Լրահոս
Օրվա լրահոսը

«Անուշն ասաց՝ Սրբուհին մեր բարեկամն է, դրա համար գնացել էի, ես էլ ասացի՝ Սրբուհին մեր ընկերն էլ է, լավ ես արել, գնացել ես». Հովիկ Ալեքսանյանը՝ իր կողմից քաղաքական հետապնդման մասին

Օգոստոս 21,2019 20:40

«Որոշ դպրոցի տնօրենների մոտ օրվա իշխանություններին հաճոյանալու ինքնապաշտպանական ռեակցիա է գործում: Այսօր իրենք են, վաղը՝ մյուսները, այնքանով, որ  չակերտավոր սև բիծ տնօրենի վրա չգա, որ հանկարծ իրեն աշխատանքից չհանեն: Այստեղ խոսքը միայն Ալեքսանյանի մասին չէ: Գիտեմ, թե ինչ է մարզում կատարվել տարիներ շարունակ, և ուղղակի հին իներցիան պետք է հիմա չշարունակվի, վերջապես պետք է միասին հին իներցիային վերջակետ դնենք»,- Aravot.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի թիվ 5 դպրոցի տնօրեն Հովիկ Ալեքսանյանի և գրադարանավարուհի Անուշ Խաչատրյանի միջև կատարվածն այսպես ներկայացրեց ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ իր՝ դպրոցում գոյություն ունեցող քաղաքական հետապնդման դեպքի մասին բարձրաձայնելուց հետո դպրոցի ուսուցիչներն անընդհատ գրում են իրեն, թե ինչու է շահարկվում իրենց դպրոցի անունը: Իսկ ինքը փորձում է բացատրել, որ դա երևույթն է, ոչ թե անձ կամ կոնկրետ դպրոց:

Սրբուհի Գրիգորյանն ասաց, որ այս հետապնդումը սկսել է Անուշ Խաչատրյանի՝ Լուսավոր Հայաստանի հետ հանդիպումից հետո: Պատգամավորն ասաց, որ տնօրենը պատճառաբանում է, թե Անուշ Խաչատրյանը կենսաթոշակառու է, իսկ Սրբուհի Գրիգորյանը օրինակ է բերում, թե այդ դպրոցում ևս երկու կենսաթոշակառու կա: Նա պատմեց. «Երբ տիկին Անուշին կանչել ու ասել է, որ պատգամավորի մոր համար զանգել են, որ նրան աշխատանքի տեղավորեն, Անուշ Խաչատրյանը հակադարձել է՝ ես էլ կդիմեմ մյուս պատգամավորին: Տնօրենն ասել է՝ հանկարծ չդիմեք: Ու երբ ինձ այդ մասին ասացին, ես զանգեցի տնօրենին, մեկ ամբողջ օր նա չպատասխանեց իմ հեռախոսազանգերին: Միայն ֆեյսբուքյան գրառումից հետո ինձ զանգեց»:

Սրբուհի Գրիգորյանն ասաց՝ հազիվ Սյունիքում սկսել են մարդիկ շունչ քաշել, իսկ ի՞նչ է նշանակում ուսուցչի վրա մատ թափ տալ ու ասել, թե ինչու ես մասնակցել Լուսավոր Հայաստանի հետ հանդիպմանը. «Որևէ մեկին զանգելով, պաշտոնական դիրքի չարաշահումով՝ աշխատանքի չպետք է տեղավորեն: Պաշտոնական դիրքի չարաշահումով այլևս Հայաստանում որևէ հարց չպետք է լուծվի և նաև Սյունիքում, որտեղ անընդհատ փորձել են մարդկանց շրջանակների մեջ պահել»:

Զրուցեցինք նաև Անուշ Խաչատրյանի որդու պայմանագրային զինծառայող Մարտինի հետ: Հետաքրքրվեցինք՝ ե՞րբ որոշեց դպրոցի տնօրենն ազատել աշխատանքից իր մայրիկին, նա պատմեց. «ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ Սիսիանում հանդիպումներ էին լինում Լուսավոր Հայաստան կուսակցության հետ, ընտանիքով մասնակցել ենք այդ հանդիպմանը: Հաջորդ օրը մայրս գնացել է դպրոց, դպրոցի տնօրենը վրդովված ասել է՝ ինչո՞ւ ես գնացել այդ հանդիպմանը,  մայրս ասել է՝ Սրբուհին մեր աղջիկն է, դրա համար գնացել էի, հարցրել է՝ դպրոցից էլ ո՞վ կար, ասել է միայն ես էի: Ու այդ օրվանից տնօրենը սկսել է տրամադրվել մորս դեմ: Անընդհատ ասել է՝ գրադարանը թող և այլն ու այդպես կամաց-կամաց հասել ենք այս օրվան: Թե չէ դպրոցում 64 տարեկան էլի աշխատողներ կան, բայց իրենց չի ազատում, դասաժամերը չի վերցնում, միայն մորս է այդպես անում»:

Հետաքրքրվեցինք, եթե Ձեր մայրը չաշխատի ներկայիս ծանրաբեռնվածությամբ, ընտանիքին ֆինանսական առումով դա վնա՞ս կլինի, նա պատասխանեց. «Մենք վարձով ենք ապրում, մայրս էլ առաջին կարգի հաշմանդամություն ունի, ես էլ զինվորական եմ: Իհարկե, ֆինանսական ճեղքվածք կլինի»:

