Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրդովեցնող է, որ Տիգրան Ավինյանն ակտիվ լծված է Լիդիանի օգտին տարբեր գրառումներ անելուն». Աննա Շահնազարյան

Օգոստոս 21,2019 21:33

«Սա բաց հարթակ է: Այն ամենը, ինչ այստեղ հայտարարվում է, չպետք է վերագրվի Հայկական բնապահպանական ճակատին»,- Սարյան պուրակում «Ամուլսարի շահագործման թեմայով» հանրային քննարկման մեկնարկին հայտարարեց բնապահպան Աննա Շահնազարյանը:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության անդամների և այն ընկերության հետ հանդիպմանը, որն ունի ցանկություն Ամուլսարում գործունեություն ծավալել և վարչապետի գրառմանը, ասաց. «Մենք հարցեր ունենք, որոնց պետք է պատասխանի ՀՀ քննչական կոմիտեն: Այսօր վարչապետը տեղեկացրեց, որ քննարկումների արդյունքում որոշել են ամբողջ փաստաթղթերը, որ Քննչական կոմիտեն ունի, միջազգային կազմակերպության կողմից տրված, փոխանցեն բնապահպանության նախարարությանը, որ պարզեն՝ արդյոք կա՞ն հիմքեր դրական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչել: Այս պահին տեղյակ չենք, թե հանձնաժողովին ինչքան ժամանակ է տրված դրա համար»:

Լևոն Գալստյանը կոչ արեց այն բոլոր հայ գիտնականներին, որ ունեն գիտելիք, ցանկություն ու կամք ուսումնասիրելու այդ նոր փաստաթղթերը, համեմատեն Լիդիանի՝ 2016-ին ներկայացրած փաստաթղթի հետ, և անճշտություններ հանդիպելու դեպքում ներկայացնեն բնապահպանության նախարարություն և կառավարություն: Նա նաև նշեց, թե նոր են տեղեկացել, որ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային քիմիայի ինստիտուտը, երբ ժամանակին Քննչականը դիմել էր եզրակացության համար, դոկտորական կազմով այն ժամանակ բացասական եզրակացություն է տվել: Մեկ այլ հարց ևս բարձրացրեց Լևոն Գալստյանը, որի մասին սպասում են Քննչական կոմիտեից պարզաբանում. «Քննչական կոմիտեն պետք է պարզաբանի՝ ո՞նց քրեական գործի շրջանակներում 2016-ին դրական եզրակացություն տված անձնավորությունները գիտեին, որ 2018-2019-ին պետք է նման փաստաթուղթ տային, որ հղում էին տալիս ապագայից: Այս կազուսն էլ պետք է հասկանալ: Այս ամենի հանրագումարն այն է, որ Թրանսփարենսի ինթերնեյշնըլ կազմակերպությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որ իրենք դիմել են Քննչական կոմիտեին, որտեղ այդ նույն փաստարկներն է նշել, որ քննչական կոմիտեն ոչ մի հիմք չուներ հայտարարելու, որ ինքը կարճում է քրեական գործի վարույթը»:

Աննա Շահնազարյանն անդրադարձավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրառումներին. «Վրդովեցնող է, որ Տիգրան Ավինյանն ակտիվ լծված է Լիդիանի օգտին տարբեր գրառումներ անելուն: Այսօր կարծես թվային բաներ է գրել տնտեսության հետ կապված, բայց հանքարդյունաբերության խնդիրները բարձրաձայնելիս միշտ նշել ենք, որ թվեր ներկայացնելիս ներկայացնում են հանքարդյունաբերողների խոստացած և ոչ թե իրական թվեր»:

Նա նաև խոսեց ջրերի մաքրման մասին՝ նշելով, որ դրանք ենթակառուցվածքներ են պահանջում: Նա նշեց, որ շատ մեծ տարբերություն կա ջրերի պասիվ մաքրման եղանակի և ակտիվ մաքրման եղանակի մասին:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Անի Խաչատրյանը բարձրացրեց Գնդեվազ համայնքի հողերի հարցը և Գնդեվազի համայնքի նախկին ղեկավարի դեմ հարուցված քրեական գործին առնչվող հարցին. «2014-ի հուլիսին նա մոտ 810 դոլարով վաճառել է 10 հեկտար հող իր որդուն, նույն տասը հեկտարը 310 հազար դոլարով որդին վաճառել է Լիդիան Արմենիային: Բայց քրեական գործի շրջանակում միայն գումարային հարցեր են քննարկվում: Գյուղապետը մի որոշ գումար փոխհատուցել է պետությանը, բայց հարցն այդքանով չի փակվում: Ո՞վ է փոխհատուցելու համայնքի կրած վնասները, դրա համար ինչի՞ պատասխան չեն տալիս: Հիմա ինչո՞ւ չեն վերադարձվում այդ հողերը համայնքին: Բայց Լիդիանին հարյուրից ավելի հեկտար է վաճառվել, եթե ուսումնասիրենք, շատ գործեր կբացահայտվեն և կտեսնենք, թե ինչ ընկերության հետ գործ ունեն: Բայց ցավոք, այդ արխիվները հանրության համար գոյություն չունեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031