Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նազելի Վարդանյան. «Մինչ այս քննադատում էի Փաշինյանին, բայց խորհրդակցության տեքստի հրապարակումից հետո այլ պատկեր է, նրան շեղում են»

Օգոստոս 21,2019 18:01

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը նորից հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ 2016 թվականի եզրակացությունը: Իրավաբանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ վկայակոչում է այն փաստերը, որոնք կոռուպցիոն կարող են համարվել, եւ դրանք պետք է քննեն իրավապահ մարմինները՝ շղթան ու մեխանիզմները բացահայտելու համար, մինչդեռ դա անտեսվել է:

Արդյոք վարչապետը դրան ծանոթ չէ՞, չի՞ կարդացել, մեր այս հարցին ի պատասխան՝ Նազելի Վարդանյանն ասաց. «Ես համոզված չեմ, որ անցած տարի սեպտեմբերին, երբ ներկայացրել ենք դա, վարչապետը կարդացել է կամ իրեն հասել է փաստաթուղթը: Բայց ամսի 19-ին հանդիպմանը ես ներկայացրեցի որոշ բաներ, հետո ասացի, որ իրեն առձեռն ներկայացրել եմ եզրակացությունը, բայց իր թիկնապահները չթողեցին, որ ես մոտենամ: Տվեցի օգնականին, որպեսզի փոխանցի վարչապետին: Կարծում եմ՝ այս անգամ գոնե հասած կլինի»:

Ապա Վարդանյանը հիշեցրեց՝ անցյալ տարի ամռանը վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ պատասխանատու հանքարդյունաբերության նպատակով, պետք է ստուգվեին բոլոր հանքերը եւ պայմանն այն էր, որ բոլոր ոլորտների մասնագետները ներգրավված լինեին խմբում, ունենային գիտական աստիճան. «Մենք կարծում էինք, որ կլինեն լրիվ անկախ գիտնականներ, որոնք ունեն գիտական աստիճան, բայց չէին աշխատի պետական մարմիններում եւ որեւէ կերպ փոխկապակցված չէին լինի ո՛չ հների, եւ ո՛չ էլ նորերի հետ: Բայց վերջում ստացվեց այնպես, ու դա կարծում ենք՝ Ավինյանի բլոկի ստեղծած ցուցակն էր, եւ այդ խմբի մեջ հիմնականում հայտնվեցին այն մարդիկ, որոնք աշխատում են կամ նախարարություններում կամ պետական ինստիտուտներում: Այսինքն, նրանք անկախ չէին, ու եկել, արել են այն, ինչ-որ իրենց թելադրել են նախկին շեֆերը կամ ինչ-որ ձեւ կապեր են ունեցել: Այդ խմբում միայն ես եւ վայրի բնության հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանն էինք անկախ: 12 օր էր տրված, այդ ընթացքում 10 հազար էջ փաստաթուղթ եմ կարդացել եւ ներկայացրել 33 էջանոց եզրակացություն: Մենք սա օգոստոսի վերջին ներկայացրել էինք տեսչության պետին, նա էլ սեպտեմբերի սկզբին ուղարկել էր կառավարություն: Դեկտեմբերին մի քանի բնապահպաններ հանդիպել էին Նիկոլ Փաշինյանին՝ կրկին Ամուլսարի հարցով: Փաշինյանից հետաքրքրվել էին՝ այս մարդիկ այդքան աշխատել են, ինչո՞ւ ոչ մի քննարկում, ոչ մի եզրահանգում, ոչ մի գնահատական չի տրվել այդ աշխատանքին: Փաշինյանը զարմացած հարցրել էր՝ ի՞նչ եզրակացություն: Այսինքն, սեպտեմբերից մինչեւ դեկտեմբերի վերջ դա իր ձեռքի տակ չի եղել: Ու չգիտենք էլ դրանից հետո վարչապետը ստացե՞լ է, թե՞ ոչ: Համենայնդեպս մեզ ոչ կանչել են, ոչ նամակ ենք ստացել, որով կասեին, ասենք՝ այսինչ բանը սխալ եք ասում, կամ ճիշտ: Դրանից հետո մենք պետք է գնայինք Քաջարան, հետո Թեղուտ, եւ բոլոր հանքերը: Բայց վերջ, այդպես էլ անավարտ մնաց գործընթացը»:

Մինչ այդ, կրկին հիշեցրեց Վարդանյանը, կային 4 միջազգային փորձագետների եզրակացություններ, ընդ որում, ամերիկացի գիտնականին անգամ Էլարդն է հղում արել. «Եվ ինչո՞ւ նրա տվյալները չեն վերցնում ու գումար են ծախսում նոր ինչ-որ փորձաքննության համար: Այս 4 մասնագետները եզրակացություն են տվել՝ թթվային դրենաժը գրեթե ներկայացված չէ, Լիդիանը թաքցրել է ռիսկերը: Թթվային դրենաժի հետ կապված լուրջ խնդիր կա՝ 200 տարի չենք կարողանալու հետեւանքները վերացնել, սարսափելի աղտոտում է լինելու, ջրային ռեսուրսները կորցնելու ենք եւ միլիարդներ ծախսելով էլ չենք կարողանալու նորմալ վիճակի բերել: Հետո 2 մասնագետները եկել էին Հայաստան, հանդիպել Լիդիանի եւ կառավարության ներկայացուցիչների հետ, բայց, ըստ էության, այս մասնագետներին վիրավորեցին, ասելով՝ դուք բան չեք հասկանում: Ինչո՞ւ որոշվեց նոր փորձաքննություն անել, որը ո՛չ միջազգային է, ո՛չ անկախ է, Լիդիանը ճնշումներ է գործադրել փորձաքննության ընթացքում, չեմ հասկանում: Չէ որ արդեն կար եզրակացություն»:

