Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն բարիք:
Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որում ասվում է.
«Հոգևոր առաջնորդները մեծ պատասխանատվություն և առաքելություն ունեն Աստծո և ժողովրդի առջև, հատկապես այն ժամանակներում, երբ մարդկության առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած: Բազում տարիներ Դուք անմնացորդ ծառայություն եք մատուցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և մեր ժողովրդին, այդ թվում՝ 20 տարի որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս: Թող Աստված Ձեզ ուժ տա և աջակից լինի Ձեր առաքելությանը հանուն մեր ժողովրդի բարօրության՝ ի Հայրենիք և ի Սփյուռս, հանուն մեր երկրի հզորության և հանուն խաղաղության համայն աշխարհում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար կյանք և ամենայն բարիք»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