնամ, եկավ ինչ-որ քննիչ, ասաց՝ մի քիչ հետո քննչական խումբ է գալու, նոր կսկսենք: Ես արդեն զայրացած ասում եմ՝ թողեք գնամ: Ներս մտավ ինչ-որ մեկը ու ներկայացավ՝ Էրեբունիի քրեականի պետ, անուն-ազգանունը չեմ հիշում, ու մի տեսակ հեգնանքով՝ «Ուդի», ինչ ես ձենդ քցել, օրենք ես պահանջում, հեղափոխությանն ես խափնվել ու հեռախոսներս, մոտ $5000 եւ անձնագիրս խլեցին, իջեցրեցին առաջին հարկում նկարեցին, նորից բարձրացրին վերեւ, հետո նրանցից մեկին խնդրեցի (միջանցքում սուրճի սարքավորում էր դրած)՝ թույլ տվեք դուրս գանք միջանցք սուրճ խմելու ու նրանցից մեկի հետ գնացինք սուրճի սարքավորմանը մոտեցանք: Երկրորդ հարկի ելքի դռան հարեւանությամբ էր, էդ պահին իմ հետի ոստիկանին զանգ եկավ, նա խոսալով գնաց միջանցքի հակառակ ուղղությամբ, ես էլ աննկատ իջա առաջին հարկ, արդեն մոտենում էի ելքի դռանը, ոստիկաններից մեկը տեսնելով հարցրեց՝ քեզ թողեցի՞ն, ես առանց երեսին նայելու ասացի՝ գնա բռնողներին հարցրա ու դուրս եկա էնտեղից ու արագ-արագ քայլելով հեռացա բաժնից»:
Զրուցակիցս նաեւ փորձում է զուգահեռ անցկացնել Գյումրիում կատարված «սպանություն որակածը» «տարօրինակ դեպքերի» հետ. «Էդգար Գյուլազյանի մահվան ժամանակ ես գտնվել եմ բանտում: Այդ սպանությունը կեղծիքներով փորձում են բարդել իմ վրա: Ես այս պահին մտավախություն ունեմ, իմ նկատմամբ ապօրինի գործողություններ են կատարվել Երեւանի Էրեբունի բաժանմունքում, ու հեռուստատեսությամբ որակում են սպանություն, դրա հետ մեկտեղ թմրանյութերի շրջանառության հետ են կապում իմ անունը, որը եւս կեղծ տեղեկություններ են»:
Ի դեպ, «առեւանգման գործով», ըստ զրուցակցիս, «Տուժողն ինքն ուներ ցուցմունքներ, որոնք ապացուցում են, որ ես չեմ առեւանգել, բայց ինձ ապօրինի դատեցին 5 տարի 5 ամիս ազատազրկման, առանց հաշվի առնելու տուժողի ցուցմունքները: 2015թ. ինձ մեղադրեցին իբր առեւանգել եմ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.08.2019