«Նախագահ Քոչարյանը մեկ տարի է` գտնվում է քաղաքական հետապնդման մեջ: Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է և վերջ: Ազատություն նախագահ Քոչարյանին»,- Ֆրանսիայի դեսպանատան առաջ տեղի ունեցող իրազեկման ցույցին հայտարարեցին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները:
Նրանք նամակ են հանձնել ՀՀ-ում ԵՄ դեսպանին, Գերմանիայի դեսպանին:
Ֆրանսիայի դեսպանատնից նրանց հորդորեցին կամ սպասել տասը րոպե, որպեսզի իրենց նամակը վերցնեն, կամ էլ հորդորեցին նամակը գցել արկղի մեջ: Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակը գցեցին արկղի մեջ:
Այնուհետև լրագրողների հետ զրույցում դժգոհեցին. «Առաջին անգամ մեր երկրի պատմության մեջ անվտանգության աշխատակիցն է պատասխանում, որի ֆունկցիան չէ: Նա կարող է անվտանգության հետ կապված հարցերին պատասխանել. այսօրինակ հարցերին պատասխանելը հանրային կապերի բաժնի պատասխանատուի պարտականությունն է: Ցավում ենք, որ առաջատար պետության դեսպանատանն անվտանգության աշխատակիցն իրեն իրավունք վերապահեց մեր այս հարցին պատասխանել»:
Կարդացեք նաև
Այնուհետև ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի Իտալիայի դեսպանատուն՝ նամակ հանձնելու Իտալիայի դեսպանին: Նրանք հայտարարեցին. «Նամակում 29 կետեր են, որոնք առնչվում են ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս պարոն Քոչարյանին վերաբերվող այն դատական գործընթացին, որը մեկ տարի ընթանում է: Մեկ տարուց հետո այսօր դատական ամբողջ գործընթացը մտել է փակուղի: Քանի որ ՀՀ-ն 2017-ի նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ կնքել է պայմանագիր և ստանձնել է պարտավորություններ կատարել բարեփոխումներ, այժմ Ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել այդ բարեփոխումների ութերորդ ոլորտին, որը վերաբերում է մարդու իրավունքների վերաբերյալ բարեփոխումների իրականացման գործընթացին, ստանձնած պարտավորություններին: Խնդրում ենք Ձեր վերաբերմունքը հայտնել այդ պարտավորությունների նկատմամբ ՀՀ այսօրվա իշխանությունների կողմից ոտնահարմանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