Լրահոս
Օրվա լրահոսը

Նորագույն զենքերի խմբաքանակի ենք սպասում՝ տարվա վերջին

Օգոստոս 22,2019 12:30

ՀՀ եւ ՌԴ ռազմական գերատեսչությունների միջեւ հարաբերությունների
ռազմավարական մակարդակը թույլ է տալիս հուսալու, որ դեռ շատ բան կարվի, վստահեցնում է Շոյգուն

 

Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումն իր գործընկերոջ, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Ըստ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։

Գոհունակություն հայտնելով հարաբերությունների ներկայիս մակարդակի վերաբերյալ եւ ընդգծելով դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը, պաշտպանության նախարարները կարեւորել են համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտունակության ամրապնդման եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետեւողական զարգացումը։

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցեր։ Նշվում է, որ Դավիթ Տոնոյանը եւ Սերգեյ Շոյգուն մի շարք կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման շուրջ։

Ուշագրավ է ռուսաստանյան կայքերով Տոնոյան-Շոյգու հանդիպման այլ կարեւոր նրբերանգը։ Ըստ պետական ՏԱՍՍ գործակալության՝ նշյալ հանդիպմանը Շոյգուն առաջարկել է մտքեր փոխանակել ոչ միայն ռազմական եւ ռազմատեխնիկական երկկողմ ծրագրերի շուրջ, այլ նաեւ անդրադառնալ Սիրիային ցուցաբերվող մարդասիրական համատեղ օգնությանը: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի իր պաշտոնակից Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը ընդգծել է Սիրիայում Հայաստանի ականազերծողների եւ բժիշկների ցուցաբերած հումանիտար օգնության մեծ նշանակությունը: Շոյգուն նշել է, որ հազարավոր մարդիկ բժշկական օգնություն են ստացել, Հայաստանի վիրաբույժները մի քանի հարյուր վիրահատություն են կատարել. «Դա շատ մեծ աշխատանք է, որը չի կարելի չնկատել եւ անտարակույս իր ներդրումն ունի այդ տարածաշրջանում իրավիճակի նորմալացմանը»: Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաեւ նկատել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական գերատեսչությունների միջեւ հարաբերությունների ռազմավարական մակարդակը թույլ է տալիս հուսալու, որ դեռ շատ բան կարվի:

Հայ-ռուսական ռազմական համագործակցության արդյունավետության մասին հիշատակելիս, փաստորեն, ռուսական կողմը հարկ է համարում հիշեցնել, թե հատկապես ինչու երկու կառույցների միջեւ ռազմավարական մակարդակը բարելավելու հնարավորություններ ունի։

«Ազատության» հետ զրույցում պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խոսել է տարվա վերջին որոշակի խմբաքանակ նորագույն զենքերի մատակարարման թեմայով:

