Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» առաջին հանդիպման նախախաղային ասուլիսում հայկական թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասաց, որ ուսումնասիրել են վաղվա մրցակցի խաղը. «Նրանք սիրում են կարճ ու միջին փոխանցումներով խաղալ, վերահսկել գնդակը: Շատ բան բացել չեմ կարող, բայց պիտի փորձենք խաղալ այն ֆուտբոլը, որը պլանավորել ենք: Ամենակարեւորը, որ թե մենք՝ մարզիչներս, թե ֆուտբոլիստները պետք է սառը գլխով խաղանք, կարողանանք ճիշտ արձագանքել դաշտում ծավալվող իրադարձություններին, ավելորդ չլարվենք: Թիմում, փառք Աստծո, վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չունենք: Միակ «կորուստը» ավագն է, որը որակազրկված է: Մրցակիցը, թեեւ ներկայացնում է Լյուքսեմբուրգը, բայց բավականին լուրջ թիմ է: Այնպես որ նրան թերագնահատել չի կարելի»:
Վարդան Մինասյանը նաեւ տեղեկացրեց, որ «Դյուդելանժի» արգելքը հաղթահարելու դեպքում ակումբի սեփականատերն անպայման կխրախուսի ֆուտբոլիստներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