Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրին պիտի՛ դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաք»․ այսօրվանից սկսվեց գործընթացը

Օգոստոս 21,2019 17:18

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները երեկվանից շրջայց են սկսել Գյումրիում, նրանք ուսումնասիրում են պատմական այս քաղաքի կառույցները, ճարտարապետությունը, հետաքրքրվում են շենքերի սեյսմակայունությամբ։ Եղել են Ձիթողցոնց տուն-թանգարանում, ծանոթացել քաղաքի պատմությանն ու գյումրեցիների կենցաղին։ Նրանք Գյումրիում կմնան ևս երկու օր։

«Իմ կարծիքով, Գյումրին հրաշալի քաղաք է՝ հարուստ պատմամշակութային ժառանգությամբ։ Մենք տպավորված ենք կոմբինացիայով՝ 19-րդ դարի կառույցները իրենց մեջ կրում են նաև ավելի վաղ շրջանի տարրեր։ Մեզ դուր եկավ այցը Ձիթողցոնց թանգարան, որտեղ մեզ ներկայացրեցին Գյումրիի պատմությունը, մարդկանց սովորույթները, ավանդույթները, կենցաղը»,-լրագրողների հետ զրույցում իր մեկօրյա տպավորությունները կիսեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին։

Սեյսմիկ անվտանգության ինժեներ Անդրեա Ջիաննանտոնին էլ ասաց․«Գյումրու պատմական հատվածն առաջին տպավորությամբ կառուցվածքային առումով լավ վիճակում է, բայց կան նաև թույլ կողմեր։ Խնդիրը հիմնականում կառուցվածքային տարրերի կապի մեջ է։ Իմ տպավորությամբ՝առաջին հայացքից, հեշտ կլինի այն կարգավորել»։

Պատվիրակության անդամները մեկօրյա շրջայցից հետո այսօր վաղ առավոտյան եկել էին հանդիպման Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ։ Գյումրու քաղաքապետն ոգևորված էր նրանց այցով, ասաց, որ սպասում էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությանը։ Նաև պատմեց՝ դեռ 2012 թվականին, երբ նոր էր ընտրվել քաղաքապետ, դիմում է ներկայացրել՝ Գյումրին որպես պատմական քաղաք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու, մինչդեռ, 7 տարի անց նոր առաջին քայլն է կատարվում։

Քաղաքապետը, սակայն, փոքր-ինչ անակնկալի եկավ, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին ասաց, որ իր հիմնական աշխատանքը սեյսմիկ անվտանգության և արտակարգ իրավիճակների դեպքերում կանխարգելման միջոցառումների հետ է կապված և եկել է այս հարցում օգնելու։

«Մի քանի ամիս առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպանն ինձ մոտեցավ և խնդրեց օգնել ու ուսումնասիրել Հայաստանի պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը երկրաշարժերից։ Մեր պատասխանը ձեր դեսպանին այն է, որ մենք գանք ձեր մոտ, ուսումնասիրենք՝ ինչ խնդիրներ կան և ինչ հնարավորություններ ռիսկերի նվազեցման միջոցառումներն իրականացնելու համար»,-ասաց Ջիովաննի Բոկկարդին։

Սամվել Բալասանյանը, սա լսելով, հարցրեց․ «Հիմա դուք այստեղ են ռիսկերը իջեցնելո՞ւ, այս տրամաբանությամբ, թե՞ որպես պատմական քաղաք ուսումնասիրելու»։

Քաղաքապետին պարզաբանեցին, որ կա երկու բաղադրիչ՝ առաջին հերթին սեյսմիկ անվտանգության ապահովումն է, երկրորդը՝ պատմամշակութային ժառանգության գնահատումն է։

Գյումրու քաղաքապետը շեշտեց, որ իր համար շատ կարևոր է պատմական շենքերի գնահատումը։ «Մենք սպասել ենք՝ հասկանալով, որ ունենք պատմական քաղաք, պատմական շենքեր, «Կումայրի» արգելոց- թանգարանը։ Գյումրին յուրահատուկ քաղաք է Հայաստանի Հանրապետությունում, կուզենայինք, որ այն որպես պատմական քաղաք՝ անպայման ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ մտներ։ Իհարկե, առաջին բաղադրիչը նույնպես կարևոր է՝ կապված սեյսմիկ ռիսկերի հետ։ Հանրապետության նախագահը նույնպես դրականորեն է արտահայտվել, դեսպանի հետ ունեցել է հանդիպում։ Ֆրանսիայի դեսպանը, տեսնելով մեր քաղաքը, նույնպես շատ մեծ հակում ունի, որպեսզի այն մտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում, դրա համար ձեր այցը շատ ենք կարևորում»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Ջիովաննի Բոկկարդին էլ նշեց, որ տեղեկացված է այդ մասին․ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանը հիշատակել է այն։

«Երբ որ անվանակարգային փաթեթը ներկայացվում է համաշխարհային ժառանգության կոմիտեին, ապա կից ունենում է նաև տեխնիկական փաստաթղթեր, որոնք ներկայացվում են, թե ինչպես պետությունը կամ տվյալ դեպքում իշխանությունները պետք է հոգ տանեն պատմամշակութային ժառանգության ուղղությամբ։ Մեր այցը հենց հիմնականում կապված է դրա հետ, թե ինչպես կարելի է հուշարձանները պահպանել երկրաշարժի ռիսկերից, որը շատ կարևոր բաղադրիչ կլինի անվանակարգային փաթեթի մեջ»,- ասաց Ջիովաննի Բոկկարդին։

Սամվել Բալասանյանն իր հերթին հետաքրքրվեց, թե ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ անվանակարգային փաթեթը պատրաստելու համար․ Գյումրին ունի երկրաշարժից վնասված 1200 պատմական շենքեր։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը հաշվարկեց, որ դա կտևի մինչև 2022 թվականը․ նախնական ցանկում ընդգրկվելը կտևի 2-3 ամիս․ ձևաչափը ներկայացվելու է ՀՀ-ում համաշխարհային ժառանգության կենտրոն, որոշում ընդունելուց հետո անվանակարգային փաթեթն, ամենայն հավանականությամբ, կհասցնեն պատրաստել 2021 թվականին, որից հետո կսկսվի գնահատման գործընթացը։ Իսկ այն 18 ամիս է տևում։

«Թեկուզ 4 տարի հետո, բայց թող Գյումրին դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաք»,-հայտարարեց Սամվել Բալասանյանը։ Նա ևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներից հետաքրքրվեց, թե ինչ տպավորություններ ստացան Գյումրիից։

Նրանք ասացին, որ մի օր է շրջել են Գյումրիում և մեծ տպավորություններ ունեն․ մեծ կենսունակություն կա այս քաղաքում։ Ջիովաննի Բոկկարդին նաև նշեց, որ համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկվելու համար պիտի ունենան համաշխարհային բացառիկ արժեք, և հայկական կողմը պիտի հիմնավորի, թե ինչու է համարում բացառիկ արժեք․ կան 10 չափորոշիչներ։

Սամվել Բալասանյանը պատասխանեց․ «5000 տարվա պատմություն ունեցող տարածաշրջան է, մենք հնագիտական թանգարան ունենք, որտեղ ապացուցում ենք այս ամենը, կհիմնավորենք, իհարկե»։ Քաղաքապետը նաև կատակեց, թե այս քաղաքի մարդիկ էլ են ՅՈՒՆԵՍԿՕ-ին համահունչ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում այս պահին ընդգրկված են 250 քաղաքներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031