Դավիթ Տոնոյանի ու Սերգեյ Շոյգուի՝ Մոսկվայում կայացած հանդիպման մասին հարցին, թե ի՞նչ կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել, «մասնավորապես՝ նոր զենքի խմբաքանակ, նոր զինատեսակներ Ռուսաստանից հնարավո՞ր են առաջիկայում», ՊՆ խոսնակն ասել է. «Պաշտպանության նախարարը Ռուսաստանի իր գործընկերոջ հետ հաճախ հանդիպում է ինչպես աշխատանքային այցի ժամանակ, այնպես էլ երկու պետությունների ռազմական համագործակցության տարբեր պլանային միջոցառումների շրջանակներում, այնպես էլ ՀԱՊԿ կամ այլ ֆորմատի միջազգային, միջպետական տարբեր միջոցառումների ժամանակ: Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը ընդգրկում է բավականին լայն սպեկտր, եւ դա, բնականաբար, չի առնչվում միայն զենք եւ զինամթերքին. մենք համագործակցում ենք տեխնիկական ոլորտներով, կրթության եւ մարտական պատրաստության, ինչը շատ ավելի վերջին շրջանում կարեւորում ենք՝ համատեղ զորքերի զորավարժություններ, մարտական պատրաստության բարձրացում եւ այլն»: Ինչ վերաբերում է զենք-զինամթերքի թեմային, Արծրուն Հովհաննիսյանը նշել է. «Այո, մենք ունենք շատ հստակ պայմանավորվածություններ, մենք այս տարի էլ՝ տարվա վերջին, սպասում ենք որոշակի խմբաքանակ նորագույն զենքերի, զինամթերքի, պահեստամասերի եւ այլն, եւ դա, ըստ էության, պետք է ասեմ, ինչ-որ առումով նաեւ մշտական պրոցես է: Երբեմն ուղղակի էդ գործընթացները մի փոքր ծավալային առումով մեծացվում են, մի փոքր փոքրացվում են, բայց երբեք չեն դադարում, որովհետեւ մեր Զինված ուժերի մարտունակության բարձրացումը ենթադրում է մշտական ռազմատեխնիկական համալրվածություն: Պարոն Տոնոյանը դեռ Ռուսաստանում է, եւ այցի պլանով շարունակվում է: Առաջիկայում եթե լինի միջոցառումների հանրայնացնելու առիթներ, մենք դրա մասին կիրազեկենք»:

Իհարկե, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս մակարդն էլ պակաս տպավորիչ չէ։ Բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական հարաբերությունները ինտենսիվորեն զարգանում են, բացի այդ, ՌԴ նախագահը ժամանակ առ ժամանակ տարբեր պարգեւների է արժանացնում Ալիեւի ընտանիքի անդամներին։

Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարեկամության շքանշանով է պարգեւատրել Ադրբեջանի առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային: Ալիեւան նման պարգեւի է արժանացել «ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված արժանիքների համար»:

Ռուսաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները նաեւ ակտիվ են եռակողմ ձեւաչափում։ Օգոստոսի 14-ին Սոչիում պետք է կայանար երեք պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը։ Սակայն Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոուհանիի բարձր մակարդակի հանդիպումը հետաձգվեց՝ տեխնիկական պատճառներով: Այդ հանդիպումը նախատեսում է օգոստոսի երկրորդ կեսին, որին նախորդելու է երեք երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպումը:

Օրեր առաջ Իրանում էր Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաեւը, որն Իրանում հանդիպում է ունեցել իր նախկին գործընկեր, իսկ ներկայում Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզիի, ԻԻՀ էկոնոմիկայի նախարար Ֆարհադ Դեժփասանդի, ինչպես նաեւ ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ:

Թեհրանում կայացած հանդիպումների օրակարգում ընդգրկված են եղել Իրան-Ադրբեջան առեւտրատնտեսական հարաբերություններին, մասնավորապես՝ Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարությանն առնչվող հարցերը:

Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը համաձայնագիր են ստորագրել երեք երկրների Էներգահամակարգերի միավորման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) համատեղ մշակման մասին, ասված է «Համակարգային օպերատորի» (ՌԴ էներգահամակարգեր) հաղորդագրության մեջ: Հայտնի է, որ օգոստոսի 12-ին Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը համաձայնագիր են կնքել Ադրբեջանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Էներգահամակարգերի միջեւ «Հյուսիս-Հարավ» Էներգետիկական միջանցքի ստեղծման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակման մասին։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ Ռուսաստանի կողմից համաձայնագրի մասնակիցներ են դարձել «Համակարգային օպերատորը» եւ «Ռոսսետի»-ն, իսկ Ադրբեջանի եւ Իրանի կողմից՝ «ԱզերԷներժի»-ն եւ Իրանի Էլեկտրագեներացիայի, մատակարարման եւ դիստրիբուցիայի Tavanir կառավարող ընկերությունը, հայտնում էին ռուսաստանյան գործակալությունները:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031