Սիսիանի թիվ 5 դպրոցի տնօրեն Հովիկ Ալեքսանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ չի պատկերացնում, թե ինքը մարդ հալածի, կամ երբևէ նման բան արած լինի. «Ես ընդամենը Անուշ Խաչատրյանին ասել եմ՝ ընկեր Խաչատրյան, հեռուստացույցով երեկ Ձեզ էլ տեսանք, քանի որ Լրաբերով այդ հանդիպումը ցույց տվեցին: Ասաց, թե գիտեք, ընկեր Ալեքսանյան, Սրբուհին մեր բարեկամն է, դրա համար գնացել էի: Ես էլ ասացի, Անուշ ջան, Սրբուհին մեր ընկերն էլ է, լավ ես արել, գնացել ես: Ու դրանով ավարտվել է ամեն ինչ: Նույնիսկ իմ տեղակալը, որ Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ Սրբուհուն ձայն է տվել, ասել է ընկեր Ալեքսանյան, ընկերական խոսել ենք, իրար տներ հաճախ գնում ենք, ձայնս տալու եմ Սրբուհուն: Ասել եմ տուր, մեր սիսիանցին է: Այդքան անկեղծ ենք եղել: Ուզում եմ ասել, քաղաքական հալածանք ուղղակի բացառվում է: Այս հորինածին միտքը վերցրել, ամբողջ հանրապետությունով պտտում են»:

Հարցին ՝ ինչո՞ւ եք որոշել Անուշ Խաչատրյանին աշխատանքից ազատել, այն դեպքում, երբ դպրոցում ևս երկու կենսաթոշակառուներ կան, դպրոցի տնօրենը պատասխանեց. «Անուշ Խաչատրյանի 63 տարեկանը լրացել է մեկուկես տարի առաջ: Ես իր հետ պայմանագիր եմ կնքել, այն երկարաձգել մինչև սեպտեմբերի 1-ը: Հնարավորություն եմ տվել մինչև 64,5 տարեկան աշխատել, շնորհակալության նման մի բան: Ես իրեն ազատել եմ ընդամենը գրադարանավարի պաշտոնից, նրա դասաժամերը մնում են: Օրական առնվազն տասը մարդ է դիմում դպրոց ընդունվելու համար և բոլորը մատնացույց են անում թոշակառու ուսուցիչներին: Մյուս թոշակառու ուսուցիչները մաթեմատիկներ են: Օգոստոսի 15-ին մրցույթ ենք հայտարարել, քանի որ դպրոց դիմել են երկու մաթեմատիկներ, որոնք ցանկանում են աշխատել, մինչև այդ էլ մրցույթ եմ հայտարարել, բայց մաթեմատիկայի ուսուցիչ ուղղակի չկար: Այդ դեպքում ո՞նց այդ ուսուցիչներին ազատեի աշխատանքից, երեխաների հետ ոչ ոք չպարապե՞ր»:

Տնօրենն ասաց, թե պատգամավոր Կարեն Համբարձումյանի մոր՝ աշխատանքի տեղավորելու մասին խոսակցություն էլ չի եղել ու նշեց, որ Անուշ Խաչատրյանին ասել է՝ գրադարանը կթողես, կդառնաս կես դրույք, այդպես կաշխատես. «Բայց Անուշ Խաչատրյանը վերցրեց ԱԺ պատգամավորով, ամբողջ հանրապետությունով հայտարարեց, թե ես հալածում եմ: Ընդամենն Անուշին ասել եմ՝մեր գրադարանավարը լինելու է Գևորգյան Հեղինեն, որը մեր դպրոցում է աշխատում, բանասիրական կրթություն ունի, երեք երեխա ունի, ամուսինը դիրքապահ է: Ասել եմ՝ խնդրում եմ, այս աղջկան սովորեցրեք գրադարանավարի գործը, ինքն էլ կօգնի Ձեզ»:

Մեր այն հիշեցմանը, թե իրենց դպրոցի անունը նաև շրջանառվեց այն ժամանակ, երբ դեռևս նախորդ իշխանությունների օրոք գաղտնալսվել էին դպրոցի տնօրենները, որոնք մասնակցել էին ընտրություններին ձայներ հավաքելով ՀՀԿ-ի օգտին, ուստի հիմա էլ ուզում է հաճոյանալ ներկայիս իշխանություններին, Հովիկ Ալեքսանյանն արձագանքեց. «Այդ ժամանակ իմ կինն է եղել դպրոցի տնօրեն, բայց այնտեղ բացեք, տեսեք. բացարձակ ոչինչ չկա: Ես որևէ մեկին հաճոյանալու խնդիր չեմ ունեցել, քանի որ մեր քաղաքում հինգ անգամ Սիսիանի ավագանի եմ ընտրվել, եթե այդպիսի մարդ լինեի, այս ժողովուրդը ինձ չէր ընտրի և ամենաբարձր քվեներով: Հինգ տարի մարզի կրթության վարչության պետ եմ աշխատել: Հարցրեք ուսուցիչներին իմ մասին կարծիք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031