Մեր դիտարկմանը՝ եթե կան փաստեր եւ հիմնավորումներ, ինչպե՞ս է ստացվում, որ կառավարությունն էլ կարծես թե ուսումնասիրում է, բայց այլ որոշում կայացնում, բնապահպան-իրավաբանը պատասխանեց. «Փաշինյանն իր ուղիղ եթերում թույլ ու չհիմնավորված փաստարկներ էր ներկայացնում, ինձ մոտ վրդովմունք առաջացավ՝ չի կարելի նման կարեւոր որոշումը նման հիմնավորումներով անել: Մինչ այս ես քննադատում էի, բայց երեկ, երբ հրապարակվեց կառավարությունում խորհրդակցության սղագրությունը, եւ սա պատահական չէ, ես այն ուսումնասիրեցի, պարոն վարչապետի հարցերն այնքան գրագետ էին ու այնքան մանրամասն, որ ինձ մոտ զարմանք էր առաջացել՝ որտեղի՞ց այս մարդու մոտ այդքան խորը ուսումնասիրություն եւ այսքան հստակ հարցադրումներ: Սա արդեն պատկերը փոխում է: Բայց երբ ես կարդում էի պատասխանները՝ դրանք ապատեղեկատվություն էին: Վարչապետը հարց է տալիս՝ կարդում եմ Էլարդի եզրակացությունը եւ 300 էջ դեմ է, մեկ էջ՝ կողմ: Այսինքն՝ 300 էջ ասում է վնաս է, մեկ էջով ասում են՝ վնաս չկա, ռիսկերը կառավարելի են, հիմա ինչպե՞ս հասկանանք, ինչպե՞ս մատուցենք հասարակությանը ու սկսում են հիմար պատասխաններ ու համոզել, որ նման բան չկա: Սա խոսում է այն մասին, որ մի ամբողջ համակարգ չի աշխատում: Հին համակարգը չկոտրվեց, միայն նոր վարչապետ ունենք, ինքն էլ չի կարող միայնակ բոլոր ոլորտներում ամեն ինչ հասցնել: Այդ խորհրդակցության ժամանակ նա այնպիսի հարցադրումներ է կատարել, որ որեւէ քննիչ այդպիսի բան չի արել, նա հարց է տալիս՝ իրեն շեղում են, ինքը հո չի կարող բոլոր մանրուքներն իմանա, նա հարցնում է՝ պե՞տք է՝ նոր փորձաքննություն, նրանք ասում են՝ ոչ: Է՞լ ինչ անի, բոլորի տեղն աշխատի՞»:

Տիկին Վարդանյանը գտնում է, որ պատահական չէ, որ այսօր էլ քննչական կոմիտեն հրապարակել է Էլարդի թերությունները. «Այնպիսի տպավորություն է, որ վարչապետն իրեն ապահովագրում է այդ խորհրդակցության սղագրության հրապարակմամբ, քննչական կոմիտեն էլ կարծես շրջակա միջավայրի 2-րդ նախարարությունը լինի, պետք է պատասխանեին՝ դիտավորյալ թաքցրե՞լ են տվյալներ, թե՞ ոչ, ինչո՞ւ են մտել փորձաքննության մեջ»:

Վարդանյանի համար առնվազն տարօրինակ է, որ այսքանից հետո Փաշինյանն իր մոտ առանձին չի հրավիրում քննարկման նաեւ բնապահպաններին ու այն փորձագետներին, որոնք պայքարում են Ամուլսարի հանքի շահագործման դեմ:

Նշենք, Փաշինյանն այսօր հայտնել է. « Խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը: Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա»: Իսկ հետո մանրամասնել էր. «Այսօրվա որոշման մասին, որպեսզի տարընթերցումներ չլինեն:

Այսօրվա քննարկման ամենավերջում (ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, ներկա էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը եւ բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչները) ասացի, որ վերջին անգամ եմ հարցը դնում. «Էլարդի» եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի նոր ՇՄԱԳ:

Ինչո՞ւ եմ այս հարցը տվել, որովհետեւ օգոստոսի 19-ի ուղիղ եթերում ասել էի, որ այս հարցով իմ համոզվածությունը 99.9 տոկոս է, ոչ 100 տոկոս՝ նույն օրն առավոտյան տեղի ունեցած խորհրդակցության արդյունքներով:

Բոլոր ներկաները, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը, ինչպես օգոստոսի 19-ի խորհրդակցության ժամանակ՝ տվեցին բացասական պատասխան:

Արդեն պատրաստվում էի փակել խորհրդակցությունը, երբ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը ասաց, որ այնուամենայնիվ կարծում է, որ հարցին արժե պատասխանել ավելի խորը ուսումնասիրությունից հետո:

Դրանից հետո աշխատակազմին հանձնարարեցի «Էլարդի» եզրակացությունն ուղարկել շրջակա միջավայրի նախարարություն՝ համապատասխան հանձնարարականով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031